«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#245, 2006-12-22 | #246, 2006-12-23 | #247, 2006-12-26


«ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԻՄԵԼ ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒՆ, ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ»

Քանի դեռ հեռու ենք մեր ուժերով արդարության հասնելուց

Փաստաբաններ Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Ոսկանյանի եւ Աշոտ Աթոյանի 3 տարվա աննահանջ մաքառումներով մեր իրականության մեջ տարեվերջին արձանագրվեց աներեւակայելի հազվագյուտ իրողությունՙ վճռաբեկ դատարանի որոշմամբ դեկտեմբերի 22-ին ազատ արձակվեցին 2 զինծառայողների սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն այս երիտասարդներին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչ դատարանըՙ ցմահ ազատազրկման:

Մեր դատաիրավական համակարգի համար այս խիստ արտասովոր դեպքի մասին փաստաբանները երեկ խոսեցին «Ուրբաթ» ակումբում: «Սա աննախադեպ որոշում էր, անսպասելի բոլորիս համար: Ամբաստանյալների հետ մեր 3 տարվա պայքարի արդյունքն էր, արդարության համար պայքարող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրումի ապացույցը: Բոլորիս համատեղ ուժերի շնորհիվ ունեցանք նմանատիպ որոշում, որպիսին մեր երկրի պատմության մեջ չէր եղել», ասաց Զարուհի Փոստանջյանը:

Որոշումն ուղղակի շշմեցրել է մեկուսարանի ղեկավարներին, քաղվածքը կարդալիս նրանք պարզապես չեն հավատացել իրենց աչքերին եւ համոզվելու համար զանգահարել են վճռաբեկ դատարան: Կասկածներն ու ճնշումներն անպակաս են եղել փաստաբանների գործունեության ընթացքում: Դատարաններՙ առանց օրենքի, հոդվածներՙ զուտ օրենսգրքում գրված, դատավորներՙ անսիրտ ու անտարբեր: «Առանց լսելու մեր միջնորդությունները, միանգամից հայտարարում էին մերժման մասին: Փաստաբանական աշխատանքը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, ներողություն արտահայտությանս, կարծես բռնաբարվածի վիճակում լիներ: Տուժող կողմին թույլատրվում էր փայտով հարձակվել մեզ վրա, հայհոյել, պիտակներ կպցնել, մի խոսքով բարոյապես խոշտանգված վիճակում էինք: Բայց մեր աննկուն կամքը երբեք չկոտրվեց, որովհետեւ միասնական էինք, մեզ հետ էին նաեւ մեր անբաժան ընկերները դարձած լրատվամիջոցները, առանց որոնց մեզ կհոշոտեին», ասաց Աշոտ Աթոյանը:

Որ գործը պատվիրված էր, փաստաբանները գիտեին հենց սկզբիցՙ սցենարը նույնն էր նաեւ վերաքննիչ դատարանում, սակայն ավելի դաժան ու անգութ էին դատավորի մեթոդները: Աթոյանի ասելով, 15 տարի ազատազրկումն այստեղ փոխարինվեց ցմահ ազատազրկման, որովհետեւ «այդպիսի ցուցում էր տվել դատախազ Գագիկ Ջհանգիրյանը»: «Երբ վերաքննիչ դատարանում նշում էինք հնարավոր մարդասպանների անունները, դրանից ավելի էին կատաղում: Դատավոր Մհեր Արղամանյանը մատ թափ տալով ասացՙ դե գնացեք ու տեսեք, ձեզ էդպես է պետք: «Այո, ես Պինոչետն եմ»: Զարմանում եմ նրա ցինիկ վարվելակերպից, առհասարակ վերաքննիչ դատարանում կան այդպիսի դատավորներ: Զարմանում եմ նաեւ, թե ո՞վ է դատավոր նշանակել Սյունիքի մարզի առաջին դատարանի դատավոր Մանասարյանին»:

«Հույս» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը նշեց, որ վճռաբեկ դատարանի որոշումը հաստատեց Հայաստանի դատախազության եւ դատական համակարգի տկարությունն ու դրանց հանցավոր համագործակցությունը: Որոշումը պետք է հիմք դառնա պատասխանատվության ենթարկելու համակարգված ապօրինություններով առաջնորդվող բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս գործումՙ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, մեղադրող դատախազներ Անահիտ Եղիազարյանին եւ Աշոտ Ապրեսյանին, զինվորական ոստիականության աշխատակիցներ Աղասի Բագրատունյանին, Արամ Բաղդասարյանին (Մարալիկ մականունով), Վարդան Խաչատրյանին, ՀՀ զինդատախազության քննիչներ Արմեն Հակոբյանին, Սամվել Տոնոյանին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Վոլոդյա Մանասերյանին, ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորներ Մհեր Արղամանյանին, Արթուր Պողոսյանին, Արմեն Դանիելյանին, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի բժիշկ Գոռ Խաչատրյանին:

Կարեն Հակոբյանի համոզմամբ, անմեղ երիտասարդներին 3 տարի բանտարկության մեջ պահելու եւ առողջությունից զրկելու համար պատասխանատու են պետական բոլոր մարմինները, քաղաքական կուսակցությունները, որոնք բացարձակ անտարբերությամբ ընդունեցին հասարակության բազմաթիվ դիմումներն ու մամուլի հրապարակումները: Նա կարծում է, որ այս որոշումը պետք է պայքարի սկիզբ դառնա զինվորական գործերով ապօրինի դատավճիռներով դատապարտվածների, նաեւ այն ծնողների համար, որոնք արդարության չեն հասել բանակում սպանված իրենց զավակների համար:

«1994 թվականից առ այսօր բանակում կատարվել են բազմաթիվ դեպքեր, տարեկան մոտ 100 երիտասարդ է պատժվել չգործած հանցանքի համար: Այս հաղթանակից հետո պետք է կարողանանք դուրս բերել բոլոր գործերը եւ հասնել արդարության», ասաց նա:

Փաստաբանների հետ իրենք դիմել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների աջակցությանը ու հիմա դժվարանում են ասել, թե որ մեկի խոսքն է առավել ծանրակշիռ ու ազդու եղել` «Հյուման ռայթս վոչի՞նը», որը դիմում էր հղել հանրապետության նախագահին ու վճռաբեկ դատարանին` պահանջելով արդարացի լուծում: «Հելսինկյան միջազգային ֆեդերացիայի» դիմո՞ւմը, Հայաստան ժամանած Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի միջամտությո՞ւնը, թե՞ Ժակ Շիրակին հայ փաստաբանների միջոցով հասցված նամակը: «Լավ կլիներ իմանայինք, թե նրանցից որի խոսքն է ազդում մեր ղեկավարների վրա, որպեսզի հաջորդ անգամ միանգամից նրան դիմենք: Բայց ասեմ, որ հաջորդ անգամ կարող ենք դիմել Անգլիայի թագուհուն, Հռոմի պապին եւ բոլոր նրանց, ովքեր հեղինակություն են համարվում: Բայց լավ կլիներ, որ վճռաբեկ դատարանի որոշումն առիթ դառնար, որ այլեւս չդիմենք այլ երկրների հեղինակավոր կազմակերպություններին, այլ կարողանանք մեր երկրում, մեր ուժերով հասնել իրավունքի հաղթանակին»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4