«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ՊԼԱՏՈՆԻ «ԵՐԿԵՐԻ» ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԸ ԵՎ Ի.ԿԱՆՏԻ «ԶՈՒՏ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ՀԱՅԵՐԵՆ

«Իմացություն մատենաշարով» «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթ ինֆո» հրատարակչությունները համատեղ լույս են ընծայել համաշխարհային փիլիսոփայական մտքի ամենաերեւելիներից երկուսիՙ Պլատոնի «Երկերի» առաջին հատորըՙ (XXIV+ 253 էջ) եւ Իմմանուել Կանտի «Զուտ բանականության քննադատությունը» (XLVIII+ 782 էջ) աշխատությունը: Պլատոնի առաջին հատորի հին հունարեն բնագրային եւ Կանտի գերմաներենից թարգմանությունները, առաջաբանները, ընդարձակ մեկնաբանություններն ու ծանոթագրությունները կատարել է Սերգեյ Ստեփանյանը:

Գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմմանուել Կանտի գլխավոր աշխատությունը, հեղինակային բնորոշմամբ, շոշափում է մետաֆիզիկայի բոլոր հարցերը: Առաջադրված տրանսցենդենտալ մեթոդը հաշտեցնելն է «աշխարհի մասին ճշմարիտ իմացության ձեռք բերելու գիտության հավակնությունը փիլիսոփայական դրույթի հետ, ըստ որի փորձը նման իմացության աղբյուր չի կարող լինել»:

Պլատոնի հայերեն հրատարակված հատորն ընդգրկում է «Սոկրատեսի պաշտպանականը» տրակտատը եւ երեքՙ «Կրիտոն», «Ֆեդոն» եւ «Խնջույք» տրամախոսությունները:

Հայտնի է, որ հունական փիլիսոփայության հայրըՙ Սոկրատեսն իր ուսմունքի բանավոր փոխանցողներից է. նա գրավոր որեւէ արձանագրություն չի թողել: Սերունդներին այդ հզոր մտքի ժառանգությունը հասել է իր աշակերտներիՙ Քսենոփոնի եւ Պլատոնի գրավոր վկայություններից: Իր մեծ ուսուցչի հետ Պլատոնի հոգեմտային ուժեղ կապը հնարավորություն է տվել Սոկրատեսի փիլիսոփայական ուսմունքի վերարտադրմանըՙ առավել լայն ընդգրկմամբ:

Հին աշխարհի առաջին մեծ մտածողներից Սոկրատեսն իր ժամանակին մեղադրվել է աստվածների փոխարեն դեմոններ ընդունելու եւ երիտասարդներին այլասերելու մեջ, նրան դատապարտել են, որ փիլիսոփան իրեն համարում է ինչ-որ իմաստության կրող: Ք. ա. 399 թ. Աթենքի դատարանում նրա արտասանած հայտնի ճառն է բովանդակում «Սոկրատեսի պաշտպանականը», որտեղ նա զրպարտանք է համարում իր դեմ ուղղված մեղադրանքները եւ ասում իր կատարյալ չիմացությունը հաստատող հայտնի. «Գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ» խոսքը: Մահապատժի դատապարտված Սոկրատեսն անընդունելի է համարում այլ պատիժ կրելը, չի ընդունում ո՛չ բանտ, ո՛չ աքսոր, ո՛չ փրկագին: «Կրիտոն» տրամախոսության մեջ Սոկրատեսին փրկելու Կրիտոնի առաջարկը փիլիսոփան մերժում էՙ բազմության կարծիքի մասին իր տեսակետների եւ Աթենքի օրենքների վերաբերյալ տրամաբանական փաստարկումներով:

«Ֆեդոնում» իմաստասիրական տրամախոսությունների միջոցով արտահայտվում է փիլիսոփայի կյանքի գլխավոր նպատակըՙ գոյի իմացությունն ու նրա ճանաչումը, ինչին հասնել հնարավոր է միայն մտածողության միջոցով, որին խոչընդոտողը մարմնական կյանքի պահանջներն են: Ուստի կյանքից ազատագրումըՙ մահը, դրա կատարյալ ճանապարհն է, որը կարող է հասցնել գերագույնինՙ ինքնին գոյի բարձրիմացությանը, ուստի մահից չխուսափելը փիլիսոփայի ամենաբնական վիճակն է: Մաքրագործված մարդն է միայն ստանում փրկության հնարավորություն, եւ Սոկրատեսը ներկայացնում է անմահության իր 4 ապացույցներըՙ հոգիների վերաբնակության մյութոսը: Տրամախոսությունն ուղեկցվում է բարոյագիտական եւ տիեզերաբանական դիտարկումներովՙ անդրաշխարհային կյանքի նկարագրություններ, արդար եւ անարդար հոգիներիՙ Հադեսում ունեցած տեղի ու վիճակների մասին մեկնաբանություններ եւ այլն: «Ֆեդոնն» ավարտվում է փիլիսոփայի մահվան տեսարանով:

«Խնջույքում» պատմվում է իմաստասեր այրերի մի խնջույքում ունեցած զրույցի մասին, որտեղ փառաբանություններն ուղղված են սիրո աստվածությանըՙ Էրոսին: Զրույցի յուրաքանչյուր մասնակից իր տեսակետներն է արտահայտում Էրոսի հնագույն ծագման, ողջ կեցության մեջ Էրոսի առկայության եւ այլ հարցերի մասին: Հետաքրքրական է նախամարդու երեք սեռերիՙ տղամարդկանց, կանանց եւ անտրոգիների մյութոսը, որը Զեւսի կողմից պատժված, երկատված անտրոգիներիՙ իրենց կեսին վերագտնելու ձգտումն է, ինչով էլ պատճառաբանվում-բացատրվում է հանրության կողմից մերժվող համասեռականությունը: Ըստ Սոկրատեսի, «Էրոսը հավերժական ծննդաբերություն է գեղեցիկի մեջՙ հանուն անմահության, ինչպես մարմնական, այնպես էլ հոգեւոր»:

Պլատոնի լեզվական մթնոլորտը հարազատորեն արտահայտում է հին աշխարհի կեցության ու բարքերի միջավայր: Վերջին գործըՙ «Խնջույքը» ինչ-որ չափով նաեւ պատկերացում է տալիս այդ շրջանի փիլիսոփաների բոհեմական կյանքի մասին:

Պլատոնի այս գործերի փիլիսոփայական արժեքն ավելի ինքնատիպություն է ձեռք բերում դրանց գեղարվեստականության շնորհիվ: Ստեղծագործությունն ունի գեղարվեստական արձակին բնորոշ տարրերՙ սյուժե, մոտիվներ, կերպարներ: Սոկրատեսի կերպարը «Պաշտպանականում», նրա մենակությունն ամբոխի առաջ մեծ անհատի ողբերգությունն է ներկայացնում, ժամանակի ու միջավայրի միջեւ եղած ահռելի անդունդը: Այս ամենով «Երկերն» ընկալվում է նաեւ իբրեւ գրական գործ: Առավել եւս, երբ Պլատոնը մինչեւ Սոկրատեսին հանդիպելը գրում էր բանաստեղծություններ եւ դրանց որոշ պատառիկներ նաեւ մեզ են հասել, ինչպես Սաֆոյին նվիրված բանաստեղծության երկտողը:

XIX դարի մեծ մտածող, բանաստեղծ Ռալֆ Ուոլդ Էմերսոնը Պլատոնի մասին գրում է. «Պլատոնն ինքը փիլիսոփայություն է»: «Հոգեւոր մշակույթի վրա այս մարդու մտքի այդքան վիթխարի ազդեցությունը պայմանավորված է դրա միտվածությամբ առ ինտելեկտուալ աշխարհը, գաղափարների արքայությունը, ուր երեւութական իրականության վերջավորությունը փոխարինվում է իսկական կեցության բանական լույսով եւ գաղափարների, որպես այդ կեցությունը կազմավորող սկզբունքների բացարձակ նախատիպությամբ, որն իբրեւ մտավոր վերելքի հրավեր հանձնարարված է մարդկային էությանըՙ իր բուն կոչմանն ու դրսեւորմանը հասնելու համար», կարդում ենք Սերգեյ Ստեփանյանի առաջաբանում:

Համաշխարհային մտքի երկու հսկաներիՙ Պլատոնի եւ Կանտի այս աշխատությունների հայերենի լեզվական միջավայր ներմուծելը հայ մշակույթի երեւելի իրադարձություններից է: Այն վստահաբար իր ներազդեցությունն ունենալու է նաեւ այսօրվա երիտասարդ սերնդի մտածողական աշխարհի զարգացման եւ ճանաչողական սահմաններն ընդլայնելու մեջ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4