ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս տարի այնքան բաներ պատահեցին, որ լրագրողներս չէինք հասցնում թեքել գլուխներսՙ ու ինչ-որ մի իրադարձություն տեղի էր ունենում. ինչպես ասում են` ձանձրանալու ժամանակ չկար: Այդ իրադարձությունների մի զգալի մասը գծեցին տարվա տխուր հետագիծը, մի մասն էլ քաղաքական առումով բերեցին եթե ոչ նորություն, ապա գոնե քաղաքական դաշտի ավելի հստակեցում` ով-ով: Նախորդ տարիների «թեժ գարուն-թեժ աշուն» սպասելիքները մի տեսակ դադարեցին, որովհետեւ ինքը` տարին թեժ դուրս եկավ նախ բառի ուղիղ իմաստով: Մի տասնյակի չափ քաղաքական հնչեղ սպանություններ, եւ վերջինը, Նալբանդյանի գյուղապետինըՙ բոլորովին նորերս, ընդ որում դրանցից մեկ-երկուսը ( րինակ` Ալեքսանդր Գիվոեւինը) կարելի է որոշ վերապահումներով չհամարել քաղաքական, իսկ մնացածը, անգամ բացարձակ տնտեսական դրդապատճառներ ունեցողները, եթե ավելի խորը նայենք, տանում են դեպի քաղաքականություն, որովհետեւ Հայաստանում հատկապես քաղաքականության Ա-ն ու Բ-ն գրում են տնտեսական հզոր լծակատերերը: Ավելորդ է ասել, որ այդ սպանությունների իրական կատարողները եւ դրդապատճառները (բացառությամբ Դալարի գյուղապետինը, որին սպանողն ինքն իր ոտքով է ներկայացել իրավապահ մարմիններին) չբացահայտվեցին, իսկ դա պատճառ է, որ կրկին նույն լկտիությամբ ու բռնությամբ նույն կերպ քաղաքական եւ տնտեսական խնդիրներ լուծվեն: Ասվածին որեւէ հակադարձ հիմնավորում ո՞վ կբերի, ո՞վ կկարողանա:
Ծեծը եւս այս տարի ընտրվել էր իբրեւ խնդիր լուծելու միջոց. ծեծվեցին լրագրողներ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ազատազրկվեց թերթի խմբագիր, կալանվեցին իշխանությանը քննադատող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը: Այլ բան, քան անկասելիորեն դեպի ընտրություններ գնացող ժամանակի տրամաբանության մեջ տեղավորվող եւ հաճախ անհամարժեք գործողություններ անվանել այս բոլորն անհնար է: Քանզի ի՞նչ պետք է անի մի ՀԿ` պետական հզոր մեքենային դեմ հանդիման, որն ամեն տեսակ բռնության կոչ չեզոքացնելու բավական «համոզիչ» մեթոդների է տիրապետում, անհասկանալի է: Ուրեմն սա նաեւ նշանակում է` կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր, այսինքն Սեֆիլյանի կալանումը կարելի է գործածել նաեւ որպես վախի հարուցիչ մյուս արմատականների հանդեպ: Սա սխալ է, որ թույլ են տալիս նախընտրական տարբեր տեխնոլոգիաները մի կերպ մարսող, երբեմն իրավիճակին ադեկվատ արձագանքել չկարողացող իշխանության տարբեր թեւերը: Ի դեպ` սխալը կարող է ուղղել իշխանության այն թեւը, որը դրա հնարավորությունն ունի, փակագիծն ավելի բացենք` նախագահ Քոչարյանը, որքան էլ ձեւի տեսակետից ասվի, թե դատական մարմինների գործառույթներին նա չի կարող խառնվել: Իրականությունը հո՞ մենք գիտենք: Իսկ Սեֆիլյանի կալանման բացասական անդրադարձերը կարող են շատ հեռուն տանել եւ անգամ բազմապատկվել սփյուռքում:
Այս տարի քաղաքական գործընթացներն էլ մի փոքր շեղվեցին ամեն տարի տեղի ունեցող սովորական իրադարձությունների սխեմայից: Ամռանը ՀՀԿ-ն խառնեց խաղաթղթերը, բայց միայն կապուկի վերին հատվածում, որովհետեւ այդ խաղաթղթերի տակից դուրս էին գալիս ինչ ասես եւ ով ասես, որոնց հանրագումարին մամուլը տվեց «վարչաօլիգարխիկ ռեսուրսի կենտրոնացում մեկ կուսակցության ձեռքում»: Եվ մինչ ընդդիմադիր «սպիկերներն» իրենց խոսափողներն ուղղել էին դեպի այլեւս երկիշխանությամբ օժտված ՀՀԿ, ստեղծված բարենպաստ դիրքից օգտվեց «Բարգավաճ Հայաստանը» եւՙ էլ ակտիվի ժողով, էլ կարտոֆիլ, էլ ինչ իմանամ ինչ: Իսկ սեւ-սպիտակ սցենարի սովոր մեր քաղաքականները, եւ հատկապես ընդդիմադիր դաշտի մի քանի միավորները, հակասություն էին փնտրում-տեսնում ՀՀԿ-ԲՀԿ միջեւ, ասում այն մասին, որ գլխավոր ճակատամարտն այս երկուսի մեջ է, գործին խառնվեց գլխավոր խաղավարը եւ մի անգամ եւս խառնեց բոլորի խաղաթղթերը. նախագահ Քոչարյանը, փաստորեն, ցույց տվեց, որ ինքն է բաժանելու խաղաթղթերը, կամ մի այլ խաղաձեւի կանոններով` գնդակն իր դաշտում է: Այս ֆոնին կարելի է ցավով արձանագրել, որ այս վերջին հնարավորությունը` 2006 թվականը մեր ընդդիմությունը վատնեց բացառապես անպտուղ հավաքների ու սեմինարների վրա եւ այդպես էլ չձեւավորեց այն ձեւաչափը, որը հակադրվելու էր երկու հզոր միավորներին` ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին: Իսկ դա շատ էր անհրաժեշտ հիվանդ մարմնին թարմ արյուն ներարկելու տեսակետից: Բացի այդՙ նախագահ Քոչարյանը ունի դեռ երկու տուզ, ինչպես ասում են, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը: Վերջինս շատ լրջորեն ընդունել է նախագահի հարցազրույցի ուղերձը, սակայն տեսադաշտի մոտիկությունը նրան թույլ չի տալիս ամբողջության մեջ գնահատել պեյզաժը, քանի որ տեղի ունեցողին մի երկու չափաբաժին հեռավորությունից դիտողները գիտեն, որ նախագահ Քոչարյանի փեշում հնարավոր չէ պահուստ ունենալը, նա գլխավորը դեռ չի ասել: ՄԱԿ-ից նոր «Օրինաց երկիր» ձուլելու նրա «դաբրոն» կարող է խաբուսիկ լինել, քանի որ բուն «Օրինաց երկիրն» ու նրա` արեւմուտքին ընդունելի ղեկավարը դեռեւս կարող են պետք լինել նախագահ Քոչարյանին` ուրիշ «խելոք չմնացողներին» սանձելու համար: Այդ իմաստով վերջերս բավարար ուշադրության չարժանացավ ընտրական օրենսգրքի որոշ դրույթներին աշխույժ ընդդիմացող եւ իր ստորագրությունը վերցնող ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի գործելակերպը, որը շատ արագ հետ դրեց ստորագրությունը եւ քվեարկեց ԸՕ-ի փոփոխությունների օգտին: Ասում են, չէ՞, կան մշտական շահեր միայն: Եվ որեւէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է այն հանգամանքին, որ ամառվա վերջին արձակուրդից մեծ ակտիվությամբ քաղաքական ասպարեզ վերադարձած Արթուր Բաղդասարյանը այժմ տեւաբար լռում է` կարծես սպասելով ինչ-որ պայմանական ժամանակի: Արդյոք նախագահ Քոչարյանն իր ասելիքի մի կարեւոր հատվածը պահե՞ց հունվարի վերջի-փետրվարի սկզբի համար...
Ամեն դեպքում հենց այս` անցնող տարում ԱԺ նոր նախագահ ունեցանք, երբ ընդդիմադիրին արժանի մի շարք շարժումներից հետո` Ա. Բաղդասարյանն արտասանեց ՆԱՏՕ բառը: Իսկ հիմա այդ բառն արտասանող կա, միայն թե նախագահ Քոչարյանը մի քանի անգամ արդեն ապացուցել է, որ ինքն է խաղի կանոնները սահմանում, եւ հավանաբար ինքն էլ կորոշի` ո՞վ է ավելի հնչեղ արտասանում այդ հապավումը: Համենայն դեպս հենց նախագահը զրոյացրեց «Սերժի մոտ վարչապետ աշխատելու» մասին միտքը, երբ ՀՀԿ-ին լավ մենեջեր-վատ գովազդող անվանեց, ինչին հետեւեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին «Տարվա մարդ» անվանելուՙ մամուլի ակումբներից մեկի ջանքը: Ճիշտն ասած ինքը` վարչապետը լրատվամիջոցների հետ բավական շփվող մարդ է, եւ երեւի միակ պաշտոնյան, որ որեւէ լրագրողի որեւէ հարց անպատասխան չի թողնում, ու «Տարվա մարդ» չգիտեմ, բայց լրատվական մարդ նրան կարելի է համարել, ու որեւէ բան, որ ուզեցել է մամուլին հասցնել նա` այդպես էլ արել է: Հավանաբար նախագահ Քոչարյանը կոնկրետ ենթատեքստով է այդ դիտողությունն արել: Իսկ թե իսկապես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կյանքի ու մահու ճակատամարտ են տալու ընտրություններին (օրինակը Նալբանդյանի ընտրություններն են), թե, այնուամենայնիվ, խելոքանալու եւ նույն դաշտում են խաղալու, կախված խելոքացնողից, պարզ կլինի արդեն հունվար-փետրվարին: Քաոսը կարող է սկիզբ առնել ավելի շուտ ոչ թե քաղաքական ուժերի, որպես այդպիսին, այլՙ անձերի շահերի բախումից:
Իսկ ընդդիմությունը վատ է օգտագործում իր կողմից աստծո նվեր առիթները` ձերբակալությունները, սպանությունները, ծեծուջարդը, լրագրողներին հետապնդելը, Ա1+-ին եթեր չտալը: Խոսում է կոնսոլիդացիայից, որն այդպես էլ չի կայանում: Վերջին ձեւաչափը` հակակրիմինալը, նույնպես մեն-միակ խնդրի շուրջ է` հեռացնել անձերին, բայց համակարգի մասին խոսք չկա, սովորական ընտրողն ընդամենը ասված խոսքին պետք է հավատա, թե Պողոսի փոխարինումը Պետրոսով ամեն ինչ «Օ քեյ» է դարձնելու:
ԼՂՀ խնդրում էլ բավական ելումուտ եղավ` միջազգային կառույցներից ով չալարեց` եկավ տարածաշրջան ու կարծիք հայտնեց: Հակամարտության կարգավորման 2006 թվականի պատուհանը շատ բացուխուփ արեցին, մամուլը օրհասական եզրակացություններ արեց` տալիս են տարածքները, ճնշում են, կարգավիճակ, հանրաքվե, դավաճանի ու դավաճանելու սինդրոմ` նախընտրական տարվա տարուբերումներ են, պարզվեց, ու գոնե մինչեւ դեկտեմբերի 31-ը ոչ ոք ոչինչ ոչ մեկին չի տալու, հանգիստ Նոր տարի արեք:
Մնացյալը` հունվարին: