Խաղաղ երթ` Սեֆիլյանի եւ Մալխասյանի ազատ արձակման պահանջով
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների կազմակերպմամբ երեկ Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ գտնվող զբոսայգուց սկսվեց խաղաղ երթ` օրեր առաջ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին ազատ արձակելու կոչով: Մի քանի հարյուրի հասնող մասնակիցները ոչ միայն վերը նշված նախաձեռնություններից էին, այլեւ եկել էին հանրապետության մարզերից եւ իրենց համարում էին Սեֆիլյանի ու Մալխասյանի համակիրներ: «Մենք Սեֆիլյանի եւ Մալխասյանի կողմնակիցներից ենք, մեր ազգի համար թեւ ու թիկունք եղած մարդկանց համար մենք պետք է կանգնենք», երթին իրենց մասնակցության մասին «Ազգ»-ին ասաց տկն Նարինեն: Մեկ ուրիշն էլ վրա բերեց. «Մենք երթի մասին լսել ենք եւ եկել ենք տարբեր շրջաններից, արդար մարդկանց համար ամեն ինչ պետք է անել»:
«Ճանաչել Սեֆիլյանի քաղաքացիությունը», «Ազատություն Սեֆիլյանին եւ Մալխասյանին», «Ո՛չ, անպատիժ բռնությանը», «Ժիրայր, Արցախը քեզ հետ է» եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով խաղաղ երթը սկսվեց Կասյան փողոցից, այնուհետեւ երթի մասնակիցները շարժվեցին մինչեւ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ` մինչ այդ կանգ առնելով հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի առջեւ: Երթի սկզբում կազմակերպիչներից Սամվել Հարությունյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ Սեֆիլյանին եւ Մալխասյանին ձերբակալելը նպատակ ունի խափանել իրենց վճռական եւ համախմբված պայքարը: Հարությունյանը սակայն վստահություն հայտնեց, որ հայ կամավորականի տեսակին ծնկի բերելը անհնար է լինելու, իսկ իրենց կազմակերպված շարժումն օր-օրի ուժեղանալու է` դառնալով առաջիկա ընտրությունների արդարացիության հիմնական երաշխավորը:
Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին մինչեւ Ամանոր ազատ արձակելու կոչով փողոց դուրս եկածները, որ պարբերաբար բղավում էին ազատություն, նշեցին, որ իրենք շարունակելու են իրենց պահանջը, քանի դեռ ազատազրկման մեջ են իրենց ընկերները: Նախագահի նստավայրի առջեւ նրանք նաեւ պահանջեցին իշխանություններից հրաժարվել Սեֆիլյանին արտաքսելու մտքից:
Երթին քաղաքական կուսակցություններից մասնակցում էին միայն «Նոր ժամանակներ» (ՆԺ) եւ «Հայրենիք եւ պատիվ» ուժերը: «ՆԺ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը իրենց մասնակցությունը երթին մեկնաբանելիս «Ազգ»-ին ասաց, որ իրենց կուսակցությունը կողմ է կարծիքների արտահայտմանն ու դրանց հրապարակային քննարկմանը, «եւ մեզ համար ընդունելի չէ, որ ժողովրդավարություն հորջորջողները ազատազրկման են ենթարկում կարծիք արտահայտողներին»:
Նույն կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չգիտեր, թե ինչու Սեֆիլյանի եւ Մալխասյանի պաշտպանության համար կազմակերպված երթին ներկայացուցիչներ չկան մյուս կուսակցություններից` հատկապես նրանցից, ովքեր ընդգրկված են հակակրիմինալ շարժման մեջ: «Մարդկանց ձերբակալել են ընդդիմադիր կեցվածքի համար, ինչպե՞ս կարող էինք չարձագանքել», իրենց մասնակցության մասով մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը` միաժամանակ համոզված լինելով, որ այսպիսի ակցիաները արդարությունը վերականգնելու ամենաճիշտ ուղին են: Նա շեշտեց նաեւ, որ Վարդան Մալխասյանը հակակրիմինալ շարժման մասնակից է: «ՆԺ» կուսակցության առաջնորդը հայտնեց, որ եկող տարվա փետրվարից իրենք` հակակրիմինալ շարժման մասնակիցները, սկսելու են փողոցային ակցիաները եւ շարունակելու են անգամ այն պարագայում, եթե հակակրիմինալի մյուս մասնակիցները լքեն իրենց:
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «Խստագույնս դատապարտում ենք ազգային նվիրյալներ` հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա զինակից Վարդան Մալխասյանի դեմ ծավալված քաղաքական հետապնդումը եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց»: Հասարակական նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանը հայտնեց, որ իրենք վաղվանից այդ հայտարարության տակ ստորագրահավաք են սկսելու:
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության համար Բեյրութում ստեղծված հանձնախումբը երեկ հանդես է եկել դիմումով` ուղղված ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տոնոյանին: Դիմումում ներկայացվում են Սեֆիլյանի մարդկային բարձր կերպարն ու ազգային ազատագրական պայքարում հայրենիքին մատուցած նրա ծառայությունները: «Մենք վստահ ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը կարող է միայն ավելի օգտակար դառնալ այն քննության գործին, որի շրջանակներում նա ձերբակալվեց: Հավաստիացնում ենք Ձեզ, որ այս վստահությունն ունեն տասնյակ հազարավոր հայ մարդիկ Լիբանանի հայ համայնքից եւ ամբողջ սփյուռքից», ասվում է դիմումի վերջում: Դիմումում նշվում է նաեւ, որ այդտեղ արտահայտված մտքերին իրենց համաձայնությունն են հայտնել 1500 լիբանանահայեր, որոնք էլ ստորագրությամբ միացել են հայտարարությանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ