Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախազգուշացրեց չհիմնավորված գներ կիրառողներին
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հավի ձվի ինքնարժեքը 37-39 դրամ է, մինչդեռ վաճառվում է 71 դրամով: Սա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների տվյալներից մեկն է, որի մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Իսկ ուսումնասիրություններն անցկացվել են մի շարք այլ սոցիալական նշանակության եւ լայն սպառման ապրանքային շուկաներում:
Հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց կարագի, հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, գարեջրի, ցեմենտի, գաջի, բենզինի, դիզվառելիքի, շինանյութերի շուկաներում գործող ընկերությունների գնային քաղաքականությունը: Սրանք այն շուկաներն են, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող ընկերությունները: Հանձնաժողովի եզրակացության համաձայն, այդ շուկաներում առկա է չհիմնավորված գնի կիրառման կամ հակամրցակցային համաձայնությունների հավանականություն: Այս եզրակացությանը համամիտ չէր «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, որը հիմնավորումներ ներկայացրեց բենզինի եւ դիզվառելիքի շուկաներումՙ առաջին դեպքում գնի նվազման, երկրորդ դեպքումՙ անփոփոխ մնալու վերաբերյալ: Մասնավորապես բենզինի գինը հունվարին 1 լիտրը կազմել էր 340 դրամ, հիմաՙ 310 դրամ, իսկ դիզվառելիքինըՙ 280 դրամ հունվարին եւ հիմա:
Քննարկումներն առավել թեժ էին հավի ձվի եւ ցեմենտի շուկաներում ձեւավորված գների շուրջը: Այն պարագայում, երբ դրամն արժեւորվել է դոլարի նկատմամբ 40 տոկոսով, այս ապրանքների գները ոչ միայն չեն նվազել, այլեւ աճել են:
Ըստ Աշոտ Շահնազարյանի, տեղական արտադրության եւ ներկրվող ապրանքների գներն աճել են 40-80 տոկոսով: «Այստեղ հակամրցակցային համաձայնությունների ակնհայտ երեւույթներ կան», նշեց նա, ավելացնելով, որ հարկային մուտքերը դրանով հանդերձ չեն ավելացել: Ըստ հանձնաժողովի նախագահի, ուսումնասիրված բոլոր առեւտրի օբյեկտներից որեւէ մեկի մոտ չեն եղել հավի ձվի ստացման հաշիվ-ապրանքագրերը:
Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ խանութներում վաճառվող ձվի գինը 71 դրամ է, մինչդեռ արտադրողներն իրենց թողարկման գինը ցույց են տվել 37 դրամ: «Թռչնարտադրողներն այդքան միամի՞տ են», հարց տվեց հանձնաժողովի փոխնախագահը, առաջարկելով նրանց սեփական առեւտրային կետերից ձուն վաճառել, ենթադրենք, 50 դրամով: Նշենք, որ երեք խոշոր թռչնարտադրողներից նիստին ներկա էր միայն Երեւանի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը, որը գների բարձրացման հիմնական մեղավորը համարեց խանութներին:
Պատկերը համանման էր ցեմենտի շուկայում: Քննարկմանը ցեմենտի արտադրության երկու ընկերություններիցՙ «Արարատցեմենտից» եւ «Միկա-ցեմենտից» ներկա էր միայն վերջինիս ներկայացուցիչըՙ տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ իրենց ցեմենտի վաճառքի գինը կազմում է 29 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահի հարցին, թե ինչո՞ւ վաճառքի օբյեկտներում այդ գինը կազմում է 40 հազար դրամ, տնօրենը պատասխանեց, որ ձեռնարկությունը չի կարող ազդել վերավաճառողների վրա: Իսկ թե ինչո՞ւ նույն սեփականատիրոջը պատկանող «Միկա» բենզալցակայաններում եւս այդ գինը նույն 40 հազար դրամն է, Նաիրա Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրանք պատկանում են այլ ընկերության, իսկ ինքը միայն «Միկա-ցեմենտի» տնօրենն է, դրանով իսկ ակամա ապացուցելով, որ ցեմենտ արտադրողները, ունենալով գերիշխող դիրք, հակամրցակցային համաձայնության են գալիս: Այս հանգամանքն ընդգծեց նաեւ Աշոտ Շահնազարյանը, ասելով, որ երբ երկու ընկերություններից մեկը գինը բարձրացնում է, մեկ-երկու օր հետո նույնն անում է նաեւ մյուս ցեմենտ արտադրողը:
Ամփոփելով քննարկումը, հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել վերոնշյալ բոլոր ապրանքներում գործող ընկերություններինՙ 5-օրյա ժամկետում վերանայել ապրանքների գները, միջոցներ ձեռնարկել գների չհիմնավորված բարձրացումն ու հակամրցակցային համաձայնությունների արդյունքում միանման գների կիրառումը կանխելու եւ վերանայելու ուղղությամբ: Միաժամանակ նշվեց, որ հանձնաժողովը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը վերոնշյալ շուկաներում մոնիտորինգ կիրականացնի եւ ընկերությունների հակամրցակցային համաձայնությունների արդյունքում իրացման միանման կամ չհիմնավորված գների կիրառման դեպքում պատասխանատվության համապատասխան միջոցներ կկիրառի:
Օդանավակայանը չի ապահովել ավիավառելիքը
«Զվարթնոց» օդանավակայանում պարբերաբար առաջացող ավիավառելիքի ճգնաժամի քննարկումը նույնպես շատ բուռն էր: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանի հավաստիացմամբ, ավիավառելիք ներկրելու պայմանագիրը «Միկա-լիմիտեդ» ընկերության հետ չի կատարվում վերջինիս պատճառով: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը դրանց հակադարձեց, որ օդանավակայանը պարտավոր է ապահովել ավիավառելիքի անհրաժեշտ պաշարները եւ նրա խնդիրն է, թե ինչպես դա կանի: Հանձնաժողովի նախագահն Արմեն Տեր-Տաճատյանին հարցրեց, թե վառելիքը չապահովելու պատճառով օդանավակայանը պատասխանատվություն պետք է կրի՞, եւ ստացավ «Արմենիա միջազգային օդանավակայանների» իրավաբանի բացասական պատասխանը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արտաշես Բախշյանն էլ այն կարծիքը հայտնեց, որ իր ներկայացրած կառույցին չպետք է պարտավորեցնել կարգավորելու այդ հարցը, քանի որ օդանավակայանը կառավարման հանձնելու պայմանագիրը կնքել է կառավարությունը: Այդուհանդերձ, հանձնաժողովը որոշեց հենց քաղավիացիայի վարչությանը պարտավորեցնել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ավիավառելիքի լիցքավորման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ, հետագայում վառելիքի բացակայության պատճառով տարբեր ավիաընկերությունների չվերթերը հետաձգելն ու չեղյալ համարելը բացառելու համար: