«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


«ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՈՉ ՄԻ ՔՐԵԱԿԱՆ ԿԵՏ ՈՒ ՍՏՈՐԱԿԵՏ ՉԿԱ

Ձերբակալությունների իմաստը Հայաստանում ձեւավորվող հազվագյուտ կազմակերպված կառույցի ձեւավորման խափանումն է»

«Այսօրվանից ստեղծվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության շարժում, իսկ այդ շարժումը համակարգող խումբը ստորագրահավաք կսկսի «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդրանիկ հավաքին հնչած ելույթների ընթերցողների շրջանում: Նրանք պիտի հաստատեն, որ դրանց բովանդակության մեջ քրեական ոչինչ չկա», երեկ «Փակագիծ» ակումբում հայտարարեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը: Նա մանրակրկիտ պարզաբանեց մասնավորապես «Հայ կամավորականների համախմբման» անդամ Վարդան Մալխասյանի ելույթի մանրամասները, ելույթ, որ ինչպես Ժիրայր Սեֆիլյանի դեպքում, դարձավ նրա ձերբակալության պատճառը:

Նա ապացուցում էր, որ այդ ելույթի նույնիսկ ամենասուր հատվածները չեն կարող դրվել քրեական գործի հիմքում, քանի որ իրականում մեջբերումներ են Նժդեհից, Միքայել Նալբանդյանից, Դոստոեւսկուց, Քրիստափոր Միքայելյանից:

Ահավասիկ սկզբի կտորը.

Այս դառն օրերի մթնում մահաբեր

Արնոտ խնջույքի այս սեւ զնդանում,

Դավաճան է նա, ով լռում է դեռ

Մատնիչ է նա, ով իր սուրը չի հանում:

Նույնկերպ մյուս հատվածը` «Մենք գործ ունենք բանդիտական խմբերի հետ, հանցագործ, բանդիտական սափրագլուխ, ուրեմն հանցագործ աշխարհի թափթփուկների հետ: Սրանց հետ պիտի իրենց ձեւով պայքարել` արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձեւերով, բոլոր միջոցներով»:

Մեջբերման վերջին տողերը` «արյուն ու կրակի» մասին, փաստորեն բերվել են «Միքայել Նալբանդյանի «Մանկության օրեր» բանաստեղծությունից:

Այս օրերին բազմաթիվ մարդկանց բնակարաններում խուզարկություններ են եղել, եւ եթե իսկապես հայտնաբերվել էր զինված հեղաշրջման պատրաստվող կառույց, ապա պետք է ենթադրել, որ գոնե մեկ ավտոմատ կամ այլ զենք այդ կառույցը պիտի ունենար»: Այդ մասին ըստ երեւույթին քաջ տեղյակ են եղել նաեւ խուզարկողները, որոնք ընդամենը եկել, «նայել են երեխաների շորերը, գնացել»:

«Եթե ապստամբության ռեալ նախապատրաստության մասին վկայող իրեղեն ոչինչ չկա, ապա Վարդան Մալխասյանի կոչը ուղղված է զենք չունեցող զանգվածի՞», հարցնում է Արմեն Աղայանը:

Նույն տրամաբանությամբ, երբ Վարդան Մալխասյանը խոսել է «միջոցների մեջ խտրականություն չդնելու մասին», ակնհայտորեն նկատի չի ունեցել ոչ զինված պայքար, ոչ էլ հեղաշրջում: Եվ դա ավելի սարսափելի է իշխանությունների համար, քանի որ զենք հայտնաբերելուն պես նրանք կոնկրետ գործողությունների կդիմեին, կոչնչացնեին այդ կառույցը եւ վերջ: Իսկ հիմա, երբ կամավորականները մտադիր են ստեղծել կազմակերպված, կարգապահ կառույց, որ նվիրումով եւ ոչ թե ակնկալիքներով է մտնում քաղաքական պայքարի մեջ, դա արդեն լուրջ գործ է: Կառույցը պիտի պայքարի, օրինակ, ընտրակեղծիքների դեմ, վերահսկի քվեարկությունը, կանխի մարդկանց ծեծ ու ջարդը: Այսինքն, ստեղծվում է իրական եւ ոչ թե սին խոսքերի ու խոստումների վրա հենված կազմակերպություն:

«Հայաստանում ոչ մի ոլորտ, ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական ու քաղաքական, հայերի կողմից չի ղեկավարվում:...իշխանավորներն իշխանություն չեն, այլ օտար տերերի ծառաներ: ...Եվ երկիրն ազատագրելու ոչ պակաս սուր խնդիր կա, ինչպես, ասենք, Արեւմտյան Հայաստանը», շարունակում է Արմեն Աղայանը:

Նա հպանցիկ անդրադարձավ նաեւ Ժիրայր Սեֆիլյանի ելույթի ամենասուր արտահայտությանը, թե` «ով տարածքները հանձնի, գլուխը ջարդելու ենք»: Հավաստիացրեց, որ քրեական գործի նյութերում այդ խոսքը չի լինի, որովհետեւ իշխանություններին «փիարի տեսակետից ձեռնտու չէ ցույց տալ, թե տեսեք, մենք տարածք ենք հանձնում, դրա համար նրանք գլուխներս կջարդեն»;

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քաղաքական քարտուղարը անդրադարձավ նաեւ ազատագրված տարածքներին: Նրա համոզմամբ, նախընտրական այս շրջանում այդ տարածքների վերադարձման խնդիր չկա, բայց խնդիրը գոյություն ունի, «եթե իշխանության վերարտադրությունը տեղի ունենա այն սցենարով, ինչ պլանավորել են որոշ կուսակցություններ ու առանցքային գործիչներ: Քանի որ նրանք այդ տարածքների հանձնումը ընկալում են իբրեւ իշխանության գալու գին»:

Ի դեպ, Վարդան Մալխասյանի պաշտպանության ասուլիսին շատ քիչ լրատվամիջոցներ էին ներկա, իսկ հեռուստաընկերություններից ընդհանրապես չկային: Արմեն Աղայանը պատմեց, որ մի քանի օր առաջ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում հաղորդման են հրավիրվել (այլ թեմայով) նաեւ 2 կալանվածների փաստաբանները: Երբ խոսք է գնացել Ժիրայր Սեֆիլյանի մասին, հաղորդումն անսպասելիորեն ընդհատվել է գովազդով, իսկ 2 փաստաբաններն այլեւս եթեր չեն վերադարձել:

Տեղեկատվական շրջափակմանը հակառակ մարզերում զորակցության խմբեր են ստեղծվում, որոնցից երեկ ասուլիսին ներկա էին Արագածոտնի մարզի տասնյակ ներկայացուցիչներ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4