«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ԻՆՉ ԽՈԶՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ ԽՈԶԻ ՏԱՐՈՒՑ

Արեւելյան աստղացույցը թեեւ գործողության մեջ է մտնում փետրվարից, այսինքն դեռ այս` Շան տարին կարող է ամիսուկես շնություն անել, սակայն բոլորս արդեն տրվում ենք նորին, Հրե Վարազին կամ Խոզին` ինչպես ուզենաք: Հրե` որովհետեւ կրակի խորհրդանշի տակ գործող Խոզ է 2007-ը, եւ միամիտ, մերձավորներին եւ ընկերներին վստահող Խոզը հաճախ է գործելու անհանդուրժող եւ ագրեսիվ կրակի ազդեցությամբ եւ շատ հազվադեպ է կարողանալու դիմակայել կրակի ուղղորդումներին: Իսկ կրակին հատուկ է մեծ ակտիվությունը: Այնպես որ` իր տան տաքուկ անկյունում պատսպարվել հուսացող Խոզն այս տարի ստիպված է լինելու սոցիալական ակտիվ կյանք վարել, նոր գաղափարներ առաջ քաշել եւ գնալ այնտեղ, որտեղ կառաջնորդի նրան կրակը: Մի խոսքով` նոր տարին ըստ արեւելյան աստղացույցի խոստանում է լինել իրադարձություններով եւ շրջադարձներով լի տարի, շատերին կժպտա հաջողությունը, միայն թե մարդիկ կարողանան բաց չթողնել իրենց շանսը: Խոզի տարին փակելու է աստղացույցի 12-ամյա շրջանը, դրա համար էլ այս նոր տարվա մեջ կլինի անցյալ 11 տարիների ամեն ինչից` եւ անհաջողություններից, եւ հաջողություններից, ուրախությունից եւ տխրությունից:

Անցած 11 տարվա դրական ու բացասական փորձը պետք կգա մեզ` փորձանքներից զգուշանալու եւ հաջողությունը բազմապատկելու համար: Մեղմ բնութագրով մարդիկ շանս կստանան նոր տարում փոխելու իրենց կյանքը, ակտիվները հաճախ կհայտնվեն առաջին շարքերում, երբեմն պատրաստ կլինեն դնել իրենց կարողությունն ու անցյալի ձեռքբերումները` նոր հեռանկարների համար: Սակայն մի գաղտնիք կա, որը Խոզի թաքնված բնութագրիչն է, ու ընտրություն ապրող Հայաստանի դեպքում կարող է իրականություն դառնալ. արտաքուստ մեղմ թվացող Խոզը կարող է մի պահ դուրս պրծնել կրակի ազդեցությունից եւ սեփական որոշումները կայացնել, որովհետեւ խոզերը լավ հոգեբաններ են եւ եւ տեսնում են մարդկանց այս կամ այն արարքների մոտիվները:

Բոլոր դեպքերում` Խոզի եւ կրակի համադրումը մեր ընտրական ժամանակահատվածի հետ կարող է անսպասելի շրջադարձների եւ լուծումների հանգեցնել, մի խոսքով` Խոզը կարող է խոզություն անել:

Իսկ մեր քաղաքական գործիչներն իրենք ի՞նչ են սպասում Խոզի տարուց:

Ստեփան Զաքարյան (Արդարություն)-Հայաստանում խոզի տարում միշտ էլ խոզություն լինում է: Կուզեի, որ անձամբ իմ նկատմամբ խոզություն չլիներ:

Արմեն Աշոտյան (ՀՀԿ)-Առաջ, որ խոսելու թեմա չէր լինում, խոսում էին եղանակից, հիմա` հորոսկոպից. խոզին դիտում եմ որպես բազմաթիվ օգտակար սննդանյութերի աղբյուր: 2007-ից սպասելիք ունեմ, եւ ոչ թե խոզից: Ցավոք` խոզություն կյանքում հաճախ է լինում, եւ կապ չունի տարին ինչ կենդանակերպի նշանի տակ է: Մանավանդ քաղաքականության մեջ` միշտ էլ խոզություն անում են:

Գրիգոր Հարությունյան (Արդարություն)-Հուսով ենք` ընտրություններին խոզություն չանեն, մեծ խոզություն է, երբ ժողովրդին չեն թողնում իր կամքը կատարել:

Վիկտոր Դալլաքյան-(սույն կարծիքը մենք վերցրել ենք այն պատմական պահից առաջ, երբ մամուլում Դալլաքյանի հանդեպ հակաբարգավաճ նյութ տպվեց). Խոզի տարուց ոչ թե խոզություն, այլ բարգավաճում եմ սպասում. խոզը մարմնեղ է, չէ՞, բարեկեցություն կարող է խորհրդանշի, էլի, իր մեջ: Բայց խոզության շատ առիթներ կան, եւ դրանցից ամենամեծ առիթը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն են:

Արշակ Սադոյան (Արդարություն)-Դե իհարկե, ամենամեծ խոզությունը կարող է խորհրդարանական ընտրությունների ժամանակ լինել: Կարող է նաեւ գերխոզություն լինել` ինչպես հանրաքվեի ժամանակ եղավ, էդ կարգի խոզություն եթե լինի` գործը կհասնի խորովածին: Խոզությանն այդ դեպքում ոչ թե խոզությամբ ենք պատասխանելու, այլ որսորդությամբ: Եթե խոզության դեմ պայքարի տարի հռչակվի` լուրջ հաջողությունների կհասնենք:

Մանուկ Գասպարյան-Խոզի միսը համով է, բայց նրա արարքները, գործողությունները, օրինակ` մշտապես ցեխի մեջ թավալվելը, տհաճ են մարդու համար: Խոզի ամենավատ վարքագիծը դրսեւորվելու է մեր ընտրական գործընթացում: Բայց խոզին լողացնել էլ կա, որ լողացնում ես` մաքո՜ւր-մաքո՜ւր...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4