Եթե ասեմ, որ Ռուսաստանի մայրաքաղաքը հայկականանում է, հսկայական չափազանցություն կլինի: Բայց որ օրեցօր գերարդիական տեսք ընդունող մոսկովյան համայնապատկերում երեւում են ազգային նոր մոտիվներ, փաստ է:
Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ջանքերով Մոսկվայում գործում է Հայեցի դաստիարակության կենտրոն: Չորսհարկանի գեղատես շենքի բակը, սակայն, աչքի էր ընկնում սոսկ լերկ ասֆալտով: Ահա եւ անխոնջ սրբազանը որոշեց լրացնել այդ բացը: Եվ այդ գաղափարի իրականացման գործում նրան օգնության ձեռք մեկնեց մոսկովյան հանրահայտ «Տրոյկա դիալոգ» ինվեստիցիոն ընկերության պատասխանատու աշխատող, «Երեւան» ամսագրի հովանավոր, բարերար Գոռ Նահապետյանը, որն առաջարկեց այնտեղ կանգնեցնել... հայ դուդուկահարի արձան: Ինքնատիպ գաղափարը մարմնավորեց մոսկվացի ճանաչված քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը:
Ահա եւ անցած շաբաթ օրը Մոսկվայի հայ հասարակայնությունը վայելեց արձանի բացման արարողության ջերմությունը: Սրբազանը Ջիվան Գասպարյանի հոգեպարար մեղեդու ուղեկցությամբ ասված իր խոսքում հատուկ նշեց, որ հատկապես վերջին ժամանակներս դուդուկը դարձել է մեր ազգային մշակույթի երեւացող բարձունքներից մեկը եւ, լայն ճանաչում գտնելով նաեւ Ռուսաստանում, վերածվել մեր ժողովրդի ստեղծագործ տաղանդի խորհրդանիշի: Եվ հայեցի դաստիարակության կենտրոնում սովորող հայ մանուկները, ամեն անգամ անցնելով սքանչելի արձանի կողքով, կհիշեն իրենց արմատները:
Պաստառը գետնին սփռվելուց հետո ներկաներին բարի ժպիտով դիմավորեց խորապես հայադեմք, հայկական տարազով դուդուկահարըՙ բոլորված երազկոտ, ներշնչված, խանդավառ մանուկներով: Քանդակագործական կոմպոզիցիան իրոք այնքան ազգայնաբույր է, որ ասես բացումը տեղի էր ունենում ոչ թե դեկտեմբերյան մռայլից հոգնած մեգապոլիսում, այլ արեւաշող հայրենի Հայաստանում:
Բացման արարողության ժամանակ իշխում էր անկեղծության եւ հոգեհարազատության ոգին: Սակայն գոհունակության ընդհանուր մթնոլորտը իր գագաթնակետին հասավ, երբ սրբազանը շնորհակալություն հայտնեց արձանի կանգնեցմանը ֆինանսապես աջակցած հայորդիներին: Նրանցից մեկը, համեստորեն չգերագնահատելով իրենց դերը օտար հողում հայ կյանքի զարթոնքին նպաստելու գործում, անվերապահ հայտարարեց (նաեւ ինքնահավատ բարձրացնելով աջ ձեռքը), որ հաջորդ հուշարձանը նվիրվելու է... լավաշին: Գաղտնիք չէ, որ դուդուկի չափ լավաշն էլ է հանրահայտ բովանդակ Ռուսիայում:
Եվ վերջում փոքր-ինչ չոր վիճակագրություն: Միջոցառմանը ներկա էին ՌԴ Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը, նշանավոր ֆուտբոլային մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, Մոսկվայի առաջին փոխքաղաքապետի առաջին տեղակալ Սերգեյ Համբարձումյանը, երեւելի այլ հայեր:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա