Տարածաշրջանային ու ներքաղաքական զարգացումների լայնահայաց վերլուծությունը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին հանգեցրել է այն մտքին, որ եկող տարին գրեթե ոչինչ չի փոխում եւ ունենում ենք այն, ինչ արդեն ունեինք: Փոփոխություններ նա նկատում է միայն տնտեսական ոլորտում, դրանք ակնառու էին հատկապես Ռուսաստանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերություններում, սակայն քաղաքական դաշտի վրա դրանք ազդում են այնքանով, որքանով արժանանում են քաղաքական գործիչների գնահատականներին, հասարակության քննարկմանն ու լրատվամիջոցների լուսաբանմանը: Ռուսաստանը եղել եւ մնում է խիստ կարեւոր ռազմավարական գործընկեր Հայաստանի համար եւ դժվար է ասել, թե ո՞վ ո՞ւմ ֆորպոստն է: Իրականությունն այն է, որ երկուսի քայլերն են հաշվարկված են ու բխում են սեփական շահերից:
Պարզապես Ռուսաստանը դեռեւս չի վարժվել նախկին խորհրդային երկրների հետ առանց հրահանգների ու «խալաթի» խոսելուն: Նրանք դեռ իրենց զգում են ինչպես տանն ու, ինչպես նկատելի է, դեռ մտադիր չեն խալաթը հանել, դրա համար կպահանջվի երկար տարիներ, օրինակ, Ֆինլանդիայի հետ նորմալ խոսելու համար պահանջվեց ոչ թե 15, այլ 65 տարի:
Քաղաքագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարներին թերեւս կարելի է շատ բաներում մեղադրել, բայց ոչ խելագար քաղաքականություն վարելու: Վրաստանի հանդեպ նրանց հավասարակշիռ մոտեցումն արդեն իսկ դրա վկայությունն է, այնինչ Ռուսաստանը մերոնցից հենց խելագար պահվածք է պահանջում: Հայաստանի այդօրինակ վարքագիծը խոսում է մեր քաղաքական որոշակի հասունության մասին: «Որքան հիշում եմ, ռուս-վրացական խճողված հարաբերությունների ընթացքում սա առաջին դեպքն էր, որ Հայաստանը կարեկցանք արտահայտեց վրացիների, այլ ոչ ռուսների հանդեպ: Տեղի ունեցավ հոգեբանական բեկում, հասկացանք, որ նույնը կարող է կատարվել նաեւ մեզ հետ, տեսանք դրա վտանգները», «Ուրբաթ» ակումբում երեկ նշեց նա:
Ռուսաստանում կատարվող հայերի սպանությունները, նրա ասելով, եղել են միշտ եւ ամենուր, պարզապես մեր լրատվամիջոցներում դրանց մասին չի խոսվել: Այդ երկրում ահագնացող շովինիզմը դատապարտվում է տարբեր կողմերից, սակայն դրանից ոչինչ չի փոխվում ու շարունակվում է ջայլամի քաղաքականությունը:
Հայաստանի ներքաղաքական զարգացումները նա համարում է միանգամայն օրինաչափ, բնավ չի զարմանում խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումից, քանի որ 1998-ի ընտրություններից առաջ ստեղծվեց ՕԵԿ-ը, 2003 թվականից առաջՙ ՄԱԿ-ը: Դրանք ստեղծվում են ոչ թե սոցիալական հենքի, այլ նեղ «էլիտար» այս կամ այն խմբի շահերը արտահայտելու համար: «Ներկայիս կուսակցությունները կոչվում են, օրինակ, «բենզին», «էքսպորտ», «իմպորտ», «տուրիզմ», «առեւտուր» եւ այլն: Դրանք համագործակցում են միմյանց հետՙ տնտեսության կամ այլ ոլորտի պատառներն իրար մեջ անելով ռեստորանում, գուցե սաունայում, կամ որեւէ մեկի տանըՙ չալաղաջ ուտելով, կամ խորհրդարանում եւ այլն: Այդ դաշտը Հայաստանում դառնում է ավելի բաց, ոմանց արդեն չի գոհացնում երթուղային մի քանի գծերն ու գոյապայքարի են դուրս գալիս: Օրինակ, երկրի նախագահի փոփոխությունից հետո ինչ-որ բան կփոխվի, եւ այդ դաշտում իրենց տեղը պահելու համար նրանց երաշխիքներ են պետք իշխանական բուրգում եւ տնտեսաքաղաքական դաշտում ուժեղ դիրք ունենալու համար»:
Նա չի բացառում հակասությունների առաջացումը «Բարգավաճ Հայաստանի» ու «Հանրապետականի» միջեւ, վերջինս ոչ թե կուսակցություն է, այլ «չինովնիկների արհմիություն» է, որտեղ ամեն րոպե կարող է լինել շահերի բախում: Հենց այդ բախումն է, որ խիստ բնորոշ է մեր ներքաղաքական կյանքին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ