Վերջին տարիներին թե՛ քանակի եւ թե՛ տեսականու իմաստով ավելացել է հայկական ապրանքատեսակների արտահանումը Եվրոմիության շուկա: Երեկ այս մասին հայտարարեց Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի` «AEPLAC»-ի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, որի կարծիքով վերջին տարիներին Եվրոմիությունը դարձել է Հայաստանի տնտեսական համագործակցության ամենամեծ գործընկերը:
Տիգրան Ջրբաշյանի ներկայացմամբ, եթե սկզբնական տարիներին եվրոպական միության շուկա մեր երկրից արտահանվում էին մի քանի ապրանքներ` հիմնականում ադամանդ, ապա այս վերջին տարիներին արտադրատեսակները ավելացել են, իսկ արտահանման ծավալները հիմնականում մեծացել են հանքահումքային արդյունաբերության ոլորտում: Լուրջ փոփոխություններ են եղել նաեւ ներմուծման դինամիկայում: Ջրբաշյանը նշեց, որ նախկինում գերակշռում էր սննդամթերքն, իսկ այսօր մեր երկիր են ներմուծվում մեծ թվով սարքավորումներ եւ տեխնիկա, որի պատճառը, նրա կարծիքով այն է, որ մեր բիզնեսը տեխնոլոգիապես վերազինվում է:
«AEPLAC»-ի հայաստանյան ղեկավարը հայտնեց, որ գնողականությամբ աշխարհի ամենամեծ շուկայում (ունի 450 մլն բնակչություն) մեր երկրից արտահանվող սննդամթերքի համար կարեւորվում են որակն ու անվտանգությունը: Հարաբերությունների կարգավորման եւ տնտեսական մի շարք խնդիրների լուծման համար նա կարեւորեց ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին կնքված հարեւանության գործողությունների ծրագիրը:
Առհասարակ, Ջրբաշյանը կարծում է, որ մեզ մոտ եղած խաղի կանոնները (նկատի ունի մասնավորեցման խնդիրը, պետաիրավական համակարգը եւ շատ այլ ոլորտներ) ձեռնտու չեն եվրոպական միության ներքին շուկայի համար, եւ դա է պատճառը, որ նաեւ մեզ մոտ է թույլ ներկայացված եվրոպական ներքին շուկան: Կենտրոնի տնօրենը նշեց, որ Եվրոմիությունը ցանկանում է իրեն շրջապատել բարեկեցիկ, կանխատեսելի հարեւանների շղթայով, հետեւաբար պետք է փոխել մեզ անմրցունակ դարձնող մեր իսկ խաղի կանոնները այդ մեծ շուկայում առավել ներգրավվածության հասնելու համար: Ինչ վերաբերում է մեր երկրի քաղաքական իրավիճակին, ապա, Ջրբաշյանի խոսքով, թեեւ Եվրոմիության օրենսդրության 90 տոկոսը տնտեսական համաձայնագրերն են, այնուամենայնիվ նրանք «կողք չեն քաշվում» քաղաքական գործընթացներից:
Եվրոպական միության շուկայում մեր երկրի ներգրավվածությունն ավելացնելու համար Տիգրան Ջրբաշյանը հեռանկարային է համարում հանքահումքային հատվածը, ընդ որում ոչ միայն արտահանման, այլեւ վերամշակման ուղղությամբ, ինչպես նաեւ սննդամթերքն ու ծառայությունները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ