Ամիսներ առաջ BBC ռադիոկայանի երաժշտական հաղորդումներից մեկի ժամանակ հնչեց երեւանցի երգահան Լուսինե Գրիգորյանի ստեղծագործություններից: Այս մասին տեղեկություն նա ստանում է «Հայ հեղինակ» կազմակերպությունից, որի հետ տարիների պայմանագրային համաձայնություն ունի: Սակայն տեղեկությունը հեղինակին փոխանցվում է կիսատ-պռատ, BBC-ից ստացված փաթեթի իրեն տրված մասից նրան գրեթե ոչինչ պարզ չի դառնում, իր հարցադրումները անորոշ պատասխաններ են ստանում, փաթեթն ամբողջովին Լուսինեին տրվում է ամիսներ անց, որտեղից է միայն պարզ դառնում, որ նրանից պահանջվում է «Հայ հեղինակի» հետ կնքված պայմանագրային պատճենը, հնչած երգերի սեփական հեղինակության հաստատումը, բանկային համարը: Ինչը, սակայն նա չի կարողանում անել ուշացման պատճառով: «2001 թվականից նրանց հետ պայմանագիր ունեմ: Այդ թվականին համերգային մի փառատոնի մասնակցելուց հետո իմ «Օրորոցայինը» մրցանակ շահեց եւ մի շարք հեռուստաալիքներով հնչեց (Հ1, «Արմեն-Ակոբ», «Հայրենիք»), բայց ոչ մի լումա չեմ ստացել: Նրանք յուրաքանչյուր TV-ի ալիքից ստանում են հնչող երգերի հեղինակների ցուցակը: Ինչպես իրենք են տեղեկացնում, իմ անունը չի եղել: Մինչդեռ ինքս մի շարք ձայնագրություններ արել եմ հեռուստատեսությամբ հնչած իմ երգերից: Մինչ այդ ունեցածս վստահությունն այս կոմիտեի հանդեպ այժմ արդեն նվազել է: Միայն այն, որ փաթեթը փակ վիճակում ինձ չտրվեց, կամ էլ ամբողջովին, արդեն կասկած է առաջացնում: Հիմա պարզվում է, որ պատասխան պետք է ուղարկեի հոկտեմբերի վերջին եւ արդեն ուշացել եմ: Մինչդեռ տնօրենը չգիտես որտեղից խոսում է 8 ֆունթ սթեռլինգի մասին, թեեւ դա չնչին գումար է, եւ որ եթե մինչեւ տարվա վերջ Լոնդոնից չփոխանցեն, իրենցից կստանամ: Հետաքրքրական էՙ ինչի՞ հաշվին»:
Լուսինե Գրիգորյանը մասնագիտությամբ եւ կրթությամբ երաժիշտ չէ, աշխատում է ազգային գրադարանի երաժշտական բաժնում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղուց: 2000-ին «Հոյ Նար» եւ «Օրորոցային» երգերով մասնակցել է «Արեւիկ-Քենդի» համահայկական փառատոնին եւ շահել:
«Յոթ երգ» 2 պրակների հրատարակումից հետո նրա մասին դրվատանքի խոսքեր են ասում նշանավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Տիգրան Մանսուրյանը, Դանիել Երաժիշտը, ամերիկահայ Գրիգոր Փիթեճյանը: Իր նախաձեռնությամբ կազմավորման փուլում գտնվող համույթը այս տարի համերգներ է ունեցել ազգային գրադարանում, ակադեմիայում, վերջերս «Նարեկացի» արվեստի կենտրոնում: Առաջին CD-ն թողարկել է անցյալ տարի «Ի նեղություն իմում», որն ընդգրկում է 7 երգՙ գրված Մաշտոցի, Ա. Ձորափորեցու, Կոմիտասի, Հ. Թումանյանի, Ա. Յավրյանի խոսքերով: CD-ն վաճառքի չի ներկայացրել: Ինքը դա բացատրում է հասույթիցՙ «Հայ հեղինակին» փոխանցվելիք տոկոսի անշահավետությամբ: «Բացի դրանից նրանք ինձանից պահանջեցին վճարել երգերի հեղինակներին, ընդ որումՙ նախապես: Նրանց մի մասը վաղուց, շա՜տ վաղուց հեռացել է կյանքից. դա զավեշտական թվաց, մի՞թե հեղինակային իրավունքը կարող է վերաբերել Մաշտոցին, Ձորափորեցուն կամ Կոմիտասին: Ինձ թվացՙ կատակ են անում, բայց լրջորեն բացատրեցին, թե ֆոնդ գոյություն ունի, որը հետագայում բաշխվում է հեղինակների միջեւ: Ամեն ինչ շատ անհասկանալի է»: Լուսինեն այս առիթով կատակել է: «Ինչ է ֆաքս պիտի ուղարկեք, մի՞թե այնտեղ էլ դրամի կարիք կա»: CD-ն նա նվիրել է ընկեր-բարեկամներին, ուղարկվել է Գերմանիա, Ֆրանսիա, Ուզբեկստան, հասել է նաեւ Անգլիա:
BBC ռադիոկայանով հնչած Լուսինեի հեղինակությամբ հայկական երգը, նաեւ մեզ համար է հպարտություն: Սակայն «Հայ հեղինակի» կողմից փաթեթը նրան ուշ հանձնելու պատճառով, հեղինակը, փաստորեն, զրկվեց հետագա հնարավոր համագործակցությունից: Եվ առհասարակ հեղինակային շատ իրավունքներ մեզանում ոտնահարվում են: Սահմանադրորեն ամրագրված ինչպես եւ շատ այլ օրենքներ այս մեկն էլ չի գործում, կամ էլՙ մասամբ: Մեխանիզմները հստակ չեն եւ հեղինակներն էլ իրենց իրավունքներին հաճախ տեր կանգնել չեն կարողանում: Վերջերս էի ականատես, թե ինչպես երեւանյան մի հրատարակիչ պատկառելի վաստակի եւ անվան տեր հեղինակներից մեկին անելանելի վիճակի մեջ էր դրել. ո՛չ առաջադրված պայմաններն էր ընդունում, ո՛չ ձեռագիրն էր վերադարձնումՙ ձգձգելով գրքի հրատարակումը: Հեղինակային իրավունքների պաշտպանությանը կոչված կոմիտեի մասին շատ հեղինակներ կամ չգիտեն, կամ լուրջ չեն վերաբերում, իսկ նման դեպքերից հետո էլ կորցնում են վստահությունը, ինչպես Լուսինեն:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ