«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈՙ ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում անհեռանկար է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հետագա բանակցությունները: Նրա խոսքով, թեպետ կարգավորման վերջնական լուծման առումով միջնորդները պատրաստ են ընդունելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության համապարփակ համաձայնությունները, այնուհանդերձ, տվյալ փուլում դա իրատեսական չէ, քանզի երկու կողմերը պատրաստ չեն դրան, ինչի վկայությունը ձգձգվող բանակցություններն են: Խանգարող գլխավոր հանգամանքը, քաղաքագետի համոզմամբ, պարտվողականության գործոնն է, որի նկատմամբ հակամարտող կողմերը խիստ զգայուն են: Այս հոգեբանությամբ դժվար է փոխընդունելի լուծում գտնել, ուստի անհրաժեշտ է, որպեսզի մինչեւ ԼՂ կարգավիճակի ճշտման հանրաքվեն, ինչն առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները, Ղարաբաղը վերցվի Եվրոմիության հովանու ներքո: Այսինքնՙ Լեռնային Ղարաբաղն ունենա Եվրոմիության հատուկ տարածքի կարգավիճակ, որտեղ կգործեն ԵՄ օրենքները: Դա հուսալի է թե՛ տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ թե՛ ԼՂ տնտեսական զարգացման առումներով: Ընդ որում, Հ. Մելքումյանի համոզմամբ, ԵՄ անդամ պետությունները կուզենային նման նախադեպ ունենալ հակամարտությունների լուծման գործում, եւ այս հնարավորությունը չպիտի ձեռքից բաց թողնել:

Ի դեպ, 1988-ին կոմունիստների կողմից շրջանառվում էր մի առաջարկությունՙ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես Ռուսաստանի Դաշնությանը միացնելու վերաբերյալ, եւ այս հիմամբ «Ազգի» այն հարցին, թե հիմա էլ չի՞ ձախողվի նմանատիպ նախաձեռնությունը, Հ. Մելքումյանը պատասխանեց, որ այն ժամանակ չի կազմվել որեւէ փաստաթուղթ, այլ ընդամենը եղել է բանավոր առաջարկ: Բացի այդ, տարբեր հետեւանքներ կարող են ունենալ մեկ տերության ենթակայության տակ գտնվելը, թեկուզ այն լինի գերտերություն, եւ Եվրոմիությանը վստահելը, որովհետեւ ԵՄ-ն ժողովրդավարական հիմունքներով ստեղծված պետությունների միավորում է, որը գործում է կոնսենսուսով եւ ունի մեծ հեղինակություն վայելող խորհրդարան, ինչպիսին տվյալ դեպքում Եվրոխորհրդարանն է:

Փախստականների վերադարձման կապակցությամբ Հ. Մելքումյանը գտնում է, որ դա պետք է իրականացվի համամասնորենՙ քանի բռնագաղթած հայ կվերադառնա Ադրբեջան, նույն չափով ադրբեջանցի փախստականների էլ կընդունի Ղարաբաղը:

Նշենք, որ «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցը տեղի է ունեցել նախքան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիիՙ դեկտեմբերի 18-ին Երեւանում արած հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, եւ այդ համապատկերին ուշագրավ է դառնում ԼՂՀ-ն Եվրոմիության շահագրգռության կիզակետին մոտեցնելուՙ ղարաբաղցի քաղաքագետի հնչեցրած տեսակետը: Այլ հարց է, թե դա ինչքանով է իրատեսական ընթացող բանակցությունների ամբողջական տրամաբանությամբ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4