«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


ՈԳՈՒ ԱՍՊԵՏԸ

Լեւոն Ներսիսյանի շարունակելի լույսը

«Ծովն եմ ընտրել: Հեռո՜ւ ծովը: Ո՛չ թե Սեւը, Վանը, այլ Միջերկրականը: Միջերկրական եմ հոգու ծնունդով եւ զգում եմ իմ մեջ հազարավոր տարիներ առաջ ապրած նախնիներիս կանչը: Այդ կա՜նչն եմ ես....», իր հոգու անբավ հարստություններից նետված մի խոսք է սա, որ մնաց հիշողություններիս մեջ, մտքի ծիրում նրանց, ովքեր շարունակում են կրել Լեւոն Ներսիսյան մարդ-երեւույթից մի մասնիկ իբրեւ թանկ մասունք: Մաշտոցի պողոտայի վերին հատվածներումՙ շենքերից մեկին տեղադրված նրա դիմաքանդակին փորագրված էՙ «Ոգու ասպետ»: Ուրիշ ոչ մի հիշատակություն, անուն, կոչում կամ ժամանակաթիվ: Ոգեկիր ասպետ. այսպես են իր ժամանակակիցները նրա կերպարը փոխանցում ապագային:

Այդ մեծ հոգու կանչը շարունակում է զրնգալ եւ արձագանքել իր հետ կյանքի ճանապարհ անցած, իր մթնոլորտում թեկուզ կարճ ժամանակով ապրած, իրենց հոգու աշխարհը ներսիսյանական ազնվությամբ շաղախած ու կրթած մարդկանց ներսում: Նա իր կյանքն ապրեց իբրեւ բանավոր ստեղծագործություն եւ թողած լավագույն երկը իր կերպարը եղավՙ անինքնադավաճան, ազնվական ու շիտակՙ բնավ չտրված իրականության քամահրանքներին ու պարտադրանքներին: Նրա բանավոր խոսքը հենց այն ազնիվ սերմն է, առանց որի մարդկության շուրջ դժնդակ հոգիների պարսը սաստկացնում է խավարը:

Ահավասիկ Լեւոն Ներսիսյանիՙ մեր կողքին շարունակվող գոյության վկայությունն էր երեկ ասված խոսքերըՙ Տիգրան Մանսուրյանի եւ Հակոբ Մովսեսի: Դրանքՙ այդ հրաշալի խոսքերն ի ներկայություն այլոց, իրականում ներքին մենախոսություն-խոստովանություն էին, կամ հեռակա զրույցներ մտերիմ ընկերոջ, սիրելի ուսուցչի հետ: Ներսիսյանական խոսքի հզոր ներազդեցությունն էր, որ պահպանվել ու վարակիչ էր դարձնում մթնոլորտն այնպես, որ ուսուցչիս կենդանի ներկայությունն ահա զգում եմ նաեւ գրելու պահին:

Միաժամանակ եւ դժվար է լրագրային մակարդակների մեջ ըստ արժանվույն փոխանցել մեր մեծատաղանդ եւ հոգու բարձր արժանիքները պահպանած արվեստագետների խոսքերն ամբողջությամբ. հուսանք ապագայում մեր թերթի էջերում արձանագրել դրանքՙ ուղղակիորեն: Իսկ մինչ այդ Լեւոն Ներսիսյանի դիմանկար-կերպարն ըստ նրանց, որ բառ-քանդակի նմանվեց: Տիգրան Մանսուրյանը պատմում է Դմիտրի Շոստակովիչի եւ Աննա Ախմատովայի մեկժամյա հանդիպման բացարձակ լռության ու հրաժեշտի մասին. «Ուրեմն կա այդ լռությունը, որն իր մեջ պարփակում է անսահման ուժՙ մերժելու ամեն տեսակ խոսք, ամեն տեսակ քննարկում, ասեկոս, սիստեմի բերած ցավերը, դրանցից բարձր լինելու եւ արժանի լինելու այդ լռությանը: Լեւոն Ներսիսյանը բանավոր խոսքը գրի նկատմամբ մերժելու պահինՙ ինձ ներկայանում է միշտ այդ մարդը. հենց միայն այն, որ սիստեմի գրաքննության միջով պիտի անցներ: Ասֆալտ հարթեցնող մեքենայի տակից չանցած գիրք այս երկրում չկա, չի եղել: Նա չգնաց այդ խաղին, որի շնորհիվ կարող էր ունենալ կոչում, լավ աշխատանք եւ այլն: Բայց չէր լինի իր օրինակը: Տեսնում էինք չէ՞ մարդկանց, որոնք դուրս էին գալիս մի միջավայր, որտեղ մուրացկան էին եւ ապա գալիս-ներկայանում էին ճշմարտության օրենսդիրներ: Լեւոնը, անկարելի էր, որ նման երկվության մեջ ապրեր: Նա իր խոսքը մինչեւ վերջ ապրեց եւ իրենով պահեց մեզ համար այնքան անհրաժեշտ օրինակըՙ ասպետ մարդու. ոգու ասպետի, մտքի, բարոյականության ասպետի»: Ա. Քամյուի մասին իր մի դասախոսությունից ազդված ու հիացած Տիգրան Մանսուրյանը նրան հարցնում էՙ ինչո՞ւ չի գրում, Լեւոն Ներսիսյանը թեՙ «Ես չեմ կարող ապրել մտքի պերիֆերիայում»:

Ինչո՞ւ նա չգրեց, գերադասեց մնալ մեր բանավոր հիշողություններում, ուր գնացին այն խոր իմաստնությունները, բարձր գիտելիքները, մտքի անսովոր, շքեղ փայլատակումները: «Հայերի մեջ գրավոր նյութը բացարձակ արժեք ունի: Այլընտրանք չի ընդունում: Ինքը ծրագրային կյանքով ապրեց: Ապրելը դարձրեց դաս, օրինակ: Նա ինչ խոսում էրՙ մտային ոլորտների այդ բոլոր սավառնումներն ապրեց բանավոր: Դրանցից ինչ-որ ըմբռնումներ իմ երաժշտության մեջ մնացին, Ռուբեն Ադալյանի նկարներում, նրանց մեջ, ովքեր տարան իրենց հետ դրանցից մի մաս: Կգերադասեմ այդպիսի ապրող մարդ, քան քսան հատորանոց մեռած գրադարան»: Տիգրան Մանսուրյանի այս խոսքերը հիշեցրին դասերից մեկի ժամանակ Ներսիսյանի ասածը. թեՙ ես իմպրովիզացիայի դասախոս եմ: Եվ կամ «դժգո՞հ եք իմ փեշակից», երբ հափշտակված ուսանողուհին հարցրեցՙ ինչո՞ւ չի ընտրել արտիստական ճանապարհ: Հիմա ափսոսա՞նք, որ այդ ընտիր խոսքի մարգարիտները գրավոր վկայությունների չեն վերածվել: Բայց եւ չգրված օրենքներովՙ ոգեղեն խոսքի լիցքերը չեն կորչում, դրանք փոխանցովի են. այնպես, ինչպես Հակոբ Մովսեսը երեկ ասես վերաստեղծեց նրան. «Լեւոն Ներսիսյանի մեջ մի մասշտաբ, մի չափանիշ կար, որ գրի համար չէր: Սովետական իրականության մեջ հոգեւոր էության վրա շեշտեր էինք դնումՙ գրողական ազատություն, այլախոհական ազատություն... Ինքը միակ մարդկանցից էր, գուցե միակը, որ ամենաբարձր շեշտադրումը դրեց. ինքը ազատ մարդ էր, ոչ միայն մտքի պերիֆերիայում չէր, այլ մտքի ցանցի մեջ չէր: Ազատ էր որպես հոգի ու նաեւՙ կենցաղով: Որպես մարտիրոս, որպես այլախոհ կարող ես ազատ լինել, ամենադժվարը սակայն հասարակ մահկանացուի ազատությունն է, որի իդեալական չափանիշը Լեւոն Ներսիսյանն էր, իր բոլոր ածանցումներովՙանկեղծություն, հոմերոսյան ագրեսիվություն, անհանդուրժողականություն ամեն կեղծիքին: Նրա ներկայությամբ ամենաստոր մարդը կարող էր 5 րոպեով թեկուզ դառնալ Աստծո գառ:

...Սովետական երկիրը կործանեցին ոչ թե այլախոհները, որ չգիտենք էլՙ արդյոք ազատության ֆենոմենը իրենց մտածողական մակարդակներում ձեռք բերե՞լ էին, թե ոչ, այլ նրանք, ովքեր իրենց հոգում այդ խավարի մեջ պահպանեցին Աստծո դրած լույսը: Նա ազնվական էր ոչ թե դասակարգային իմաստով, նա հոգու ազնվականության ասպետ էր: Լեւոն Ներսիսյանի պես մարդը տարերային աղետ էր հասարակության համար, քանի որ խռովում էր բոլորի հանգիստը, բարձր բաների կոչում»: Մարդկության բարձրագույն իդեալն ու արժեքըՙ ազատությունը նա ծառայեցնում էր հանուն բարոյականության վարքագծի:

Հակոբ Մովսեսը հիշեց նաեւ մութի ու սովի 90-ականները, երբ հատկապես մտավորական մարդիկ հայտնվեցին կեցության նվաստացուցիչ պայմաններում: «Ինչպես Էդմոն Ավետյանը, որ համոթ մեզ սովից մեռավ» եւ շնորհիվ Վանո Սիրադեղյանի ուշադրության էր, որ Լեւոն Ներսիսյանն էլ կյանքի ավարտին չընկավ այս վիճակներում:

Լ. Ներսիսյանը ստեղծում ու ոգեկոչում էր միջավայր, ու իրեն շրջապատողներն էլ նույն հոգեմտային դաշտի մարդիկ էինՙ Էդմոն Ավետյան, Էրիկ Աթայան, Ալբերտ Կոստանյան: «Փառավոր անուններ», բարձր մտքի, բարոյականության տեր մարդիկ, որոնց է Սերգեյ Սարինյանն իր «Ի հեճուկս» գրքում անվանարկում եւ փորձում ստվերել նրանց լուսավոր հետագիծը ապագայի առաջ: Դրա պատասխանն էլ հնչեցՙ իբրեւ ճղճիմ հոգու ողորմելի ճիչ, «իբրեւ Արարատին նետված չնչին մի քար»:

Լեւոն Ներսիսյանից գրավոր արձանագրվել են պատառիկներՙ մի քանի բանաստեղծություններ երիտասարդության տարիների, Ա. Քամյուից մի թարգմանություն, իր մասին առաջին հրապարակումը «Գարուն» ամսագրումՙ 1988-ին Կարեն Սվասյանի հեղինակությամբ, Հակոբ Մովսեսի եւ նրա համառ ճիգերի գնով է եղել: Դրանից հետո բազմացան դրանք, «Նորք» ամսագրում տպագրվեցին հատվածներ իր դասախոսություններից, նկարահանվեց ֆիլմ, որի առաջին դիտումը կլինի այսօր:

«...Ինքն ապրեց իբրեւ լեգենդ: Գիրը լեգենդը սպանում է, լեգենդը դարձնում է պատմություն: Ինքը լեգենդը գերադասեց տեքստից»:

Իսկ արդյոք սրբորե՞ն ենք պահպանում մեզ ավանդված գրավոր եւ վավերական բոլոր արժեքները: Որո՞նք են դիմանում ժամանակի խստակյաց հայացքի դեմ, հարց, որ գաղտնագիտության տիրույթում է: Պատմությունը խոսուն օրինակներ շատ է տալիս: «Կմնա այն, ինչ մենք ընդունակ ենք պահելու այդ լեգենդից: Կանհետանա, երբ մեր հիշողության տախտակները բան չեն ունենա պահելու»:

Բանավոր խոսքի մեծ վարպետն իր հետքը դաջեց նախեւառաջ մեր հոգիներում: Լեւոն Ներսիսյանի ապրած կյանքը չգրված հանճարեղ գիրք էր, նրաՙ լսարանը մոգականության լույսով պարուրողի, հոգու ազնիվ սարսուռ առաջացնողի...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4