IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական «BoxSport» ամսագրի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի այս տարվա լավագույն բռնցքամարտիկ: Հարցմանը մասնակցել են ամսագրի ընթերցողները, ինչպես նաեւ հատուկ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին նախկինում հանրահայտ բռնցքամարտիկներ Դարիուշ Միխալչեւսկին, Սվեն Օտկեն եւ Գրացիանո Ռոկիջանին:
Հարցման արդյունքներով Արթուր Աբրահամը գերազանցեց IBF-ի վարկածով գերծանր քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին եւ կիսածանր քաշում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Զոլթ Էրդեին: «Հպարտ եւ զգացված եմ նման պատվի արժանանալու համար: Ժյուրին բաղկացած էր շատ հանրահայտ մարդկանցից եւ իհարկե հաճելի է արժանանալ նաեւ ընթերցողների համակրանքին: Հաջորդ տարի ես ամեն ջանք կներդնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը հաջողությամբ պահպանելու համար», նշել է Արթուր Աբրահամը:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Ուլի Վեգները, որը նաեւ մարզում է Արթուր Աբրահամին: Նա արդեն 4-րդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվում: Հաջորդ տեղերում են Ֆրից Զդունեկը եւ Միխայիլ Տիմը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ