Ինչպես տեղեկացանք «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանից, դեկտեմբերի 17-ին Հայաստան մտնող գազատարի Վրաստանում գտնվող վնասված հատվածի նորոգումն այսօր պետք է ավարտված լինի: Ներկայումս Հայաստանը գազ է ստանում պահեստային գազատարով, որն ապահովում է մեր երկրի պահանջարկի մեկ երրորդը: Մնացածը լրացվում է գազապահեստարանում կուտակված գազով: Միաժամանակ ընկերության մամուլի քարտուղարը հայտնեց, որ եթե այդ ժամկետում գազատարի նորոգումն ավարտված չլինի, ապա «Հայռուսգազարդը» ստիպված կլինի գազամատակարարման որոշակի սահմանափակումներ կիրառել: Առաջին հերթին դա կառնչվի Հրազդանի ՋԷԿ-ին եւ վերջին հերթին բնակչությանը: Բարեբախտաբար, երեկ ուշ երեկոյան վրաց աղբյուրները հաղորդեցին, որ գազատարի վնասված հատվածը վերանորոգվում է:
Ա. Մ.