«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#243, 2006-12-20 | #244, 2006-12-21 | #245, 2006-12-22


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ Է»

Հարավային Կովկասն այսօր անկայունության եւ մեծ տերությունների մրցակցության գոտի է, ինչի պատճառով Հայաստանը մեծ դժվարություններ է ունենում: «Նովոյե ռուսկոյե սլովո» նյույորքյան թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նման կերպ է որակել այս տարածաշրջանը, նշելով, որ Հայաստանի տնտեսական իրադրության վրա անդրադառնում են Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցները, Արեւմուտք-Իրաք լարվածությունը, ղարաբաղյան հարցում լուրջ առաջընթացի բացակայությունը եւ այլն:

Վերջին հարցի առնչությամբ Արա Աբրահամյանը նշել է, որ Ղարաբաղի հայերը ողջ հայ ժողովրդի անբաժանելի մասն են, եւ մեկ պետության մեջ միավորվելուց հրաժարվելը հայերի երբեմնի արած ամենամեծ քաղաքական փոխզիջումն է, քանի որ Լեռնային Ղարաբաղը դարերով եղել է Հայաստանի մաս եւ միայն 20-րդ դարի սկզբում հայտարարվել վիճելի տարածք:

Արա Աբրահամյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին, կարեւորելով, որ ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության խնդիրն այսօր միջազգային քաղաքականության օրակարգում է, ընդ որում առանց ցեղասպանության ճանաչման Անկարան չի կարող Եվրոմիության անդամակցության հույս ունենալ: Ի թիվս մի շարք երկրների կողմից ցեղասպանության ճանաչման, Արա Աբրահամյանը կարեւորել է նաեւ ԱՄՆ-ի 38 նահանգների օրենսդիր մարմինների կողմից ցեղասպանության ճանաչման հանգամանքը: Այս համատեքստում Աբրահամյանն ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը չի պաշտպանում Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ամեն դեպքում, Արա Աբրահամյանի մոտեցմամբ, սպասվող հայաստանյան ընտրությունների գործընթացի վրա կազդի Արեւմուտքըՙ ելնելով ռուս-վրացական հակադրության հետագա զարգացումներից: Աբրահամյանը շեշտել է, որ չնայած Արեւմուտքի տնտեսական ու ռազմական գրավչությանը, Ռուսաստանը կովկասյան երկրներում շատ ավելի դաշնակիցներ ունի, որոնց թիվը հատկապես մեծ է Հայաստանում:

Ռուսաստանի հայերի միության նախագահն անդրադարձել է նաեւ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած սպանություններին, որոնցում հիմնականում մեղադրվում են սկինհեդական խմբավորումները: Արա Աբրահամյանը նշել է, որ Ռուսաստանում, իրոք, առկա է ազգամիջյան լարվածություն, որի հիմնական պատճառը սեփական նույնականության որոնման մեջ գտնվող էթնիկ խմբավորումներն են: Միեւնույն ժամանակ ՌՀՄ նախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Ռուսաստանում գտնվող հայերի մեծ մասն ընդգրկված է հասարակական համակարգերում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4