«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Որոշվել են հանրապետության 10 լավագույն մարզիկները

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ հանրապետության լավագույն մարզիկ է ճանաչվել շախմատի աշխարհի գավաթակիր, Թուրինի շախմատային օլիմպիադայի չեմպիոն, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոն, Լինարեսի եւ մոսկովյան մրցաշարերի հաղթող Լեւոն Արոնյանը: Մարզական 40 լրագրողների մասնակցությամբ անցկացված հարցման արդյունքներով 24-ամյա Լեւոն Արոնյանը վաստակել է 389 միավոր: Ավարտվող մրցաշրջանն իրոք լավագույններից էր հայ գրոսմայստերի մարզական կենսագրությունում: Արոնյանն այսօր իրավամբ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն է եւ, անկասկած, շախմատային թագի ապագա հավակնորդն է: Ուստի օրինաչափ է Արոնյանի հաջողությունը, որին երկրորդ տարին անընդմեջ լրագրողները ճանաչում են Հայաստանի լավագույն մարզիկ: «Ազգի» կողմից այդ առթիվ ջերմորեն շնորհավորում ենք տաղանդաշատ շախմատիստին:

Երկրորդ տեղը 292 միավորով զբաղեցրել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 29-ամյա Կարեն Մնացականյանը: Հայ ըմբիշն այս տարվա ապրիլին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթներ ունեցավՙ երկրորդ անգամ ուժեղագույնը ճանաչվելով հին աշխարհամասում:

Լավագույն եռյակը եզրափակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեր 2-րդ չեմպիոնըՙ 23-ամյա Ռոման Ամոյանը (254 միավոր): Նրան ընդամենը մեկ միավոր զիջեց լավագույն տասնյակում 4-րդ տեղն զբաղեցրած ծանրորդ Գեւորգ Դավթյանը, որը եւս կրում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Պեկինի օլիմպիադայի ուղեգիր նվաճած հայաստանցի առայժմ միակ մարզիկ, հրաձիգ Նորայր Բախտամյանը (173 միավոր), աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ձյուդոյիստ Արմեն Նազարյանը (149), ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը (113), մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Զավեն Անդրեասյանը (103), ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը (101) եւ բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Հրաչյա Ջավախյանը (93):

Ընդհանուր առմամբ մարզական լրագրողներն իրենց հարցաթերթիկներում նշել են 22 մարզիկի ազգանուն: Որոշվել է նաեւ հանրապետության լավագույն թիմը: Ձայների բացարձակ մեծամասնությամբ տարվա լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը, որը Թուրինի օլիմպիադայում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Իսկ լավագույն լեգեոնական է ճանաչվել ռուսաստանցի ազատ ոճային ըմբիշ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուսլան Բասիեւը:

Ավանդույթի համաձայն, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մրցաշրջանի ընթացքում առավել աչքի ընկած մարզիկներին դրամական պարգեւներ կհանձնի տարեվերջյան հանդիսությունում: Այս անգամ որոշվել է այդ արարողությունն անցկացնել Գյումրիում, դեկտեմբերի 23-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4