Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկվա ասուլիսը սկսեց էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորանքով: 2006 թ. էներգետիկ համակարգի կայացման գործում նշանակություն ունեցած միջոցառումներից նախարարը կարեւորեց ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման եւ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված կոնֆերանսը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի երկրների մասնակցությամբ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ատոմակայանի անվտանգության բարձրացման համար միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների օգնությունը կապահովվի: Ըստ Արմեն Մովսիսյանի, բոլորն ընդունում են, որ Հայաստանում Մեծամորի ատոմակայանին այլընտրանքային համարժեք հզորություն կարող է լինել միայն անվտանգության այսօրվա պայմաններին բավարարող ատոմային նոր բլոկի կառուցումը:
Կա նաեւ նոր ատոմակայանի կառուցման տեխնիկա-տնտեսական նախագծերի մշակման համաձայնություն` ՄԱԳԱՏԷ-ի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Նախարարը նշեց, որ ատոմակայան կառուցելը Հայաստանի ուժերից վեր է, ուստի ընդունվել է օրենք` ոլորտում ներդրումներ ապահովելու նպատակով: Արմեն Մովսիսյանի խոսքերով, ատոմակայան կառուցելու համար պահանջվում է 7-8 տարի:
Որպես կարեւորությամբ երկրորդ միջոցառում Մովսիսյանը նշեց Հայաստան-Իրան-Վրաստան էներգետիկայի նախարարների հանդիպումը` եռակողմ էներգետիկ հարցերի, համակարգերի զուգահեռ աշխատելու, երեք երկրների միջեւ էներգետիկ թողունակությունների եւ այլ խնդիրների շուրջ պայմանավորվածությամբ: Սա կօգնի հայկական կողմին կարեւոր դեր ունենալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ խաչմերուկում:
Կողմերը համաձայնել են հաջորդ հանդիպմանը ներգրավել նաեւ Ռուսաստանին` եռակողմ ձեւաչափը դարձնելով քառակողմ:
Նախարար Մովսիսյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2008 թվականի վերջը ավարտված կլինի Երեւանի ՋԷԿ-ի 160 միլիոն դոլար վերազինման ծրագիրը, որի արդյունքում մեկ կվտ.ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար կպահանջվի ոչ թե 400 գրամ գազ, այլ` 150-160 գրամ: Արդյունավետության բարձրացում կապահովվի նաեւ «Գույք գազի դիմաց» ծրագրով «Գազպրոմին» հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերազինումից ու վերանորոգումից հետո` մեկ կվտ.ժամ էլեկտրաէներգիա արտադրման համար ծախսելով մինչեւ 250 գրամ գազ 330 գրամի փոխարեն: Ամեն դեպքում, լրագրողների հարցերին ի պատասխան նախարարը ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում չի լինի, քանի որ արդյունավետության բարձրացումն ապահովվում է վարկային միջոցներով, որոնք պետք է վերադարձվեն:
Էներգակիրների 70 տոկոսը գազի եւ ուրանի տեսքով ներմուծող Հայաստանն, ըստ նախարարի, հեռանկարներ ունի վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում: 50 փոքր ՀԷԿ-երին կավելանան նորերը` արտադրելով մոտ 500 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, զարգացում կապահովվի նաեւ հողմէներգետիկայի եւ երկրաջերմային էներգետիկայի ոլորտներում:
Նախարարի տեղեկացմամբ, ներկա դրությամբ Հայաստանը Վրաստանին էլեկտրաէներգիա չի մատակարարում, սակայն արդեն իսկ վրացական կողմը մատակարարման հայտ է ներկայացրել, որի ռեժիմների, սակագների մանրամասները քննարկվում են:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ» ընկերության վաճառքի մանրամասներին, ապա, ըստ Արմեն Մովսիսյանի, պայմանագիրը կնքվել է մի ընկերության հետ, որ ստեղծվել է հայկական կաուչուկի վերջին երկու տարվա հիմնական սպառող 3 ընկերությունների կողմից: «Նաիրիտում» ապահովվել է կայուն աշխատանքային ցիկլ, եւ եթե նախկինում կաուչուկի միակ սպառող էր ընկալվում Ռուսաստանը, ապա ներկայում «Նաիրիտի» արտադրանքը առաքվում է Միացյալ Նահանգներ, Եվրոպա: 40 մլն դոլարով վաճառված «Նաիրիտի» 90 տոկոս բաժնետոմսերի գործարքով ներդրումներ կլինեն մոտ 120 մլն դոլար` տեխնիկական վերազինման տեսքով:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ