«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#244, 2006-12-21 | #245, 2006-12-22 | #246, 2006-12-23


ՄԻՋԻՆ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ 30 ՏՈԿՈՍԻՑ ՑԱԾՐ ՉԷ

Կարծիք հայտնեց հարկային ծառայության պետի տեղակալը

Այն կարծիքին, թե շինարարությունը մեծապես դուրս է մնում հարկման դաշտից, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը համամիտ չէ: Այդ մասին նա հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակՙ վկայակոչելով այդ ոլորտի հարկման այս եւ անցյալ տարվա ցուցանիշները: Համաձայն դրանց, ամբողջ անցյալ տարվա ընթացքում շինարարությունից ստացվել են 10,5 մլրդ դրամ մուտքեր, իսկ միայն այս տարվա 9 ամիսներինՙ 12,5 մլրդ դրամ: Նախորդ տարվա 9 ամիսների համադրությամբ դա 40 տոկոսով ավելի մեծ գումար է: Միաժամանակ հարկային ծառայության պետի տեղակալը ներկայացրեց շինարարության ոլորտի հարկման օրենսդրական նոր փաթեթը:

Արմեն Ալավերդյանի հավաստմամբ, այս փաթեթի նպատակը տնտեսավարման հավասար նպատակների ապահովումն է: Նոր օրենքով նախատեսվում է հարկը գանձել բնակմակերեսի օտարման ժամանակ: Հարկման ենթակա են միայն բազմաբնակարան շենքեր կառուցողները: Առանձնատները, որոնք կառուցվում են սեփական կարիքների համար, չեն հարկվում, նույնիսկ եթե դրանք կառուցումից մի քանի ամիս հետո վաճառվում են:

Բազմաբնակարան շենքերի հարկերը գանձվելու են ընդհանուր մակերեսից: Հարկերի հաշվարկման ժամանակ հիմք կընդունվի նվազագույն կադաստրային արժեքը: Սահմանված է նաեւ, որ սեփականատերը անձնական նպատակներով կարող է օգտագործել իր կառուցած շենքի առավելագույնը 500 քմ տարածք, բայց ոչ ավելի քան ամբողջ շենքի մակերեսի 10 տոկոսը: Նույն հարկման մեխանիզմը կկիրառվի նաեւ առանձնատների համալիր կառուցողների համար: Շինարարության հարկման այս նոր մեխանիզմը, ըստ հարկային ծառայության պետի տեղակալի, կկիրառվի 2007 թ.-ի հունվարից:

Շինարարության բարձր շահութաբերության վերաբերյալ հարցին պատասխանելով, Արմեն Ալավերդյանը նշեց, որ միջին շահութաբերությունն այս ոլորտում 30 տոկոսից ցածր չէ, այսինքնՙ սա շահութաբեր բիզնես է: Ներկայումս Երեւանում կառուցվում է 40-45 շենք: Դրանցից յուրաքանչյուրի շինարարության արժեքը կազմում է մի քանի մլն դոլար: Շինարարության ավարտից հետո այդ շենքերն անմիջապես եւ ամբողջությամբ չեն բնակեցվում: Այդ երեւույթը անգամ Հյուսիսային պողոտայի շահագործման հանձնված հատվածում կա: Մայրաքաղաքի փոքր կենտրոնում բնակարանների գները թանկ են եւ շահութաբերությունը բարձր: Սակայն այստեղ եւս կան չհաջողված օրինակներ, երբ շենքի շինարարությունը չի հաջողվում ավարտել եւ շահագործման հանձնել: Արմեն Ալավերդյանը նաեւ զերծ մնաց նորակառույց շենքերը էլիտար անվանելուց նշելով, որ այդպիսիք շատ չեն, եւ դրանք ընդգրկում են մի շարք ծառայություններ:

Համախառն ներքին արդյունքում շինարարությունը մեծ բաժին ունի, եւ նրա ծավալները աճել են: Այս տարվա 9 ամիսներին աճը կազմել է 41 տոկոս, անցյալ տարի դարձյալ 41-44 տոկոս: Հարկային եկամուտներն աճել են միջինը 20 տոկոսով: Այս հանգամանքը հարկային ծառայության պետի տեղակալը բացատրեց նրանով, որ շինարարության զգալի մասը անհատական բնակշինարարությունն է, որն, ինչպես արդեն նշեցինք, չի հարկվում: Եթե այդ հատվածը բացառենք, ապա հարկերի աճն ավելի բարձր է եղել, քան շինարարության տեմպերինը: Նշվեց նաեւ, որ անցյալ տարի շահագործման է հանձնվել 353 հազար քմ մակերես:

Արմեն Ալավերդյանին ուղղված «Ազգի» հարցն առնչվում էր առեւտրի ոլորտում հարկման խնդիրներին եւ մասնավորապես վերջին օրերին այս ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ցուցաբերած ակտիվությանը: Այս առթիվ հարկային ծառայության պետի տեղակալը կարծիք հայտնեց, որ իր ներկայացրած կառույցի եւ հանձնաժողովի համագործակցությունը պետք է տեղի ունենա: Սակայն նշեց, որ հարկերը հավաքվում են ըստ հարկ վճարողի ցույց տված տվյալների: Եթե այդ տվյալները արժանահավատ չեն, ապա հարկային ծառայությունը կարող է հարկ գանձել նաեւ այլ կառույցներից, այդ թվումՙ հանձնաժողովի գնահատականները հիմք ընդունելով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4