ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գարնանային նստաշրջանից հետո, մինչեւ ամառվա կեսն էլ դեռ, երբ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի մոտ քննարկվում էր քաղաքական ուժերի տարբեր առաջարկների հիման վրա ձեւավորված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, լրագրողների եւ քաղաքական ուժերի մի այնպիսի հետաքրքրություն կար այդ փաստաթղթի նկատմամբ, որ արմացած-զարմացած ես մնում նույն փոփոխությունները քննարկող երեկվա ԱԺ դատարկ դահլիճի վրա: Սակայն օրինագծի ընդդիմախոսներն, այնուամենայնիվ, ներկա էին եւ երեկ հնարավորություն ունեցան մի անգամ եւս իրենց բոլոր մտավախություններն ու դժգոհություններն առաջարկվող փաթեթի նկատմամբ ներկայացնել: Ասենք, որ հակադրությունը իրարից հեռացնում էր տեսակետները` ընդդիմությունն, ի դեմս Հովհաննես Մարգարյանի (ՕԵԿ), Գրիգոր Հարությունյանի, Արշակ Սադոյանի (Արդարություն), Վիկտոր Դալլաքյանի, Մանուկ Գասպարյանի, Թաթուլ Մանասերյանի եւ այլոց, եթե ընդհանուր ձեւակերպենք, պնդում էր, որ երկար քննարկումների արդյունքում առաջարկվողը ընտրակեղծիքների համար սողանցքներ թողնող մի փաստաթուղթ է, ընդդիմության առանցքային առաջարկությունները չեն ընդունվել, եւ որի շնորհիվ իշխանությունը նկարչության եւ ընտրակեղծիքների միջոցով փորձելու է ապահովել իր վերարտադրությունը:
Իսկ կոալիցիոն միավորներն ի դեմս օրինագծի հիմնական զեկուցող Սամվել Նիկոյանի, նրա կուսակիցներ ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի եւ ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանի, ինչպես նաեւ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի` պնդում էին, որ ընդդիմության շատ առաջարկներ ներառվել են փոփոխություններում, սա բավական բարելավված փաստաթուղթ է, եթե այն չընդունվի` ընդդիմախոսները եւս չեն կարող առաջադրվել, եւ առաջարկում էր քվեարկել արտահերթ ռեժիմով առաջին եւ երկրորդ ընթերցմամբ վերջին երկու օրը քննարկումներ անցած փոփոխությունների օգտին: Երկու օր է հատկապես ակտիվ է Հ. Մարգարյանը, որը պնդում էր, որ նախապես համաձայնությամբ արված առաջարկների մեծ մասն այս փաստաթղթից վերջին պահին հանվել են: Ըստ նրա (եւ ուրիշների)` հնարավոր չէ վերահսկել օրինակ զինծառայողների քվեարկության գործընթացը ընտրացուցակների գաղտնիության պատճառով: Ավելի ճիշտՙ դրանք կազմում են զինվորականները եւ ներկայացնում լիազոր մարմնին, իսկ վստահված անձը չի կարող հետեւել, թե մի զինվորը քանի տեղ քվեարկեց: Ելքը զինվորական գրքույկներում կնիք դնելը կամ մատները թանաքոտելը կլիներ, որը սակայն մերժում են օրենքի համահեղինակները: Նախապես համաձայնություն էր եղել ընտրությունների արդյունքներն ամփոփել ընտրությունների ավարտից 5 ժամ հետո, մասնակիցների թիվ ասելով, մինչդեռ քննարկվող նախագծում նախնական ամփոփման ժամկետը երկարացվել է մինչեւ հաջորդ առավոտ ժամը տասը: Ընդդիմությունը բավականին բուռն մերժում էր նաեւ ընտրական հանձնաժողովի քվորումի հարցի չեզոքացումը նախագծում, որի շնորհիվ հանձնաժողովի մի քանի իշխանամետ անդամ, անգամ հանձնաժողովի նախագահը, կարող են նիստ անել եւ որոշում կայացնել: Վիկտոր Դալլաքյանն այսպիսի որակում տվեց. «Օրենքի նախագիծ` հանձնաժողովի 1 անդամով ընտրությունները կեղծելու մասին»:
Ի դեպ, ՕԵԿ-ը մի քանի օր առաջ հետ էր կանչել իր ստորագրությունը փաստաթղթից` այս եւ մի քանի այլ սկզբունքային առաջարկներ փաստաթղթից դուրս թողնելու համար, ավելի վաղ դա արել էին նաեւ «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը»: Ստացվում է, որ փոփոխված ընտրական օրենսգիրքը միայն կոալիցիայինն է, ինչը կարող է ստվերել Վենետիկի հանձնաժողովի` ԸՕ-ն կոնսենսուսային անվանելու մի ժամանակվա հույսը: Բնականաբար կոալիցիան համաձայն չէ ընդդիմության որակումներին: Օրինակ, ՀՅԴ-ի անունից հանդես եկած Հրայր Կարապետյանը գտնում է, որ այս նոր, փոփոխված օրենսգիրքը թույլ կտա ի կատար ածված տեսնել խորհրդարանի պարտականությունը` օրենսդրությամբ փակելու կեղծիքների եւ զեղծարարությունների սողանցքները, եւ օրենսգրքի առավելությունն այն է, որ հենց պատժամիջոցներ է նախատեսում զեղծարարությունների համար:
ՄԱԿ խմբակցության ղեկավարը երեկ երեկոյան, խմբակցությունների տեսակետների արտահայտման ժամանակ բարձրագոչ հայտարարություն արեց, թե պատասխանատվություն է ստանձնում 2007-ի ընտրությունների համար. «Քաղաքական կամք ունենք նորմալ ընտրություններ իրականացնելու, հնարավոր մաքսիմում արդարություն կապահովենք»` չգիտես միայն իր, թե՞ կոալիցիոն մյուս ուժերի անունից էր նա այդ գործընթացն ապահովում: «Գործարարից» Մեխակ Մխիթարյանը շարունակեց պնդել, թե նախկին ընտրությունների չափանիշները նոր ընտրություններում չեն կարող գործել, ԸՕ-ի նախագիծն էլ 1 քայլ առաջ համարեց: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը մի ուժգին քաղաքական ելույթ ուղղեց ընդդիմությանը, ասելով, որ եթե խոսափողն ուղիղ ռադիոեթերում միացված չլիներ, ընդդիմությունն այս առիթն էլ չէր օգտագործի հայհոյելու իշխանությանը: Գ. Հարությունյանը իշխանության ներկայացրած օրենսգիրքը հասարակության օրենսգիրք չդիտեց, նաեւ կասկածեց ՄԱԿ-ի կողմից արդար ընտրությունների երաշխավոր լինելը, քանի որ հենց նրա առաջարկն է ընտրական հանձնաժողովներում դատավորների տեղը նույն դատական համակարգին ենթակա դատական աշխատողներով փոխարինելը: Հիմնական զեկուցող Սամվել Նիկոյանն իր եզրափակիչ ելույթում ընդդիմախոսների հետ հիմնականում չհամաձայնեց, նաեւ փոփոխությունները գովող Ռաֆիկ Պետրոսյանի կողմից մի քանի թերի կողմերի մատնանշման հետ, որոնցից մեկում, օրինակՙ վերջինս համարյա համաձայն էր ընդդիմադիրների տեսակետին, որ ընտրական հանձնաժողովում պետք է քվորում ապահովել, այլապես հանձնաժողովի մշտապես իշխանության կողմից նշանակված նախագահը մենակ էլ կարող է որոշում կայացնել:
Նիստերի ընդմիջմանը լրագրողների հարցերին պատասխանած ԱԺ նախագահն էլ, որ իր տեսակետները հայտնել էր նաեւ արտահերթ ելույթով, նկատեց. «Որեւէ մեկը վերին արտի ցորեն չէ, որպեսզի ուղղակի խոսի, իսկ մյուսներն աշխատեն, ու հետո պահանջի ու մուննաթ գա աշխատողի վրա... Զարմանալին ու զավեշտալին այն է, որ կարճ ժամանակ անց, երբ այդ թերությունների զգալի մասը շտկվեց, երկու խմբակցություններ իրենց ստորագրությունը հանեցին: Իրենք բացատրելու անհրաժեշտություն ունեն, թե ինչու շատ ավելի բարեփոխումներ կրած նախագծի տակ չեն ստորագրում»:
Դատարկ, թե լիքը դահլիճում` չարչրկված ԸՕ-ի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումներն ավարտված են, առջեւում քվեարկությունն է: