Ինչ պետք է անել բոլորին հասանելի եւ որակյալ բուժսպասարկում ունենալու համար
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2005 թ.-ի պետական բյուջեում առողջապահությանը 7 մլրդ դրամից ավելի գումար հատկացվեց նախորդ տարվա համեմատ: Եթե 2004 թ.-ին այս ոլորտին հատկացված գումարը կազմել էր 25 մլրդ դրամ, ապա 2005 թ.-ինՙ 32,2 մլրդ դրամ: Ինչ խոսք, առողջապահությանն ուղղված հատկացումների մոտ 20-25 տոկոսով ավելացումը լուրջ ցուցանիշ է: Առավել եւս, որ այդ գումարը գերազանցել է անգամ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով (ԱՀՌԾ) նախատեսված 30,8 մլրդ դրամը: Սակայն արդյոք մեր բնակիչները անցնող տարում իրենց վրա զգացի՞ն 7 մլրդ դրամի ավելացումը համընդհանուր դարձած անվճար բուժօգնությունից, դեղորայքից կամ այլ ծառայություններից օգտվելիս: Բարելավվե՞ց բուժօգնության մատուցման որակը, հասանելի դարձա՞վ յուրաքանչյուրի համար:
Ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ, չնայած բյուջեով հատկացված գումարների զգալի ավելացմանը, չնկատվեցին: Ընդ որում, դրանք չնկատեցին ոչ բնակիչները, ոչ էլ բուժաշխատողները: ԱՀՌԾ վերանայման գործընթացում հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա եւ քայլեր ձեռնարկել առողջապահությանը հատկացվող միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով: Ո՞րն է խնդիրը:
Ինչպես հայտնի է, առողջապահության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ստեղծվել են բուժմիավորումներ, որոնք որպես առանձին միավորներ տնօրինում են պետական բյուջեից ստացված միջոցները: Այս բարեփոխումների անհրաժեշտության հիմնավորումները տրվել են: Դրանք կառավարման, ծախսերի արդյունավետության, բուժհիմնարկների ինքնուրույնության եւ մի շարք այլ հանգամանքներն են: Սակայն այստեղ եւս սկսել է գործել ավանդական հայկական հիվանդությունը: Տվյալ բուժմիավորման ղեկավարը, փաստորեն միանձնյա տնօրինում է պետական բյուջեից ստացվող եկամուտները: Փաստորեն այս ոլորտում նույնպես սկսում են ձեւավորվել մենաշնորհներ, որոնք բացասաբար են ազդում ե՛ւ բուժհիմնարկների, ե՛ւ բուժաշխատողների, ե՛ւ բնակիչների վրա:
Հիվանդանոցներում, օրինակ, ինչպես նախկինում, անկողնային պարագաները հիվանդի հարազատները պետք է բերեն տնից, դեղերը ձեռք բերեն իրենց միջոցներով, բացի համապատասխան վճար կատարելուց, վճարեն բուժող կամ վիրահատող բժշկին, բուժքույրերին եւ այդպես շարունակ: Որեւէ կերպ հնարավոր չէ իմանալ, թե պետական բյուջեից ստացած գումարներից հիվանդանոցը պարտավո՞ր է հոգալ վերոնշյալ ծախսերն եւ հոգսերը: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-որ կերպ դա հաջողվում է իմանալ, ապա հետեւում է ստանդարտ պատասխանըՙ միջոցները չեն բավականացնում: Ընտրել այլ հիվանդանոցՙ անիմաստ է, որովհետեւ պատկերը նույնն է ամենուրեք:
Ինչ վերաբերում է առաջնային բուժօգնությանը, որն անցյալ տարի դարձավ անվճար բոլորի համար, ապա կարծես թե անժխտելի է դրա անհրաժեշտությունը մեր երկրի համար, որի բնակչության ավելի քան մեկ երրորդը դեռ գտնվում է աղքատության առանց այն էլ ցածր գծից ներքեւ: Սակայն ամեն մի լավ գաղափար կարելի է վարկաբեկել այնպես, որ դրա մասին հետագայում խոսել անգամ հնարավոր չլինի: Ցավոք, դա տեղի է ունենում անվճար բուժօգնության հետ: Առողջապահության ոլորտի պատասխանատուները անընդհատ հրապարակավ հայտարարում են, որ պոլիկլինիկաներում բնակիչներից ոչ ոք գումար պահանջելու իրավունք չունի: Արդյունքում առաջնային բուժօգնության կարիք ունեցող այդ նույն բնակիչները, այցելելով պոլիկլինիկա, տեսնում են բուժաշխատողների դժգոհ եւ կոպիտ վերաբերմունքն ու համապատասխան սպասարկումը: Ինչը, ճիշտ է, արդարացնել չի կարելի, բայց միանգամայն բացատրելի է:
Ինչպես կարելի է բարեհաճ վերաբերմունք եւ որակյալ բուժօգնություն ակնկալել բժշկից, որի աշխատավարձը կազմում է 30-35 հազար դրամ: Մի՞թե բուժաշխատողների աշխատավարձերը նվազ կարեւոր են, քան, ենթադրենք, դատավորների աշխատավարձերը, որոնց կտրուկ բարձրացման վերաբերյալ տրվող պաշտոնական բացատրություններն արդարացիորեն անհասկանալի են հասարակայնությանը: Այս իրավիճակի պատճառը, ինչպես նշեցինք վերեւում, դարձյալ նույն մենաշնորհն է, որն առաջացել է բուժհիմնարկների միավորումից հետո: Բուժմիավորումների ղեկավարներն են դարձյալ միանձնյա, առանց որեւէ չափանիշներ հաշվի առնելու որոշում, թե որքան աշխատավարձ պետք է ստանան իրենց այս կամ այն բուժհիմնարկի բժիշկներն ու բուժաշխատողները: Արդյունքում կառավարության պաշտոնյաները հայտարարում են, որ, օրինակ, 2006 թ.-ին պոլիկլինիկաների բուժանձնակազմի աշխատողների միջին աշխատավարձը բարձրացել է, կազմելով 46800 դրամ, սակայն իրականում անգամ միայն բժիշկները դրանից էապես ցածր աշխատավարձ են ստանում: Աշխարհում ընդունված է, որ բուժսպասարկումը թանկ ծառայություն է եւ որպեսզի որակյալ լինի, հարկ է դրա համար միջոցներ հատկացնել եւ հետեւել, որ դրանք արդյունավետ ծախսվեն:
Առողջապահության ոլորտում իրականացրած բարեփոխումներն իսկապես արդյունավետ, բուժօգնությունը որակյալ եւ հասանելի դարձնելու համար հարկ է միջոցներ իրականացնել ստեղծված բուժմիավորումների արդյունավետ կառավարման եւ ծախսերի վերահսկողության համակարգ ստեղծելու ուղղությամբ: Պետք է հստակ ընդգծվի եւ իրազեկվի, թե որ հիվանդանոցը, որ ծառայություններն է կատարում անվճարՙ պետական բյուջեից ստացած միջոցներով, իսկ որի համար պետք է վճարեն հիվանդների հարազատները: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել բուժաշխատողների աշխատավարձերին: Դրանք պետք է գոնե մոտ լինեն մասնավոր բուժհիմնարկներում, այսինքնՙ շուկայում գոյություն ունեցող աշխատավարձերին: Դրանից հետո միայն կարելի է, ավելի ճիշտՙ պետք է պահանջել որակյալ սպասարկում եւ հիվանդների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք: Հուսանք, որ այս նկատառումները հաշվի կառնվեն ԱՀՌԾ վերանայման աշխատանքային խմբի կողմից եւ կնախանշվեն քայլեր, որոնք հնարավորություն կտան ինչպես բուժօգնությունը հասանելի եւ որակյալ դարձնել բնակչության բոլոր խավերին, այնպես էլ այն իրականացնողների համար ստեղծել ճկուն համակարգ եւ ապահովել գործունեության համար անհրաժեշտ պայմաններով ու վարձատրությամբ: