Եկող տարվանից անցնում ենք թեսթավարժանքի
Հայոց լեզու եւ գրականություն առարկայից քննության թեստերի փորձարկման զավեշտալի ու պարզունակ արդյունքների մասին գրականագետ Սամվել Մուրադյանի եւ նրա համախոհ դասախոսների մեր թերթում տպած քննադատական հրապարակումից հետո անգամ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կեցվածքն աներեր է: Նա ընդունելի չի համարում այս տարվա ընդունելության քննությունների համար շտեմարանը որպես հիմք ընդունելու եւ քննական նոր համակարգի պահանջներին համապատասխան նոր թեսթեր ստեղծելուՙ ԵՊՀ հայոց լեզվի եւ գրականության դասախոսների առաջարկը: Դեմ չէ միայն արդեն եղած թեսթերում որոշ փոփոխություններ մտցնելուն: Ավելի քան ակներեւ է, որ թեսթերի մասնագիտական որակը քննադատողների խոսքն ընկալվում է որպես նեղ անձնական շահագրգռություն, այնինչ հեղինակավոր ամեն մի մասնագետի դիտողություն ու առաջարկ պիտի ընդունվեր որպես հայոց լեզվի ու գրականության հանդեպ սիրո ու պարտականության արտահայտություն: Այլեւս կասկածի նշույլ անգամ չկա, որ հայոց պատմություն առարկայից քննության թեսթերը քննադատողները պիտի համարվեն նյութապաշտներ, իսկ գովերգողներըՙ թունդ հայրենասերներ:
Հաստատ է նաեւ, որ անգլերեն ու մյուս օտար լեզուների թեսթերը նախարարության թեսթավորման կենտրոնը կկազմի այնքան փաղաքուշ, որ գուցե հատուկ մրցանակի արժանանա նոր կրթակարգի հովանավոր Համաշխարհային բանկից:
«Այս ամենը մեկ նպատակ ունիՙ աշակերտին տալ լիարժեք գիտելիք, այլ ոչ թե վարժեցնել շտեմարաններով», երեկ հրավիրած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Լեւոն Մկրտչյանը: Իսկ ի՞նչ է, ցաքուցրիվ, մակերեսային ու պարզունակ թեսթերով հնարավոր չէ՞ վարժեցնել:
Ինչեւէ, նախարարը գոհ է կրթական ծրագրերից, անցնող տարվա ամենամեծ հաջողությունը համարում է այն, որ «ամեն ինչ ծրագրային տեսքի են բերել: Մյուս տարվա բյուջեն կլինի ծրագրային»: Եկող տարի կմշակվի 207-2015 թթ. կրթության զարգացման համալիր հայեցակարգը: «Սա շատ բարդ աշխատանք է, բայց մեր կրթության փրկությունը սրա մեջ է», կարծում է նախարարը:
Իսկ տարվա ամենամեծ անհաջողությունն այն էր, որ չհաջողվեց նախարարության «աշխատանքներն ու ցանկությունները դարձնել հասարակության սեփականությունը»: Օրինակ, այսքան խոսում են բոլոնյան գործընթացի մասին, բայց ուսուցիչների ու դասախոսների 80 տոկոսը շատ աղոտ պատկերացում ունի դրա մասին: Այդ թերությունը, ըստ նախարարի, շտկելի էՙ եկող տարվանից ավելի մեծ ուշադրություն կդարձնեն քարոզչական աշխատանքին, կհրատարակեն նոր գրքույկներ, ուղեցույցներ: Բացի այդ կհետեւեն Երեւանի քաղաքապետարանի օրինակին եւ որեւէ հեռուստաընկերությունում սեփական հեռուստաժամ կունենան: Նախարարը մտածում է նաեւ հաջորդ տարվանից գերմաներենի ու ֆրանսերենի զարգացման ծրագրեր սկսել, որովհետեւ շատ դժգոհ է դասավանդման վատ դրվածքից: «Դրանց դասավանդումը հանրակրթության դպրոցում վտանգված է: Վտանգի տակ են նաեւ բնագիտական առարկաները, հատկապես ֆիզիկան ու քիմիանՙ թե՛ դասաժամերի, թե՛ լաբորատոր սարքավորումների պակասի առումներով»:
Եկող տարի կշարունակվի նաեւ դպրոցների համակարգչայնացումըՙ 1468 դպրոցներից 167-ն արդեն հագեցած էր համակարգիչներով, այս տարի համակարգիչ ունեցավ եւս 368 դպրոց, իսկ 2007-ին կունենա եւս 311-ը:
ՌՈԻԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ