«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՌԱՎԵԼ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՆ

Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում սկսվեցին 2007 թվականի պետբյուջեի քննարկումները: Մինչ այդ աշխատանքային քննարկումներ էին անցկացվել ԱԺ հանձնաժողովներում եւ պատգամավորական խմբակցություններում, որոնց կապակցությամբ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը խորհրդարանի նիստում գոհունակությամբ արտահայտվեց: Նախարարը ներկայացրեց գալիք տարվա բյուջեի նախագիծը, նշելով, որ այն հիմնականում սոցիալական ուղղվածություն ունի:

Առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերիՙ 2007 թ. համախմբված բյուջեն եկամուտների մասով, ըստ օրինագծի, կկազմի 34065.0 մլն դրամ, որից 19402.4 մլն դրամը միջպետական վարկի տեսքով ակնկալվում է ստանալ Հայաստանի Հանրապետությունից: Ծախսերը կկազմեն 36056.5 մլն դրամ, դեֆիցիտըՙ 1991.5 մլն դրամ, որը նախատեսվում է լրացնել պետական արժեթղթերի տեղաբաշխումից ստացված, բյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, ներքին ու արտաքին այլ աղբյուրներից ստացված գումարներով:

Ի տարբերություն նախորդ տարվա բյուջեի խորհրդարանական քննարկմանՙ այս անգամ պատգամավորներն ավելի ակտիվ ու հետեւողական էին: Չի բացառվում, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին կլինեն դեմ քվեարկողներ նաեւ ԱԺ-ում մեծամասնությամբ երկրորդը համարվող «Հայրենիք» խմբակցության անդամների թվից, սակայն դա հայտնի կլինի մեկ շաբաթ հետո: Հանձնաժողովներում եւ պատգամավորական խումբ-խմբակցություններում որոշ հստակեցումների նպատակով, ինչը նախատեսվում է կանոնակարգով, հայտարարվեց ընդմիջում մինչեւ դեկտեմբերի 27-ը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4