Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Կլունին վերջերս մեծ արշավ է ծավալել դադարեցնելու Դարֆուրում (Սուդան) կատարվող դեպքերը, որոնք միջազգային հանրության կողմից որակվում են որպես ցեղասպանություն: Նրա կազմակերպած պատվիրակությունը «Սեյվ Դարֆուր» (Փրկեք Դարֆուրը) կոալիցիայի (գործադիր տնօրենՙ Դեյվիդ Ռուբենշտեյն) համագործակցությամբ Չինաստան եւ Եգիպտոս կատարած մեկշաբաթյա այցելությունից հետո դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում մամուլի ասուլիս է տվել ներկայացնելով ինչպես արդեն կատարված, այնպես էլ կատարվելիք գործողությունները: Պատվիրակության կազմում բացի վերոհիշյալներից եղել են նաեւ ԱՄՆ-ի պաշտոնաթող դեսպան Լոուրենս Ռոսինը, Դոն Չիդլը (դերասան), Ջոյ Չիքը, Տեգլա Լորուպը (օլիմպիական մարզիկներ) եւ մարդու իրավունքների պաշտպան Դեյվիդ Պրեսմանը: Նրանք բոլորն էլ ակտիվ աշխատանքներ են ծավալել հասարակությանը իրազեկելու կատարվածի մասին եւ միացյալ պայքար մղելով վերջ դնելու այդ անմարդկային ոճրագործություններին:
Չինաստանում եւ Եգիպտոսում նրանք հանդիպումներ են ունեցել կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ավելացնենք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներից Անտոնիո Գուտերեսը Սուդանում եւ Չադում իրավիճակը նկարագրել է որպես «երկրագնդի ամենամեծ եւ բարդ խնդիրը»: Ըստ ստացված տեղեկությունների, ցարդ ավելի քան 400 հազար մարդ է զոհվել, երկու միլիոն անմեղ քաղաքացի է բռնի ուժով տեղահանվել: Նրանք այժմ տեղավորված են Սուդանում եւ Չադում հատուկ նրանց համար կազմակերպված ճամբարներում:
Հ. Ծ.