«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#243, 2006-12-20 | #244, 2006-12-21 | #245, 2006-12-22


ՎՐԱՍՏԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՇԱՏ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ ԷԻՆ

Սակրեբուլոյի նախագահի հայ թեկնածուին չեն պաշտպանել հայերը

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերի 5-ին կայացած ընտրությունները երկրի հայաբնակ տարածքներում տարբեր իրադարձությունների ու դրանց մեկնաբանությունների տեղիք տվեցին: Այն ժամանակ, երբ Վահագն Չախալյանի ձերբակալության եւ ընդհանրապես «Միասնական Ջավախք» դաշինքի գործունեության առնչությամբ հիմնականում խոսվեց Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի ընտրությունների մասին, հայաշատ մեկ այլ շրջանի` Ծալկայի սակրեբուլոյի ընտրություններն առանձնակի չկարեւորվեցին: Հետաքրքրական է, որ, ամեն դեպքում, Վրաստանում հայերի հետ կապված միջադեպերն ավելի հազվադեպ են հենց այս շրջանում: Այստեղ քանիցս տեղի են ունեցել միջէթնիկական բախումներ, որոնք միշտ չէ, որ ավարտվել են սովորական ծեծկռտուքով:

Ինչեւէ, Ծալկայում եւս, ինչպես եւ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի շրջաններում, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաքրքրական զարգացումներ ունեցան:

Ինչպես «Ազգին» տեղեկացրել են Ծալկայի շրջանի ներկայացուցչական պալատի նորընտիր մի շարք պատգամավորներ, շրջանի ընտրողների ընդհանուր թվի ավելի քան 45 տոկոսը կազմող հայազգի բնակչությունը սակրեբուլոյում իր քվեարկությամբ ստացել էր 17 պատգամավորական տեղ, հատկապես երբ տեղական ընտրություններից մոտ մեկ ամիս անց պետք է տեղի ունենար սակրեբուլոյի նախագահի ընտրությունը, որ կարեւորության առումով Ծալկայի շրջանի երկու գլխավոր պաշտոններից մեկն է:

Հայ պատգամավորների թիվը բավականին կարեւոր հանգամանք էր այն պարզ պատճառով, որ շրջանային սակրեբուլոյի նախագահի ընտրության համար անհրաժեշտ էր ունենալ 20+1 ձայն: Կար նախագահի հայ թեկնածու, եւ եթե հաշվի առնենք, որ, «Ազգի» աղբյուրների համաձայն, սակրեբուլոյի նախագահի հայ թեկնածուին իրենց աջակցությունն էին հայտնել նաեւ այլազգի ներկայացուցիչներ, պարզ է, որ եզակի հնարավորություն էր ստեղծվել Ծալկայի նման խնդրահարույց շրջանում ունենալ շրջանային սակրեբուլոյի հայ ղեկավար այն դեպքում, երբ գործադիր իշխանությունն արդեն իսկ ներկայացված է վրացի պաշտոնյայով:

Հայ պատգամավորների ներկայությունը սակրեբուլոյում ապահոված հայ ընտրողների շահերից ելնելու տրամաբանությանը հետեւելու դեպքում ենթադրելի կլիներ, որ համատեղվեին ուժերն ու ջանքերը եւ ապահովվեր սակրեբուլոյի նախագահի հայ թեկնածուի ընտրությունը: Բայց միշտ չէ, որ ընտրողների շահերն առաջնային են եւ չեն ստորադասվում անձնականներին: Ծալկայի շրջանային սակրեբուլոյի նախագահի ընտրությունն էլ միայն ապացուցեց, որ ազգային շահեր, հայության խնդիրներ, միասնություն ու նման արժեք համարվող հասկացությունները միայն կարեւոր ու տեղին են, երբ օգտագործվում են նախընտրական շրջանում:

Ընտրված հայ պատգամավորներից մի քանիսը բացահայտ, մյուսները` ոչ այնքան բացահայտ քվեարկել են սակրեբուլոյի նախագահի վրացի թեկնածուի` Քեթեվան Լաղիձեի օգտին, որն, «Ազգի» տեղեկություններով, տարբեր մակարդակի չորս ընտրություններում արդեն քանի տարի համառորեն փորձում էր հայտնվել իշխանական օղակներում: Արդյունքում Ծալկայի շրջանի սակրեբուլոյում Վրաստանի հայազգի քաղաքացիների շահերի ներկայացումն ու պաշտպանությունը մնացել է լուծումներ գտնելու ավելի փոքր հավանականությամբ:

Այս պարագայում կարեւորը ոչ այնքան բազմազգ Ծալկայի շրջանում սակրեբուլոյի նախագահի հայ թեկնածուին չպաշտպանելն է կամ վրացի թեկնածուի օգտին քվեարկելը: Ի վերջո, վրացի ղեկավարի դեպքում էլ հնարավոր է, որ նա մտահոգ լինի իր շրջանի բնակչության, այդ թվում` հայազգի քաղաքացիների խնդիրներով:

Բայց եթե վրացի թեկնածուին շրջանային սակրեբուլոյի նախագահ դարձնում են այն հայ պատգամավորները, որոնց երեխաները սովորում են Երեւանում, իսկ իրենք իրենց այնքան էլ չեն ասոցացնում հայության խնդիրների ու ընդհանրապես հայ լինելու հետ, ապա դժվար թե իրենց նախապատվությունը վրացի թեկնածուին տված հայ պատգամավորներն առաջնորդվել են պարզապես թեկնածուներից լավագույնին ընտրելու մղումով: Մի՞թե սա զուտ վկայություն է առ այն, որ Ծալկայում հայերը դեռ երկար խնդիրներ կունենան, որոնք երբեմն արյունալի դրսեւորումներ են ունենում:

Բացի այդ, Քեթեւան Լաղիձեի թեկնածությունը պաշտպանած հայ պատգամավորների նկատմամբ շրջանում որոշ դժգոհություններ են արտահայտվում: Նրանց նմանօրինակ կեցվածքը որակվել է որպես անընդունելի, ավելին` դավաճանություն: Եվ եթե նկատի ունենանք Վրաստանի հայաբնակ բնակավայրերում առանց այն էլ ոչ հանգիստ վիճակն ու սոցիալ-տնտեսական բարդ իրադրությունը, ենթադրելի է, որ որոշակի ուժեր իսկապես այս տարածքներում նման պատգամավորների ձեռքով ինչ-որ քաղաքականություն են իրականացնում` հայաթափման, ուղղակի սադրիչ, թե վրացականացման` կհստակեցնի ժամանակը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4