«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵՐԵՎՍ, ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

Վարդան Օսկանյան. «Ոչ հոգնել եմ, ոչ էլ ուզում եմ քաղաքականությունից դուրս գալ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2007 թ.-ին միգուցե հանդիպումները լինեն ավելի քիչ, հրապարակայնությունը` եւս, բայց բովանդակության շուրջը բանակցությունները կշարունակվեն: Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ներկայացմամբ, բանակցությունների հաճախականության եւ հրապարակայնության առումով պասսիվացում կլինի, քանի որ ընտրական շրջանում ուշադրությունը կլինի հենց այդ ուղղությամբ: 2006 թ.-ի որակում դարձած հնարավորությունների պատուհանն էլ, ըստ Օսկանյանի, «միշտ էլ այնտեղ է, կարելի է բացել»: Հունվարին տոներ են, բանակցությունները, թերեւս, շարունակվեն փետրվարի սկզբներին: Մինսկում Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո ադրբեջանական մեկնաբանությունը, թե մտածելու ժամանակ է խնդրել հայկական կողմը, ըստ Օսկանյանի, այնքան էլ այդպես չէ: «Իսկապես այնքան բարդ խնդիրներ են սեղանի վրա դրվում, որ զարմանալի կլիներ, եթե նախագահները ասեին` համաձայնեցինք, ձեռք թոթվեին ու գնային: Մտածելու տեղ կա ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական կողմի համար»:

«Ղարաբաղի հարցը որեւէ շահարկման չպետք է ենթարկվի ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանությունների կողմից», խոսելով շահարկումներից նշեց Օսկանյանը: «Իշխանությունների կողմից նման բան անելու նշույլ անգամ չկա, գործընթացն իր տրամաբանությունն ունի»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վիճակն Օսկանյանը «հետաքրքրական» որակեց: «Ընդդիմութան այն հատվածը, որ շատ ավելի ընդառաջող է եղել նախկինում զիջումների մասով, պապից ավելի պապական դիրքորոշումներ է արտահայտում ուղղակի իշխանություններին հակադրվելու համար»:

Հանրաքվեի գնահատականների կապակցությամբ

«Չճանաչելը ինչ-որ տեղ հասկանում ենք, բայց հայտարարությունների այլ մասերը, որտեղ մտահոգություն է հայտնվում կամ ուղղակի ասում են, որ սա բանակցային գործընթացին կարող է խոչընդոտել, դրան բացարձակապես համաձայն չենք: Մենք կարծում ենք, որ ճիշտ հակառակն է: Այդ կազմակերպությունները հենց իրենք պետք է խուսափեին նման որակավորում տալուց, կարող էին ասել, որ մենք վստահ ենք կամ հույս ունենք, որ դա չի ազդելու, դրանով ուղերձ հղելով Ադրբեջանին, որ վերջինս չշահարկի այդ իրավիճակը եւ գործընթացը չդանդաղեցնի կամ կանգնեցնի»: Իհարկե, ըստ արտգործնախարարի, լավ կլիներ, որ ճանաչեին, քանի որ ընդամենը սահմանադրություն է ընդունվել, ԼՂ ժողովուրդը 15 տարի օրենքների մի ծավալ է ստեղծել, որին պետք է կոնտեքստ տրվեր: «Բայց կարծես թե հետադարձ հայտարարություններում փորձում են ուղղել հանրաքվեից անմիջապես հետո արված կտրուկ հայտարարությունները»: Ամեն դեպքում, ԱԳ նախարարի կարծիքով, որոշ ժամանակ անց հանրաքվեն կընդունվի որպես փաստ, իսկ մեծ հաշվով որքան ամուր են Ղարաբաղի իրավական, ինստիտուցիոնալ հիմքերը, այդքան հեշտ կլինի հասնել կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանը:

Միջազգային կառույցների նախորդ եւ ներկա հայտարարությունների համեմատությունը կարող է ցույց տալ, որ սկզբունքային էական տարբերություններ կան, մասնավորապես արդեն շեշտադրում կա, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների ընթացքում: «Ազգի» դիտարկմանը, թե կարելի է արդյոք չճանաչող հայտարարությունների հիմք դիտարկել յուրաքանչյուր սահմանադրության հիմնական դրույթը տվյալ երկիրն ինքնիշխան հայտարարելու մասին, Օսկանյանը արձագանքեց, որ հայտարարություն անողները համարում են, որ Ղարաբաղն այդ դրույթով կանխորոշում է բանակցությունների արդյունքները:

Հարաբերություններ Հայաստանի հետ

Հայ-վրացական հարաբերությունները Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում որակված են ռազմավարական, մինչդեռ Վրաստանն իր նմանօրինակ փաստաթղթում դրանք համարում է սերտ բարեկամական, իսկ ռազմավարական են Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները: Այս կապակցությամբ Վարդան Օսկանյանը պարզաբանեց, որ Վրաստանը Հայաստանի համար իսկապես ռազմավարական նշանակության երկիր է, որովհետեւ այդ տարածքով է անցնում գազատարը, իրականացվում են բեռնափոխադրումներ եւ այլն: Իսկ թե ինչպիսին կհամարվի Վրաստանի համար Հայաստանը, դա հենց Վրաստանի որոշումն է:

Եվրոմիություն-Հայաստան համագործակցության աշխատանքներն, ըստ Օսկանյանի, կառաջանան երկու ուղղությամբ. բազմակողմ առումով հենց Եվրոմիության հետ, հանձնաժողովի հետ, երկրորդ` երկկողմ համագործակցություններ Հայաստանի եւ Եվրոմիության անդամ երկրների միջեւ: Կոնկրետ որ ծրագիրը որ երկրի հետ կիրականացվի, կհստակեցվի հունվար-փետրվար ամիսներին: Տարվա առաջին կեսին կլինի նաեւ ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործողությունների ծրագրի անցած ժամանակահատվածի գնահատման գործընթացը:

Ջուղայի խաչքարերի առումով

Օրերս լրացավ Նախիջանում Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի եւ տապանաքարերի ոչնչացման մեկ տարին, եւ այս շաբաթ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւանում կմասնակցի հոր` Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանի բացմանը: «Ազգի» հարցին, թե այս առնչությամբ ինչ է ծրագրում արտգործնախարարությունը, Օսկանյանը պատասխանեց. «Հուշարձանների խնդիրը, դրա հրապարակայնացումը, դատապարտման հետապնդումը լինելու է մեր արտաքին քաղաքականության օրակարգում»: ԱԳ նախարարը նշեց, որ արդեն իսկ պատրաստ եւ իր անդրանիկ ցուցադրումը Ստրասբուրգում ունեցած Ջուղայի ավերածությունների մասին պատմող ցուցահանդեսը կշրջի աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: «Այս հարցը վերաբերում է նաեւ Ղարաբաղին, մեր ժողովրդի անվտանգությանը եւ փոխադարձ վստահության խնդիրներին: Առանց այս հարցին պատշաճ ուշադրություն տալու, առանց հստակ դատապարտումների լրացուցիչ բարդություններ են լինելու հենց Ղարաբաղի պրոցեսում»:

Օսկանյանը տեղեկացրեց, որ կուլիսային մեծ աշխատանք է տարվում այս ոճրագործության դատապարտման ուղղությամբ, արտգործնախարարն իր հանդիպումներում բարձրացնում է այդ հարցը: «Եվ մենք շարունակելու ենք պնդել, որ առանց զուգահեռներ անցկացնելու Ղարաբաղի եւ հարակից շրջանների հուշարձանների հետ, միջազգային կազմակերպություններն իրենց առաքելություններն ուղարկեն Նախիջեւան»: Այսօր ամենամեծ խոչընդոտը հենց այն է, որ Ադրբեջանը Նախիջեւան այդ առաքելությունները մուտքի թույլտվությունը պայմանավորում է Ղարաբաղ եւ հարակից տարածքներ նմանօրինակ այցելությամբ: «Այստեղ զուգահեռական անցկացնելն անընդունելի է: Մի դեպքում եղել է պատերազմ, եղել են որոշ ավերումներ, բայց դա չի եղել նպատակային, այլ եղել է պատերազմի շրջանում: Մինչդեռ Ջուղայում որեւէ կրակոց չի եղել, Ադրբեջանը ոչնչացման հետեւողական քաղաքականություն է վարում»:

Օսկանյանի հետագա անելիքները

«Ոչ հոգնել եմ, ոչ էլ ուզում եմ քաղաքականությունից դուրս գալ: Կարծում եմ, որ ես անելիքներ ունեմ Հայաստանում: Կփորձեմ մնալ քաղաքականության մեջ, որովհետեւ երբեմն ցանկությունը եւ իրականությունը չեն համապատասխանում: Քաղաքականության մեջ մնալն ու իմ ցանկությունը ինչպիսի դրսեւորումներ կունենան, ցույց կտա ժամանակը»: Ընդ որում, ներկա դրությամբ որեւէ կուսակցություն Օսկանյանին առաջարկ չի արել միանալու, ինքն էլ որեւէ մեկին խնդրանք չի ներկայացրել:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4