Այդ մասին են վկայում ուսանողական միության վերջին հարցումները
«Սարգիս Տխրունի» ուսանողական միության անցկացրած սոցիոլոգիական հարցմանը մասնակցած 2000 ուսանողներից 1821-ը հաստատել է, որ բուհերում կոռուպցիոն երեւույթներն ակնհայտ են ու տարեցտարի խորանալով ավելի սովորական են դառնում: Ամենաբարձր տոկոսըՙ 96, գյուղակադեմիայում է, որտեղ հարցվածների 83 տոկոսը խոստովանել է կաշառք տալու մասին, ստուգարքի համարՙ մինչեւ 20 դոլար, քննության համարՙ 20-50 դոլար: Կաշառք տվող ուսանողների ու վերցնող դասախոսների արարքը նորմալ է համարել ուսանողների 90 տոկոսը:
Երկրորդ տեղում պետական բժշկական համալսարանն էՙ 86 տոկոս: Կաշառք է տվել հարցվածների 74 տոկոսը: Երեւույթի մասին դրական կարծիք է հայտնել 89 տոկոսը, իսկ դասախոսների մասինՙ 33 տոկոսը: Ավելորդ է ասել, որ բժշկականում կաշառքի գինը շատ ավելի բարձր է, ստուգարքի համարՙ 100-200 դոլար, քննության համարՙ 200 եւ ավելի:
Հաջորդը պետական ճարտարագիտականն է, որտեղ գոյություն ունեցող կաշառակերության մասին նշել է հարցվածների 85.5 տոկոսը: Անձամբ կաշառք տվողների տոկոսն այստեղ անհամեմատ ցածր էՙ 20: Վերջիններիս արարքը հարցվածների 70 տոկոսը դրական է համարել, դասախոսների կաշառք վերցնելն անընդունելի է համարել հարցվածների 90 տոկոսը:
Պետական տնտեսագիտական համալսարանում կաշառակերության առատության մասին հաստատել է հարցվածների 81 տոկոսը, մանկավարժականումՙ 79 տոկոսը, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանումՙ 75 տոկոսը, Երեւանի պետական համալսարանումՙ 42 տոկոսը, գեղարվեստի ակադեմիայումՙ 18 տոկոսը, կոնսերվատորիայումՙ 14 տոկոսը, թատերականումՙ 13.5 տոկոսը: Հարցվածների թիվը ցածր է եղել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտումՙ 20, որից 19 ուսանող հաստատել է կոռուպցիայի մասին:
Կոռուպցիոն երեւույթների առաջացման եւ տարածման մասին գրեթե բոլոր հարցվածները արտահայտել են միանման տեսակետներՙ 93 տոկոսն առաջարկել է բարձրացնել դասախոսների աշխատավարձը, 87 տոկոսըՙ խստացնել ներքին կարգուկանոնը:
Ուսանողական միության ատենապետ Սահակ Մանուկյանը երեկ հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենք ձգտում են պայքարել մեզանում առկա սոցիալական անարդարությունների դեմ: Դրա համար իրենք մշակել են բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ վերջին հարցումն էր: «Ամեն երեկո հավաքվում ու խորհում ենք տարբեր երեւույթների մասին: Ստուգարքային ու քննական շրջանից առաջ որոշեցինք այնպիսի բան անել, որն ինչ-որ չափով կնվազեցնի բուհական կոռուպցիան: Իմանալով, որ մարդիկ այսօր հիմնականում հավատում են սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, մասնագետների օգնությամբ ամեն ինչ արեցինք տեղը տեղին ու պարզեցինք, որ վիճակը բավականին տխուր է: Ոչ մի հուսադրող բան չկա: Եթե համեմատենք մի քանի տարի առաջ անցկացված հարցումների հետ, դրական ոչ մի փոփոխություն չենք տեսնի», ասաց նա:
Հարցում անցկացնելուց առաջ իրենց մտքով անգամ չէր անցել, որ բուհերի ուսխորհուրդների նախագահներն օգնելու փոխարեն պիտի խանգարեն: Դա առանձնակի զգացվել է պետական բժշկական ու տնտեսագիտական համալսարաններում: Ուսանողների շահերի պաշտպանության համար ստեղծված ուսխորհուրդներն ասես գործիք են դարձել տվյալ բուհի ռեկտորի ձեռքում, որովհետեւ «եթե հանկարծ ուսանողները ընդվզեն, ուսխորհրդի նախագահը պիտի պատասխան տա դրա համար: Սա խորհրդային ժամանակներից ժառանգած բռնապետական վերահսկողության ձեւերից մեկն է: Բազմակարծության մասին հայտարարություններ անելով, մեզանում ուսանողների վրա ճնշումը շարունակվում է հենց ուսխորհուրդների միջոցով», նշեց ատենապետը:
Իհարկե, եղել են նաեւ իրենց աջակցողներ, սակայն գերազանցապես ասվել է, որ ուսխորհուրդներն արդեն հարցումներ անցկացրել են, կոռուպցիայի ընդհանուր պատկերը պարզ է: Կաշառակերությունը համարելով բուհի ներքին խնդիր, նրանք հրաժարվել են իրենց անցկացրած հարցման արդյունքները տրամադրել միության անդամներին: «Նրանք պնդում էին, որ մեր նախաձեռնությունը կուսակցական միջամտություն է բուհի ներքին գործերին», հավելեց Սահակյանը:
Հարցման արդյունքներն իրենք շուտով կուղարկեն կրթության եւ գիտության նախարարություն, թեպետ լավ գիտեն, որ բուհերում փթթող կաշառակերության մասին տվյալները ոլորտի պատասխանատուների ականջին հասնում են եւ անցնում: Վերջիններս չեն շտապում խիստ քայլերի դիմել, քանի որ հենց իրենք են տգետ աշակերտին տվել ուսանող դառնալու արտոնություն, իսկ կաշառակեր դասախոսինՙ բուհում իր տեղը պնդացնելու հնարավորություն:
Միության անդամներն ուսանողներ են եւ ցավով նկատում են, որ սովորող ուսանողները համակերպվում են այս վիճակի հետ: Համակերպվում են, որովհետեւ թերահավատ են, որ ոտքի կանգնելու դեպքում բուհի ռեկտորատը կպատժի ոչ թե տգետ ուսանողին կամ կաշառակեր դասախոսին, այլ հենց իրենց:
ՌՈԻԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ