Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարանՙ քննության առնելու «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ եւ երրորդ կետերիՙ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը: Երեկ դատարանն այդ գործով էր զբաղված:
Իսկ «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսվում էՙ «Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե չի մասնակցել Ազգային ժողովի վերջին երկու ընտրություններին, կամ դրանցից որեւէ մեկում նրա ընտրական ցուցակն ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն»:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փաստարկեց, որ կուսակցությունների նպատակը քաղաքական մոտեցումներ ներկայացնելն է եւ ոչ ձայներ հավաքելը, իսկ ընտրությունների ժամանակ որոշակի քանակի ձայներ չստանալը կուսակցության կողմից թույլ տրված իրավախախտում, առավել եւս իրավական սանկցիաներ կիրառելու նախապայման չի կարող համարվել: Ասվածը օմբուդսմենը հիմնավորեց ՀՀ սահմանադրության 28-րդ եւ 43-րդ հոդվածներով: Իսկ մեր երկրի սահմանադրությունը կուսակցությունների լուծարում չի նախատեսում, կասեցում եւ արգելում է ենթադրում: Օմբուդսմենը ճիշտ է գտնում, որ ինչպես տնտեսվարողի ապագան որոշվում է տնտեսական շուկայի պահանջներով, այնպես էլ կուսակցությունների ապագանՙ քաղաքական շուկայի պահանջներով:
Պատասխանող կողմիՙ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության պետ Աշոտ Խաչատրյանի պնդմամբ էլ կուսակցություն ստեղծելու եւ դրան անդամագրվելու իրավունքը բացարձակ իրավունքների շարքից չէ եւ կուսակցությունների առնչությամբ այլ սահմանափակումներ էլ կանՙ անդամների, գրասենյակների քանակների եւ այլն: Նշված սահմանափակումները կիրառվում են նաեւ շատ այլ երկրներում կեղծ քաղաքական ուժերի դաշտ թափանցումը բացառելու նկատառմամբ:
Քննվող հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի 4 կետից բաղկացած որոշումն արդեն կայացած է ու վերջնական: Հրապարակման պահից նաեւ ուժի մեջ: Համաձայն նշված որոշման, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ եւ երրորդ կետերի դրույթները ճանաչվել են սահմանադրության 28-րդ հոդվածի երկրորդ մասին եւ 43-րդ հոդվածին հակասող ու անվավեր: Այլեւս անվավեր են «Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե ՀՀ ԱԺ իրար հաջորդած ցանկացած երկու ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրություններին չի մասնակցել» եւ «Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը» դրույթները:
Ն. Պ.