Զգույշ եղեք եւ զգոն, համաներվածները գործի վրա են
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հունանյանը լրագրողներին ներկայացրեց ՀՀ-ում 2005 եւ 2006 թվականների անձնական հափշտակությունների դեպքերի հաշվետվությունը: Բնականաբար, հաշվետվության մեջ ներառված չէր ընթացիկ ամիսը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ տարածքում արձանագրված բնակարանային գողությունների 68,6 %-ը բաժին է ընկնում Երեւան քաղաքին:
Ս. Հունանյանը, բացի հափշտակությունների քանակական եւ որակական պատկերը ներկայացնելուց, հիշեցրեց, որ դրանց թիվն ավելացել է հատկապես ամռան ամիսներին: Պատճառը հանրապետության անկախության առթիվ ընդունված համաներումն է, որի շնորհիվ ազատազրկման վայրերից ազատ արձակվեցին 200 քրեական տարրեր:
Այսպես, 2006 թ.-ի 11 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում քրեական հետախուզության գծով արձանագրված 6291 դեպքերից 3109 անձնական ունեցվածքի հափշտակության դեպքեր են, որոնցից 2465-ը կազմում են անձնական ունեցվածքի գողության դեպքեր, այդ թվումՙ 723-ը բնակարանային գողության: Դրանց ամսական վիճակագրությունը փաստում է դեպքերի հաճախականության աճ հենց օգոստոս ամսից` համաներումից անմիջապես հետո:
2005 թ. նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գծով արձանագրվել է 5177 դեպք, որից անձնական ունեցվածքի հափշտակության 2521, որոնցիցՙ անձնական ունեցվածքի գողության 1860, այդ թվումՙ բնակարանային գողության 552 դեպք:
2006 թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված բնակարանային գողության 723 դեպքերից բացահայտվել է 272-ը, ընթացքի մեջ է 130 դեպք, բացահայտման տոկոսը կազմել է 45,9: Ի դեպ, «Ազգի» հետ առանձնազրույցում քրեական հանցագործությունների բացահայտման մասին խոսելիս Ս. Հունանյանը նշեց. «Ճապոնիայի նման զարգացած երկրում ծանր հանցագործությունների բացահայտումը 23 տոկոս է, ԱՄՆ-ում 24-32 տոկոս է, իսկ մեզ մոտ 70-80 տոկոս է»: Ս. Հունանյանը այս թիվը համարում է ոստիկանության լավ աշխատանքի արդյունք, որը, չգիտես ինչու, լրագրողները չեն ցանկանում նկատել: Նա նաեւ նշեց քաղաքացիների աչալրջության եւ տուժողին օգնելու պատրաստակամության մասին, որ պակաս կարեւոր չէ հանցագործության կանխման կամ դրա բացահայտման գործում: Միաժամանակ, մտահոգիչ է նաեւ այն, որ շատ դեպքերում քաղաքացիները ուշադիր չեն իրենց բակ ու մուտք մտնող կասկածելի մարդկանց տեղաշարժով, կամ ավելի վատ` հանցագործության մասին ընդհանրապես չեն դիմում ոստիկանության բաժին: Օրինակՙ 8.11.2006 թ. ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ձերբակալված Գեորգի Պերելադովը 2005-2006 թ. ընթացքում Երեւան քաղաքի տարբեր համայնքներում հարմարեցված բանալիով կատարել է 52 բնակարանային գողություն, որոնցիցՙ հանցագործության 29 դեպքի մասին քաղաքացիները ոստիկանության բաժին նախկինում չեն դիմել: Սրա կողքին բանախոսը չմոռացավ հիշել մի դեպք, երբ մարդիկ ամռանը քնած են եղել, իրենց տուն բաց պատուհանից գող է մտել եւ հենց ննջարանից գողություն արել: Գողին բռնել են ականատեսների ահազանգի շնորհիվ:
Իր հերթին ոստիկանության գնդապետը քաղաքացիներին խորհուրդ է տալիս այլեւս հին-սովետական կողպեքներ չտեղադրել, իսկ «սեյֆի» կողպեքով դուռը փակելու դեպքում բանալին կողպեքից հանել, քանի որ շատերը հմտացել են կեղծ բանալու պատրաստման գործում:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում բնակարանային գողություններ կատարելու համար ձերբակալվել է 237 անձ, որոնցից 78-ը եղել են հանցավոր խմբերի անդամներ, 7-ըՙ կանայք, ձերբակալված անձանցից 70-ը նախկինում եղել են դատապարտված, 82-ը` անչափահասներ: