Նախագահ Քոչարյանի ուրբաթօրյա հարցազրույցից հետո ՄԱԿ կուսակցության նկատմամբ լրագրողների ցուցաբերած հետաքրքրասիրությունը զարմացրել էր խորհրդարանական նույնանուն խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին, որին այդ թեմայով ուղղված հարցերն այդպես էլ ավարտուն պատասխան չունեցան, քանզի Արսենյանը «Ուրբաթ» ակումբ էր եկել ոչ թե նախագահի գնահատականները վիճարկելու, այլ պատմելու, որ ՄԱԿ-ը վերջին 3 տարում կուսակցական շինարարությամբ է զբաղվում, Երեւանից դուրս ունի 17 հազար անդամ` Երեւանի կուսակցականներին էլ դեռ հաշվում են, եւ ինքը` Գուրգեն Արսենյանն էլ գոհ է կուսակցական շինարարության ընթացքից, արդյունքներից եւ հեռանկարից: Մեկ օր առաջ 41 տարածքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ՄԱԿ-ի ընդլայնված ժողովն է եղել, որտեղ հանձնարարականներ են տրվել կուսակցության մոտակա մարտավարության վերաբերյալ: Ահա հիմնական հանձնարարականը` Գ. Արսենյանի ներկայացմամբ. «Մենք դուրս ենք գալիս մեր բնական աշխատանքի ռեժիմից եւ երեկվանից անցնում ենք նախընտրական ռեժիմի»: Նախընտրական ռեժիմի առաջին փուլը 8 շաբաթանոց է, բացի երկու շաբաթը մեկ ԱԼՄ-ով տրվող հաշվետվություն-եթերից, ՄԱԿ-ը նաեւ թռուցիկներ է բաժանելու իր կուսակիցների միջոցով, որտեղ թվարկված կլինեն ՄԱԿ-ի օրենսդրական նախաձեռնությունները: Կարտոֆիլ եւ թռուցիկ բաժանելու ազդեցությունը համեմատելու առաջարկ անող լրագրողին Արսենյանը հակադարձեց. «Մենք թռուցիկը չենք բաժանում ցանելու եւ ուտելու համար, տեղեկացնում ենք մեր գործունեության մասին»: Իսկ ընդհանրապես` ըստ Արսենյանի, ոչ թե ՄԱԿ-ն է «Բարգավաճ Հայաստանից» առաջ բարեգործություն արել, այլ` «Բարգավաճ Հայաստանը»` ՄԱԿ-ից հետո:
Իրավիճակը երկրում նորմալ է, եւ հղի չէ քաղաքական ցնցումներով եւ սպառնալիքներով, Հայաստանում քաղաքական կոնֆլիկտ չկա, գաղափարախոսությունների առճակատում չկա, քաղաքական եւ տնտեսական զարգացումն ընթանում է ազատական գաղափարախոսության հունով... որեւէ քաղաքական շրջադարձ չի կատարվել, որեւէ շրջադարձ չի ակնկալվում: Այսպես է մտածում Գ. Արսենյանը:
Իսկ թե ինչո՞ւ է ապագա խորհրդարանում նախագահը 4 քաղաքական ուժերի մեջ նաեւ ՄԱԿ-ին տեսել` դա նախագահի իրավասությունների շրջանակում է. «Նա երկրի ամենատեղեկացված պաշտոնյաներից մեկն է, եւ երկրի քաղաքական կառույցների մասին տեղեկատվությունը չի ստանում տարբեր տեսակի ռեյտինգային աղյուսակներից, այլ` իրական եւ իրատեսական աղբյուրներից այն մասին, որ ՄԱԿ-ի քաղաքական ազդեցությունը եւ ապագա հնարավոր էլեկտորալ աջակցությունը հանրապետության բնակչության կողմից կբերի ՄԱԿ-ի ներկայացվածությանը 2007-ի խորհրդարանում»:
Այս իդիլիային լրագրողների մի մասն այնքան էլ ըմբռնումով չվերաբերվեց եւ մի քանի երեւի ոչ այնքան ցանկալի հարցեր ուղղեց Արսենյանին: Ոչ ցանկալի, քանի որ դրանց մի տեսակ բարկացկոտ էր արձագանքում ՄԱԿ խմբակցության ղեկավարը:
Հ.Գ. Մեզ թույլ տանք նկատելու, որ որեւէ քաղաքական գործիչ, եթե քաղաքական դաշտ է եկել, պիտի պատրաստ լինի համբերատար եւ առանց կոշտ դիրքորոշման պատասխանելու իրեն ուղղված բոլոր եւ հատկապես լրագրողների հարցերին, եթե անգամ դրանք պատվիրված է համարում:
Մ. Խ.