«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#245, 2006-12-22 | #246, 2006-12-23 | #247, 2006-12-26


ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳՈՀ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Անցնող տարում խորհրդարանի աշխատանքները Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականով հաջող ենՙ ընդունվել է շուրջ 250 օրենք. «Բայց ավելի կարեւոր է դրանց համապատասխանեցումը սահմանադրական բարեփոխումներին»: Նշված համապատասխանեցումը միակ անելիքը չէ: Ինչպես հայտնի է, քաղաքական համակարգին վերաբերող շատ դրույթներ ուժի մեջ են մտնելու 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո. «Խորհրդարանի աշխատանքները վերջին նստաշրջանում ցույց տվեցին, որ հաջողվեց հասնել նրան, որ նախընտրական շրջանը չխանգարի խորհրդարանի նորմալ աշխատանքներին: Իսկ մյուս կողմից, կարծում եմ, սա նպաստեց, որ լարվածությունը չմեծանա նախընտրական շրջանում: Ընտրական նոր օրենսգիրքը հնարավորություն կտա անհրաժեշտ կամքի դրսեւորման ու փոխադարձ հանդուրժողականության` իշխանության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ: Այս ընտրությունները չափազանց կարեւոր են մեր երկրի հետագա առաջընթացի առումով», երեկ հայտարարել է ԱԺ նախագահը եւ կարծիք հայտնել, որ արդեն իսկ տարբեր քաղաքական ուժերի գործողություններում այս կամ այն կերպ իրականացվող ճշգրտումները վաղաժամ նախընտրական քարոզարշավ չեն: Գալիք ընտրություններից ԱԺ նախագահն ակնկալում է բազմակուսակցական քաղաքական համակարգի կայացում եւ ժողովրդի կողմից քաղաքական գաղափարախոսության ընտրություն: Այս երկու սկզբունքով առաջնորդվելու դեպքում վստահաբար 2007-ի ընտրությունները կարելի է շրջադարձային համարել, ըստ ԱԺ նախագահի:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4