Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ մեր անտառներում հատումներ չեն լինի
Ամանորի նախընթաց օրերին աշխուժացել է նաեւ տոնածառերի վաճառքը: Աշխույժ առեւտուրն իհարկե առանձնանում է իր սարսափելի գներով` այն էլ ոչ միայն տոնածառերի, այլեւ բոլոր մթերքների, մսեղենի, քաղցրեղենի, մրգերի դեպքում. կարճ ասած, թանկ է այն ամենն, ինչն անհրաժեշտ է հայկական ավանդական սեղանների համար: Այս անհեթեթ իրականությունը թողնենք եւ շատ չշեղվելու համար անդրադառնանք միայն տոնածառերին:
Մեզ հետաքրքրում էր, թե արդյոք տոների հետ կապված վաճառքի կհանվե՞ն մեր անտառների, արգելոցների կամ ազգային պարկերի ծառատեսակները: Բնապահպանության նախարարության ենթակայության տակ են գտնվում արգելոցները, Սեւանի եւ Դիլիջանի ազգային պարկերը, սոճու տնկարկները: Բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Պեպանյանն «Ազգ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող տարածքներում տոնածառերի նպատակով հատումներ չեն կատարվել եւ չեն էլ կատարվելու:
Նա նշեց, որ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հանձնարարականով պատշաճ հսկողություն է սահմանվել հանրապետության տարածքներում, ճանապարհներին եւ շուկաներում, որպեսզի հայաստանյան եղեւնիներ չհատվեն եւ վաճառվեն: Նախարարության մամլո քարտուղարը հավելեց նաեւ, որ մենք եղեւնիներ քիչ ունենք եւ հիմնականում սոճիներ են, որոնք հաճախ շփոթում ենք եղեւնիների հետ: Արծրուն Պեպանյանը հիշեցրեց, որ անօրինությունների համար տուգանք է նախատեսված:
Միայն հանրապետության հրապարակի մայր տոնածառն է զարդարվել հայաստանյան եղեւնիների եւ սոճիների ճյուղերով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՓԲԸ տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Հիշեցնենք, որ անտառային տնտեսությունները գտնվում են «Հայանտառի» վերահսկողության եւ ենթակայության տակ:
Մարտուն Մաթեւոսյանի խոսքով, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հրամանով, միայն մայր տոնածառի զարդարման համար Գորիսի անտառներից 1500-2000 ճյուղ է հատվել: Նա նշեց, որ թեեւ սոճիների համար անհրաժեշտ են խնամքի, նոսրացման եւ սանիտարական հատումներ, բայց մինչեւ տարեվերջ ամեն հատում արգելված է: Ընկերության տնօրենը նշեց, որ անօրինական հատումներից խուսափելու համար իրենք նույնպես շուրջօրյա հերթապահություն են սահմանել: «Իսկ նախորդ տարի ընդհանուր առմամբ սոճիների, անտառային տարածքների պահպանումը մեզ հաջողվեց», հավաստիացրեց տնօրեն Մաթեւոսյանը:
Ստացվում է, որ վաճառքի հանված տարատեսակ տոնածառերը միայն ներկրված են: Մի քանի վաճառակետերում մեր հարցուփորձից պարզվեց, որ տոնածառերը հատուկ Ամանորի համար ներկրվել են հիմնականում Չինաստանից, Գերմանիայից, Վրաստանից: Մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունից «Ազգ»-ին հայտնեցին, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստան են ներկրվել 120 տոննա փշատերեւ ծառի եւ 3-4 տոննա եղեւնու ճյուղեր: Ինչ վերաբերում է տոնածառերի գներին, ապա դրանք սկսվում են 1500 դրամից, սակայն միջին ճոխության ծառերն արժեն 15-20 հազար դրամ: Իհարկե, կան նաեւ հարյուր հազար դրամների հասնող ծառեր, բայց հասկանալի է, որ դա որոշակի շրջանակի համար է:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ