«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#244, 2006-12-21 | #245, 2006-12-22 | #246, 2006-12-23


ՄԻՐԱՆԴԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՈՒ ԹԵՅԼՈՐԻՆ

Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան, որն այս տարվա սեպտեմբերին պարտվել էր միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին, շարունակում է իր բարձրագոչ հայտարարությունները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս նա արդեն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Վիլի Գիբսին: Եվ ահա ոգեւորված այդ հաղթանակով, Էդիսոն Միրանդան հայտարարել է, որ մարտահրավեր է նետում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին եւ WBC-ի ու WBO-ի վարկածներով աշխարհում ուժեղագույնը համարվող Ջերմեն Թեյլորին:

Արթուր Աբրահամի առնչությամբ Միրանդան հայտարարել է, թե հայ բռնցքամարտիկը խուսափում է իր հետ կրկին հանդիպելուց, թեեւ ինքը չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդն է: Միրանդան նաեւ ինքնավստահ հայտարարել է, որ հաջորդ տարի խոստանում է նոկաուտի ենթարկել թե՛ Աբրահամին, թե՛ Թեյլորին եւ նվաճել աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:

Ընթերցողներին տեղեկացնենք, որ Միրանդան այժմ իրոք IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսի թիվ մեկ հավակնորդն է եւ, ըստ գործող կարգի, Արթուր Աբրահամը պարտավոր է նրա հետ մենամարտել: Հայ բռնցքամարտիկը բնավ էլ չի խուսափում Միրանդայի հետ հանդիպումից: Նա ժամանակին արդեն հայտարարել էր, որ պատրաստ է կրկին ռինգ դուրս գալ ու հաջողությամբ պաշտպանել ուժեղագույնի իր տիտղոսը: Պարզապես Աբրահամին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ծնոտի վիրահատությունից հետո լրիվ վերականգնվի: Աբրահամն արդեն սկսել է մարզումները եւ ըստ բժիշկների, ապրիլին կարող է ռինգ դուրս գալ: Այնպես որ, բացառված չէ գարնանն Աբրահամ-Միրանդա նոր մենամարտի անցկացումը:

Կոլումբիացի բռնցքամարտիկն իր տեսակետն է հայտնել նաեւ Ջերմեն Թեյլորի վերաբերյալ. «Ցանկանում եմ հանդիպել Ջերմեն Թեյլորի հետ որքան հնարավոր է շուտ: Կարծում եմ նա կդրսեւորի չեմպիոնին հատուկ հատկանիշներ եւ կհամաձայնի մենամարտել ինձ հետ: Նա չպետք է մենամարտի արդեն թոշակի անցած կամ ցածրակարգ բռնցքամարտիկների, այլ մրցավեճի բռնվի ինձ պես իսկական բռնցքամարտիկի հետ: Երբ ռինգ եմ դուրս գալիս, չեմ մտածում միավորներով հաղթանակ տանելու մասին, այլ ձգտում եմ մրցակցին նոկաուտի ենթարկել: Եվ եթե Թեյլորը ցանկանում է հռչակվել որպես իսկական չեմպիոն, ապա նրան անհրաժեշտ է անպայման ընդունել մարտահրավերս»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4