«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#244, 2006-12-21 | #245, 2006-12-22 | #246, 2006-12-23


ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՈՒՂԻՆՙ ԱՄԵՆԱԱՆԱՉԱՌ ՀՈՒՇԱՐԱՐ

Սեփական սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին պարբերաբար խոսվում էր ԼՂՀ անկախության հռչակումից ի վեր, բայց այս ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկվել են 2004 թվականից:

ԼՂՀ հիմնական օրենքի ընդունման համար ունենալով դրա իրավական բազանՙ ի դեմս արդեն ընդունված եւ կիրարկման դրված հարյուրավոր օրենքների, միեւնույն ժամանակ շեշտված ենք տեսնում դրա պատմական օրինաչափությունը:

Երկրի հիմնական օրենք ունենալը պայմանավորված լինելով նախ եւ առաջ պետական անկախության բաղադրիչներով, թերեւս լիարժեքորեն չէր արտացոլի դրա դե յուրե անհրաժեշտությունը, եթե բացակայեր պատմական հիմքը, մանավանդ ԼՂՀ-ի պարագայում, երբ մեր անկախությունը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ: Այս հանգամանքն, ի դեպ, արդեն իսկ շահարկում են մեր նկատմամբ անբարյացակամություն դրսեւորող որոշ պետություններ, որի մի ստույգ արտահայտությունը ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների վերջերս Բրյուսելում հնչեցրած համատեղ հայտարարությունն է ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի առիթով:

Նման բնույթի հայտարարությունների սնանկությունը փաստարկվում է Արցախի պատմական հարուստ անցյալով, որը, կարծում եմ, առավել ամբողջական եւ միեւնույն ժամանակ համոզիչ ձեւով ներկայացված, քան դա արված է «Արցախահայության պետականության պատմաիրավական զարգացումը» մենագրության մեջ («Օրենք եւ իրականություն» հրատարակչություն, Երեւան, 2004 թ.), դժվար է գտնել: Մենագրության հեղինակը ԼՂՀ սահմանադրության նախագծի հեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանն է:

Աշխատությունում վերլուծաբար ներկայացված է արցախահայության պետականության պատմաիրավական զարգացումըՙ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, ընդ որումՙ դա արված է մատենագիտական աղբյուրների, արխիվային վավերագրերի, փաստաթղթերի եւ գիտական ուսումնասիրությունների հիման վրա:

Առանց գիտական մանրազնին քննության ենթարկելու էլ տեսանելի է, որ մենագրությունը համոզիչ փաստարկներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի պատմաիրավական անցուղու վերաբերյալ: Առանձնապես սահմանադրական հանրաքվեի համապատկերին այն խիստ այժմեական է, եւ հարկ է շեշտադրել աշխատության կարեւոր նշանակությունը ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից:

Հայկական պետականության ուղեծրում դիտարկելով Արցախի հազարամյա գոյությունըՙ Ա. Զալինյանը միեւնույն ժամանակ տարբեր պատմագիտական աղբյուրների հղումով հավաստում է այս հինավուրց երկրամասի իրավական ինքնությունը: Մասնավորապես հեղինակը հիշատակում է Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում, որը գտնվել է ներկայիս Մարտակերտի շրջանի տարածքում, 488 թվականին ընդունված «Կանոնական սահմանադրությունը»: Այն ըստ էության ընդունված լինելով հայ հոգեւոր ու աշխարհիկ տերերի ժողովումՙ նորաստեղծ թագավորության սահմանադրությունն է: «Հայտնի է, որ մինչեւ Վաչագան Բարեպաշտի «Կանոնական սահմանադրության» ընդունումըՙ 356 թվականին Աշտիշատում (Հարավային Հայաստան, Վան քաղաքի մոտ գտնվող քաղաք) գումարված առաջին եկեղեցական ժողովում եւ 444 թվականին Շահապավինում (Արարատ լեռան մոտ գտնվող բնակավայր)ՙ երկրորդ եկեղեցական ժողովում ընդունվել էին եկեղեցական եւ աշխարհիկ կյանքը կարգավորող կանոններ: Սակայն բուն մայր երկրում հայկական պետականության բացակայության պայմաններում ընդունելով «Կանոնական սահմանադրությունը», ընդգծվեց նոր քաղաքական իրողությունըՙ հայոց երկրի մի անկյունում անկախ հայկական թագավորության գոյությունը, ինչն ունի խորհրդանշական արժեք արցախահայության պետականության զարգացման տեսանկյունից», գրում է հեղինակը:

Ո՞րն է «Կանոնական սահմանադրության» առանձնահատկությունը: Այս հարցադրման պատասխանում դժվար է չհամաձանել Ա. Զալինյանի համոզմունքինՙ թե արցախահայության հոգեւոր-եկեղեցական եւ հասարակական հարաբերությունների ուսումնասիրման համար այն ունի բացառիկ նշանակություն եւ վկայում է թագավորությունում եկեղեցու մեծ դերի մասին: Այս վերջին պարագան ունի ուշադրության արժանի եւս մի հանգամանք. խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում հոգեւոր կյանքը պարտադրված էր շնչահեղձության, եւ կարելի էր պատկերացնել, թե եկեղեցասեր արցախահայության վրա ինչ ծանր ազդեցություն է ունեցել հոգեւորից մեկուսացումը:

Գնահատելով «Կանոնական սահմանադրության» նշանակությունը, աշխատության հեղինակը փաստում է, որ հետագա տասնամյակները Արցախի համար սոցիալ-տնտեսական զարգացման բուռն ժամանակաշրջան են եղել:

Մատնանշելով նաեւ Հովհաննես Օձնեցու «Հայոց կանոնագիրքը» (8-րդ դար), Ալավկա որդի Դավթի «Դատաստանագիրքը» (12-րդ դար), Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (12-րդ դար), Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը» (13-րդ դար), աշխատության հեղինակը առանձնացնում է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը» (18-րդ դար), որը հայկական պետության սահմանադրության նախագիծն էր: Այն գրվել է ավելի վաղ, քան աշխարհում առաջինը համարվող ԱՄՆ սահմանադրությունը (1787թ.), եւ Ա. Զալինյանի բնորոշմամբՙ «տոգորված է աստվածաշնչյան զորությամբ, Հայ առաքելական եկեղեցու դարերի իմաստությամբ, հայոց սովորութային իրավունքով, հայ իրավական մտքի ձեռքբերումներով, օրենքի գերակայության, իրավունքի, արդարության եւ բարոյականության միասնության, հասարակության իրավական եւ բարոյական հիմքերի անսասանության ապահովման անհրաժեշտության գաղափարով»:

Հեղինակը մեջբերելով Շ. Շահամիրյանի ստեղծած սահմանադրության նախաբանի հետեւյալ տողերըՙ «Ճանաչեցինք ու մեր ճանաչածը հաստատեցինք, որ մեր Աղվանից աշխարհից, որտեղից արեւն է ծագում...», միաժամանակ գրում է. «Շահամիրյանի պատկերացումները հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել նրա գործունեությունը եւ այն պատմական ժամանակաշրջանն ու իրադարձությունները, որոնց պարագայում նա գրում էր իր աշխատությունը»: Այսինքնՙ աղերսներ է գտնում առհասարակ հայության եւ մասնավորապես արցախահայության օրինապաշտության դրսեւորումներում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես նախկին ԽՍՀՄ-ի իրավաժառանգորդ է, որպես տրոհված պետական կազմավորման ինքնուրույն սուբյեկտ: Այս իրողությունը անվիճարկելի է թե՛ միջազգային եւ թե՛ նախկին խորհրդային օրենքների տեսանկյունից: Բայց մենք իրավամբ ունենք հիմք ասելու, թե Արցախը յուրօրինակ իրավաժառանգորդ է նաեւ Վաչագան Բարեպաշտի երբեմնի թագավորության, անշուշտ, այժմվա խիստ նվազեցված տարածքով, եւ այս գաղափարի ընկալումը Արմեն Զալինյանի «Արցախահայության պետականության պատմաիրավական զարգացումը» աշխատության մեջ ցուցանելիորեն առկա է:

ԼՂՀ-ն արդեն ունի հանրաքվեով ամրագրված իր սեփական սահմանադրությունը, որը համահունչ է աշխարհում տեղի ունեցող սահմանադրականության զարգացման միտումներին: Անկախ այն բանից, թե հիմնախնդրի կարգավորմանՙ իր համար ինչ շահեկան լուծումներ է մտմտում Ադրբեջանը, նույն ՎՈՒԱՄ-ի երկրները, եւ թե ինչ փոխընդունելի տարբերակներ են այսօր քննարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներըՙ Արցախի անցած պատմաիրավական հազարամյա ուղին այս հարցում բոլորիս համար ամենաանաչառ ու բարեխիղճ հուշարարն է, եւ դրանից պետք է անպայման հետեւություններ անել:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4