«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


ՎՏԱՆԳԱՎՈՐՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է

Եթե ուշադիր եւ առանց կանխատրամադրվածության կարդանք «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության դեկտեմբերի 2-ի հավաքում Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ելույթները, որոնց ամենասուր հատվածներն «Ազգը» տպագրել էր երկու օր առաջ առանց մեկնաբանության, ապա թերեւս կարելի է ասել, որ հատկապես Մալխասյանի ելույթում իրոք կար հանցակազմ: «Երբ որ նպատակն ազնիվ է, նպատակը մաքուր է, նպատակը հայրենասիրական է, ուրեմն միջոցների առաջ խտրականություն չպիտի դնել, օր առաջ զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն մի միջոցներ պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից, որ միայն ազգանունն է հայ», ասել է Մալխասյանը հիշյալ հավաքում: Եթե ձայնագրության հարազատ սղագրությունն է «Ազատագրված տարածքների» կողմից մամուլին տրամադրված այդ նյութը, ապա կարելի է ասել, որ, իրոք, «զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով» ազատվելն այս իշխանություններից, ազգային որեւէ իշխանությունից, հակասահմանադրական է եւ պատժելի արարք ՀՀ օրենքով, որեւէ երկրի օրենքով, որի առաջ հավասար պետք է լինեն բոլորը, անկախ իրենց ունեցած վաստակից, դիրքից, նպատակի «ազնվությունից»: Նույնիսկ եթե դրանք մեջբերումներ են ուրիշների խոսքից:

Որոշ չափով այլ է Ժ. Սեֆիլյանի այդ ելույթի բովանդակությունը, որտեղ հանցակազմի գոյությունն ապացուցելու կարիք ունի: «Խոսելով, որ զենքով պիտի լուծենք հարցը, դա ես անիմաստ եմ համարում: Եկեք այսօր չխոսենք, թե ինչ ձեւով մենք պիտի կարողանանք մեր երկիրը, այս մարդկանց, սկսելու համար, հեռացնենք, հետո արդեն լուրջ հարցեր լուծենք: Ես ուզում եմ, որ եկող ամիսներին մենք երբեք ձեւերի մասին չմտածենք, ձեւերի մասին չքննարկենք... չվիճենք իրար հետ, եկեք միայն կազմակերպվենք», ասել էր նա, գտնելով, որ «առանց կազմակերպվելու անիմաստ է զրուցելը»: Հարց է ծագումՙ կազմակերպվել ի՞նչ նպատակով, խաղաղ ցույցե՞ր անելու, թե՞ ... Այսուհանդերձ, եթե անջատենք Ժ. Սեֆիլյանի այդ ելույթը Վ. Մալխասյանի ելույթից, ապա, իմ կարծիքով, հատուկ ջանք պետք է թափել դրանում հանցակազմ գտնելու համար:

Բոլոր դեպքերում Ազգային անվտանգության ծառայության գործելակերպը, մանավանդ Ժ. Սեֆիլյանի ձերբակալության հանդիսանքային ձեւը, դատապարտելի է ըստ ամենայնի: Մանավանդ որ, ինչպես պատմում են նրա ընկերները, Ժ. Սեֆիլյանը դրանից առաջ բնավ չի խուսափել Ազգային անվտանգության ծառայության «հրավերներից», ներկայացել է ինքնակամ, իսկական մարտիկի նման, առանց երկնչելու կոշտ զրույցներից: ԱԱԾ-ն այս անգամ էլ կարող էր նրան հրավիրել եւ վերջին նախազգուշացմամբ, եթե մինչ այդ չէր արվել, նրան բաց թողնել կամ արտաքսել երկրից, եթե դրա կարիքը կար: Թեեւ միշտ հարց էր մնալու, թե մինչ այդ ինչո՞ւ ՀՀ քաղաքացիություն ստանալու նրա դիմումները մերժվել են, ինչպես որ հարց է մնում, թե ինչո՞ւ է շարունակում մերժվել Րաֆֆի Հովհաննիսյանի նմանօրինակ դիմումը:

Ինչ վերաբերում է Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ձերբակալությանը հաջորդած տարամերժ մթնոլորտին, հակազդեցությանը, նույնիսկ շահարկումներին, մեր պետական իշխանությունների զարմանքն ու վրդովմունքն անտեղի է. այնքան ժամանակ, որ անվստահության մթնոլորտն է տիրապետում երկրում, այնքան ժամանակ, որ օրենքը կիրառվում է ընտրովի եւ ըստ կամս, եւ միայն ընդդիմադիրների նկատմամբ, նման հակազդեցությունն անխուսափելի է:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4