Այս վերնագիրն է կրում Բոննումՙ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության տանը բացված ցուցահանդեսը, որը նպատակ ունի ժամանակի հայելու մեջ արտացոլել այն, ինչ ներկայացնում է հնագույն եւ մեծ ժողովրդականություն վայելող այս խաղի անցած ճանապարհը, այդ խաղի սերտ կապը քաղաքականությանը:
Պատմության տարբեր փուլերում 32 ֆիգուրները 64 քառակուսիների վրա պատկերել են քաղաքական եւ հասարակական իրականությունը: Հնդկաստանում ծագած այս խաղը եվրոպացիներին հայտնի է դարձել 7-րդ դարումՙ արաբների շնորհիվ: Իր եվրոպական կարիերայի հենց սկզբից խաղը ռազմական եւ ռազմավարական մտքի լավագույն դպրոց է համարվել:
400 ցուցանմուշ ընդգրկող ցուցահանդեսում ներկայացված են շախմատային տարբեր ֆիգուրներ (նաեւ ինքնաշեն), գրաֆիկա, լուսանկարչություն, մամուլի հրապարակումներ, համակարգիչներ, Սասանյան Պարսկաստանի ժամանակներից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ:
Միջին դարերում սպիտակ եւ սեւ ֆիգուրներով վարժությունները քաղաքական գործիչների ու զինվորականության դաստիարակմանն են նպաստել:
Մոտավորապես 15-րդ դարում մշակվեցին խաղի այն կանոնները, որոնք մինչեւ այսօր են գործում: Այդ ժամանակներից ի վեր շախմատը էլիտարից դարձավ լայն ժողովրդականություն ունեցող խաղ: Ամեն դարաշրջան շախմատի մեջ իր ուրույն դրոշմն է դրել: 19-րդ դարում, օրինակ, շախմատը շատ սիրելի դարձավ սոցիալ-դեմոկրատների շրջանում: Այս գաղափարախոսությանը հարողները հույս ունեին, թե փայտե ֆիգուրների տեղաշարժը օգնելու էր յուրացնել սոցիալական հաղթանակին հասնելու ռազմավարությունը:
Շախմատն իրենց քաղաքականության մեջ ակտիվորեն օգտագործել են նաեւ նացիոնալ-սոցիալիստները, որոնք խաղն անվանել են «գերմանացիների ազգային խաղ»: Փաստ է, որ Հիտլերի ժամանակ ստեղծված բազմաթիվ շախմատային ընկերություններն աշխարհին այդպես էլ որեւէ տաղանդ չեն տվել: Ցուցահանդեսի առիթով լույս տեսած բազմաթիվ հրապարակումներից մի քանիսում բացատրությունն այսպիսին էՙ դրանց անդամների մեջ բացակայում էին հրեաները: Իսկ շախմատն առանց հրեաների նույնն է, ինչ հոկեյն առանց կանադացիների:
Շախմատային խաղը սիրված էր նաեւ ճամբարներում, այն ռազմագերիներին հնարավորություն էր տալիս մոռացության տալ իրականությունը: Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել հացի խմորից կամ լրագրային թղթից պատրաստված խաղաֆիգուրներ:
Սառը պատերազմի ժամանակ շախմատը, ինչպես եւ սպորտի այլ ձեւեր դարձան հակամարտող համակարգերի գործոններից: Օրինակ,1972-ին ամերիկացի Բոբբի Ֆիշերի եւ խորհրդային գրոսմայստեր Բորիս Սպասկու միջեւ կայացած խաղը աշխարհի բոլոր լրատվամիջոցների գլխավոր թեման է դարձել: Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել Ռեյկյավիկի այն սեղանը, խաղատախտակը, որի վրա տեղի է ունեցել Սպասկի- Ֆիշեր մրցապայքարը: Շախմատային խաղատախտակի վրա Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ պայքարը կամ այսպես կոչված «երկու համակարգերի պայքարը» տեղի ունեցավ այն ժամանակ, երբ խորհրդային համակարգի ներկայացուցիչ Անատոլի Կարպովը խաղաց արդեն դիսսիդենտ Վիկտոր Կորչնոյի դեմ: (Ի դեպ, Բոննի ցուցահանդեսը բացելու պատիվը հենց վերջինիս էր տրված):
70-ականներին շախմատը նոր չափումներ է ձեռք բերում: Հրապարակ է հանվում շախմատային մի ծրագիր, որն իր հնարավորություններով ի զորու էր մրցակցել մարդկային ուղեղի հետ: Ցուցահանդեսում ներկայացված է 1997-ի պատմական այն խաղը, երբ «Deep Blue» համակարգիչն առաջին հաղթանակը գրանցեց աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի դեմ: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2007-ի փետրվարի 11-ը, ժամըՙ 9- 19-ը: Մուտքն ազատ է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա