Թվում է` անցել են «կուլտի» ժամանակները: Մարդն ազատ է ավելի, քան երբեւէ, կարելի է դրսեւորվել, օգտագործել ազատությունն, ինչպես երբեք: Բայց սա թվացյալ է: Առաջ մարդիկ բողոքում էին սովետի մամլիչից, թե` ստրուկի հոգեբանություն է ներարկում, հիմա մարդը ստրկանում է ինքն իրեն, իր եւ հասարակության վատ դաստիարակությանը, վերջին տարիների ձեռքբերովի սովորույթներին:
Հարեւանիս երկվորյակ տղաներն իրենք իրենց հաճույքով ծանոթ մականուններով են անվանում: Այդ մականուններն արդեն կպել-մնացել են, ու երբ նրանց մորն ասում եմ, թե սիրուն, հայեցի անուններ ունեն երեխաները, ինչո՞ւ չեն օգտագործում, պատասխանում է. «Լավ է, էլի, կմեծանան, մեր պատգամավորների պես մեծահարուստ կդառնան»: Ու ստացվում է, որ հայերիս մի մասը իր համար մեծահարուստի կուլտ է ստեղծում, նրա կերպարը ընդօրինակելի համարում` առանց խորանալուՙ ով, ինչպես, ինչ դաստիարակությամբ եւ այլն: Կո՞ւլտ է, թե չէ:
Երիտասարդ տղաներից շատերի երազանքը մեքենան է` արտասահմանյան, թանկարժեք, մի 100 հազար դոլարանոց: Նրանք կարող են ոչինչ չանելով ժամերով նստել ու մեքենաների մասին պատմող գովազդային հաղորդումները նայել: Չունենալ աշխատատեղ, աշխատանք, օրվա վաստակ, բայց երազել թանկարժեք մեքենայի մասին: Ինչո՞վ իդեա-ֆիքս չէ: Եվ մեր գրոշանոց կյանքի արդյունքը, որտեղ արժեքները գլխիվայր են, որտեղ դրամ վաստակելու բոլոր միջոցներն արդարացված են, քանի որ աչքի դեմ այդ են տեսնում. ով ոչինչ էր երեկ, այսօր ամեն ինչ է` անհայտ ծագման փողի շնորհիվ: Եվ սա կոչվում է բիզնես, աչքաբացություն, ուշիմություն` տասնյակ մեքենաներով սեփական ավտոպարկում, սաունաներ եւ աղջիկներ: Այս է մեր հասարակության հարգված կերպարը, որն առանց նվազագույնը մի զույգ մեքենայի առ ոչինչ է: Եվ մեքենան կուլտ է իսկապես մեր երիտասարդներից շատերի համար, որոնցից շատերի համար այդ պաշտամունքն անվնաս չէ` հիվանդանում են այդ իդեա-ֆիքսով, զանազան մութ գործարքների մեջ ընկնում, երբեմն դավաճանում ամենքին եւ ամեն ինչի` հանուն ցանկալի մեքենայի: Ինչո՞վ պաշտամունք չէ:
Բա բդի պաշտամունքը, որով հիվանդանում է ողջ հայ ժողովուրդը Նոր տարվա շեմին. միջին բուդ, մեծ բուդ, շատ մեծ բուդ` մի քսան հազար դրամանոց, մի մեծ խոզի չափ բուդ: Մի խոսքով` բդի պաշտամունքը Նոր տարուն պատում է ողջ հայ ժողովրդին:
Ու ոչ մի բան չի կարող շեղել նրա ուշադրությունը բդից:
Նոր պաշտամունքներից մեկն էլ «կաստյումի» պաշտամունքն է, որ եկել է մեր հազիվ տառաճանաչ եւ «հայերեն վատ խոսող» գործարարների հետ. «Պիեռ Գարդեն», «Վերսաչի» ու «Արմանի» կոստյումները միակ արժեքն են հաճախ քայլող ոչնչությունների վրա, ու կոստյումի պաշտամունքը պատում է նրանց որպես փրկություն, որպես մարդահաշիվ դառնալու ստույգ երաշխիք, «գալստուկն» էլ վրադիր: Ու տարբեր ընդունելությունների, բանկետների ու ֆուրշեթների կարելի է հանդիպել քայլող կոստյումների, ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:
Բա խաշի պաշտամունքը: Էս մի պաշտամունքը պատում է ե՛ւ հարուստին, ե՛ւ աղքատին: Ու ոչ ոք չի կարող փրկել հայ մարդուն խաշի կուլտից: Էս մեկից, թեեւ, վնաս չկա:
Մի օֆիս ունենալու պաշտամունքը համատարած է` կնիք, մի քանի սենյակ, ՀԿ, թեկուզ կճղակների ու պոզերի առեւտրով զբաղվող, միայն թե ասեն. «ՀԿ ունի տղեն, գրանտ է ուտում»: Ու էսպես օֆիս ունենալու, օֆիսի ժողովրդով «լանչ», «կոֆի բրեյք» ու «դինըր» անելով` ծանր աշխատանքային օրը սպառնում է վարակել բոլորին:
Պաշտամունքները շարունակելի են:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ