Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաշխարհային հայկական կոնգրեսի երեք տարվա գործունեության արդյունքներին եւ 2007 թվականի գործողությունների ծրագրին էր նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված կլոր սեղանը: Նպատակը կազմակերպության գործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովումն ու հաջորդ տարի իրագործվելիք ծրագրերի քննարկումն էր, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք առաջարկություններ:
Կատարած աշխատանքները ներկայացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` ընդգծելով Կոնգրեսի եւ դրա նախագահ Արա Աբրահամյանի գործունեության կարեւորությունը: Պրն Անանյանն առաջարկեց ի թիվս այլ նախաձեռնությունների մտածել հայագիտական հիմնադրամ ստեղծելու մասին: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւս ընդգծեց կատարված աշխատանքների կարեւորությունն ու նշանակությունը, առաջարկելով ուշադրություն դարձնել աշխատանքների մասին հանրությանն իրազեկելու հարցերին:
Ելույթներ ունեցան նաեւ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը: Վերջինս առաջարկեց լրջորեն զբաղվել Հայաստանում ծնելիության բարձրացման խնդիրներով: Ելույթ ունեցան նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, պատմաբան Լավրենտի Բարսեղյանը: Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն իր ելույթում համագործակցության առաջարկ արեց` հայկական գրական ստեղծագործությունները ռուսերեն թարգմանելու կապակցությամբ:
Գնահատանքի խոսք ասացին եւ առաջարկներով հանդես եկան նաեւ Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ ուրիշներ:
Ելույթ ունեցողներն ընդհանուր առմամբ բազմիցս իրենց շնորհակալությունը հայտնեցին Կոնգրեսին եւ նախագահ Արա Աբրահամյանին` հայության շահերին առնչվող տարբեր հարցերում գործուն մասնակցության, գործադրած ջանքերի եւ Հայաստանում մի շարք ոլորտներում ցուցաբերած աջակցության համար: Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարից հետո կատարված աշխատանքների եւ 2007 թվականի գործողությունների ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ շաբաթ օրվա «Ազգի» համարում: