«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ՔԼԻՆԹՈՆԻՆ ԻՐԱԶԵԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱԹԵԶԵՐԻՆ

«Քաղաքակրթությունների դաշինք» նախագծին նվիրված ՄԱԿ-ի քննարկումներին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում խստագույնս քննադատել է քաղաքակրթությունների հակամարտության, այսպես կոչված, տեսությունը, ընդգծելով, որ դա զուրկ է ամեն մի հիմքից: Ելույթի ավարտին նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ դատապարտել է միջազգային այն ուժերին, որոնք, անտեսելով Պաղեստինի ժողովրդի ընտրությունների արդյունքներով արտահայտված կամքը, «Համասի» կառավարությունը տապալելու համար ջանք չեն խնայում:

Էրդողանը նշել է, որ այս մոտեցումը միանգամայն հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, այնուհետեւ ընդգծել է Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Իրաքի հարցում Թուրքիայի դիրքորոշումը պաշտպանում են նաեւ Իրանն ու Սիրիան: Իսկ Կիպրոսի հիմնահարցի լուծումը Թուրքիայի վարչապետը վերստին պայմանավորել է ՄԱԿ-ի անմիջական նախաձեռնությամբ:

Այս ամենը դեկտեմբերի 18-ին էր, այցի առաջին օրը: Դեկտեմբերի 19-ին Էրդողանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի եւ նրա հաջորդի, ապա Իսպանիայի վարչապետ Ռոդրիգես Սապատերոյի, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, իսկ երեկՙ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի, պետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Հոլբրուկի, ինչպես նաեւ հրեական համայնքի ներկայացուցիչների եւ սենատոր Էդուարդ Քենեդիի հետ:

Հոդվածը պատրաստելու պահին էրդողանը սենատոր Քենեդիի հետ դեռ չէր հանդիպել: Սակայն Բիլ Քլինթոնի հետ հանդիպմանը, ինչպես դեկտեմբերի 19-ի համարում նշում է «Հյուրիեթը», նա արծարծել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքական թերթի վկայությամբ, Էրդողանը Քլինթոնին իրազեկել է «ցեղասպանության հայերի պնդումների դեմ առաջ քաշված թուրքական թեզերին», նշելով, որ Թուրքիան բացել է իր արխիվները եւ Հայաստանին է դիմել համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Այնուհետեւ վարչապետ Էրդողանը նշել է, որ ցեղասպանության հարցն անմիջականորեն առնչվում է պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին, իսկ հայկական սփյուռքի գործունեությունը, ինչպես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, այնպես էլ ողջ աշխարհում, թողնում է ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն:

Թե Քլինթոնն ի՞նչ արձագանք է տվել էրդողանին, թուրքական թերթը չի նշում: Բայց որ Թուրքիայի վարչապետը սենատոր Էդուարդ Քենեդիի հետ հանդիպմանը վերստին կբարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը, առավել եւս նրան կհայտնի հայկական բանաձեւերին հանրապետականների հնարավոր աջակցությունից բխող թուրքական մտավախությունները, ակնհայտ է:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4