Առաջին հանրապետության կառավարության պատմական շենքն արդեն ամրակայվում է
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հեղինակային նախագծով Հայաստանի առաջին հանրապետության կառավարության շենքը (Հանրապետության 37) կդառնա Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակը: Շենքը հիմնովին քանդելու մասին հայտարարությունները ճարտարապետը համարում է անհիմն եւ անտեղի, որովհետեւ իր մտահղացմամբ վերականգնողական աշխատանքները կատարվելու են առանց արտաքին պատերին դիպչելու: «Ծածկից բացի, ոչինչ չի քանդվելու, չնայած շենքը ֆիզիկապես բավականին տխուր վիճակում է: Տասն օր առաջ տանիքը քանդող շինարարներն ինձ ահազանգեցին, որ դրսի պատերի վրա ճաքեր կան: Ուշադիր զննելուց հետո համոզվեցինք, որ Հանրապետության փողոցին նայող պատը 10 սմ ճեղք ունի: Տեղնուտեղը միջոցառումներ անցկացրինք, որպեսզի տանիքը քանդելու ընթացքում ճեղքն ավելի չխորանա:
Մեր նախագծով շենքի ներսում սյուներ են դրվելու ու կապվելու են դրսի պատերին: Հիմքից կքանդվի միայն շենքի մի մասըՙ նկուղով, որովհետեւ այդ մասում սաստիկ խոնավ էՙ ոչ բարձր որակի տուֆով կառուցված լինելու պատճառով: Դա հնարավորություն կտա նորացնելու նկուղը եւ ամրացնելու շենքի հիմքերն ամբողջ պարագծով: Երկու հարկերի պատերն ու նկուղը ներսից կկապվեն երկաթբետոնե նոր կմախքին, այդպես հնարավոր կլինի փրկել ժամանակի ընթացքում տարբեր փոփոխությունների ենթարկված այս պատմական շենքը»: Ճարտարապետի ասելով, շենքի ամենահին մասը Հանրապետության եւ Տիգրան Մեծի փողոցներին նայող հատվածն է: Կառավարության ներկայիս շենքին նայող մասը կառուցվել է մոտ 50 տարի առաջ, իսկ երրորդ կցակառույցն ավելացվել է ավելի ուշ: Հենց վերջինն էլ հարկավոր է քանդել, «որովհետեւ ոչ հուշարձան է, ոչ էլ որեւէ արժեք է ներկայացնում»:
Ճակատային մասի զարդաքանդակները նույնությամբ պահպանելու համար վերականգնման աշխատանքները կատարվում են չափազանց նրբորեն: Փայտյա ծածկերը քանդելու ժամանակ նկատել են, որ ճակատի ցցուն զարդերն արդեն ճոճվում են: Դրանք զգուշորեն հանել են, որպեսզի նորից տեղադրեն` ամրացնելու նպատակով դրանց մեջ երկաթ դնելուց հետո:
Պատմամշակութային այս շենքն, անկասկած, վաղուց արդեն փլատակների վերածված կլիներ, եթե ունենար մեկ ուրիշ սեփականատեր ու ճարտարապետ: Քարերը նրբորեն ամրացվելու փոխարեն ձեւականորեն կհամարակալվեին ու կիսով չափ ջարդուխուրդ արվելուց հետո ով գիտի որտեղ կհայտնվեին:
«Ապամոնտաժումը լավ բան չէ, դրանից անպայման մի բան վնասվում է, շենքի ճարտարապետական տեսքըՙ խաթարվում: Ապամոնտաժման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ շենքի փայտե ծածկերը քանդելուց պարզվում է, որ պատերը հնարավոր չէ պահել: Պատմամշակութային մյուս շենքերի պես, այս շենքը նույնպես կառուցված է Երեւանի ընդերքից հանվող տուֆից: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հնարավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնցով հնարավոր կլինի շենքը վերականգնել առանց քանդելու: Երկհարկանի շենքի վրա ավելացրել ենք եւս 2 հարկ: Այնպես ենք արել, որ նոր միջամտությունն ընդգծված լինի», ասում է ճարտարապետը:
Երեւանի կենտրոնի նորակառույց բազմահարկերի կողքին պատմամշակութային շենքերի տեսքն առավել գրավիչ դարձնելու համար, նրա կարծիքով, պետք է արվեն հնի եւ նորի ներդաշնակ համադրությամբ աչքի ընկնող ճարտարապետական նախագծեր: «Ասում ենք Երեւանը 2788 տարեկան է, բայց արդեն իսկ քաղաքում 100 տարվա պատմություն ունեցող մի շենք չենք կարող ցույց տալ: Ծայրահեղ մոտեցումները միշտ էլ վտանգավոր են ու տանում են կործանման: Պետք է գտնել այն ոսկե միջինը, որ քաղաքի զարգացման հետ հուշարձանները պահպանվեն: Պատմամշակութային շենքերը համարակալելով քանդելն ու նոր տեղում ապամոնտաժելը խիստ ուշացած քայլ է: Մի քիչ նման է վրացիների վերականգնած հին Թիֆլիսին, որը ոչ թե քաղաքի իրական պատմությունն է, այլ թատերական դեկորացիա: Եթե նույնն ենք ուզում անել, սխալ ճանապարհ է: Եթե պատմական շերտը պահպանում ենք, պիտի պահպանենք այնպես, ինչպես եղել է: Հիշում եմ, օրինակ, Աբովյան փողոցում բարդու ծառեր կային, փողոցի 2 կողմումՙ առվակներ: Դրանք ավելի պակաս հուշարձաններ չէին, քան կողքի շենքերը, որ քանդեցին ու նույն տեղում սպիտակ տներ կառուցեցին: Առվակները մեր միջավայրի ու ապրելակերպի մի մասն էին: Սա լուրջ հարց է, եւ եթե հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, ապա բարբարոսաբար քանդելու փոխարեն պետք է նոր կյանք տալ այդ շենքերին»:
Կարելի էր, չէ՞, հին Երեւանը պահպանել: «Իհարկե կարելի էր: Լավագույն փողոցը Հանրապետությանՙ նախկին Ալավերդյանն էր, հետո Արամի, Բուզանդի փողոցները, պարզապես վերջիններում մի բարդություն կար: Այնտեղ շենքերը հաջորդական դասավորությամբ չէինՙ լավ շենքի կողքին կային նաեւ վատերը, միջավայրը ամբողջական չէր: Պահելու դեպքում պետք էր արանքները ներդաշնակ դարձնել, որ դրանք մենակ չթվային:
Մի խոսքով, այս հարցը շատ բարդ է: Մենք մեր պատմությունը պիտի պահպանենք, հասկանալով, որ հանված յուրաքանչյուր էջ վատ բան է, նաեւ 20-րդ դարի կառույցները քանդելըՙ «Սեւան» հյուրանոց, Երիտասարդական պալատ, Հանրապետության հրապարակի պատվանդան: 1950-60-ականների հրաշալի շենքեր կան Երեւանում, կառուցված ճարտարապետներ Զավեն Բախշինյանի, Կորյուն Հակոբյանի, Սամվել Սաֆարյանի նախագծերով, բայց դրանց մասին ոչ ոք չի խոսում: 50 տարի հետո դրանք էլ արժեքավոր կլինեն, բայց արդեն սկսել են դրանք էլ մաս-մաս աղավաղելով ոչնչացնել:
Այս ամենն անընդունելի է ինձ համար, որովհետեւ մշակույթը պիտի շարունակական լինի, պետք է կուտակման ճանապարհով գնալ, ոչ թե քանդել - կառուցելու: Դա ի՞նչ ճանապարհ է: Մեր ձայնը չեն լսում, եթե մեր խոսքն անցներ, այսպես չէր լինի, մենք ասում ենք, բղավում, բայց իրենք իրենց ուզածն անում են, որովհետեւ սեփականատերերը փող են տալիս: Նրանց համար ի՜նչ պատմություն, ի՜նչ բան»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ