Մեծ Բրիտանիայի օդանավակայաններն արդեն երեք օր չեն կարողանում վերսկսել բնականոն աշխատանքը, քանի որ թանձր մառախուղը չի վերանում: BBC-ն հաղորդում է, որ ուրբաթ օրը Լոնդոնի «Հիթրոու» միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 300 չվերթ: Դրանց մեծ մասը «Բրիթիշ էյրուեյզ» ընկերության ներքին չվերթերն են: Միջազգային չվերթերը տեղի են ունենում առնվազն մի քանի ժամ ուշացումով:
Օդային հաղորդակցության խաթարումից տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ: Հարյուրավոր ուղեւորներ ստիպված գիշերել են Լոնդոնի օդանավակայանում, որի աշխատակիցները նրանց ապահովել են տաք սննդով եւ ծածկոցներով:
«Բրիթիշ էյրուեյզը» մոտ 3000 անձանց ավտոբուսներով տեղափոխել է երկրի ուրիշ քաղաքների օդանավակայաններ, բայց այնտեղ եւս առկա են թռիչքային դժվարություններ:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, մառախլապատ եղանակը կպահպանվի նաեւ շաբաթավերջին: Հաղորդվում է, որ մառախուղը թռիչքային բարդություններ է ստեղծել նաեւ Փարիզի «Ռուասի» օդանավակայանում:
Պ. Ք.