Վրաստանն էլ ադրբեջանականի համար սազով գովերգում է Ալիեւին
Ադրբեջանը հրաժարվել է ռուսական գազ գնելուց 2007 թ.-ի համար: Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաեւը, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարմանՙ 1000 խմ 235 դոլար սակագնի առնչությամբ «Գազպրոմի» եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն չի կայացել, ուստի Ադրբեջանը հաջորդ տարվա համար Ռուսաստանից պարզապես գազ չի գնի: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն իր գազի պահանջները բավարարում է Ռուսաստանի միջոցով տարանցվող թուրքմենական եւ ղազախական գազովՙ ներմուծման մինչեւ 80 տոկոսը: Ըստ Աբդուլաեւի, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ 1000 խմ 100 դոլարով գնվող թուրքմենական եւ ղազախական գազն Ադրբեջանին առաջարկվում է 135 դոլար հավելումով:
Երեկ նույն գազային հարցերով Ադրբեջանում էր Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը:
Ադրբեջանական եւ գազային թեմատիկային էր վերաբերում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու երեկվա ելույթն ուսանողության առջեւ, որտեղ Վրաստանին ձմռանը գազով ապահովելու Ադրբեջանի նախագահի որոշումը որակվել է բարեկամական-եղբայրական: Սաակաշվիլու խոսքերով, Ադրբեջանին ուղղակի ասվել է, որ Վրաստան թեկուզ 1 խմ գազ հասցնելու դեպքում հենց Ադրբեջանում մութ ու ցուրտ կլինի: Եվ քանի որ Իլհամ Ալիեւը որոշել է ապահովել գազի մատակարարումը Վրաստան, Սաակաշվիլին չի զլացել եղած-չեղած գերադրական ածականներով գնահատելու այս արարքը:
Միեւնույն ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել Շահ-Դենիզ գազի հանքավայրի ադրբեջանական հանքավայրում: Հիշեցնենք, որ այս հանքավայրի գազի գնման բանակցություններ էին վարվում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ, որոնք հետաձգվել են հունվարին:
Հետաքրքրական է, որ մեր հարեւաններիՙ Վրաստանի եւ Ադրբեջանի դեպքում քննարկման առարկա են դարձել ոչ թե «Գազպրոմի» հետ կոնկրետ բանակցությունները, այլ այն հանգամանքը, որ Հայաստանում 2007 թ.-ին եւս գազ կմատակարարվիՙ 1000 խմ 110 դոլարով: Եվ երբ Մոլդովայի հետ «Գազպրոմը» համաձայնության է գալիս գազի գնիՙ 1000 խմ 170 դոլարի մակարդակում, Ադրբեջանը, թերեւս, ի դեմս պաշտպանության նախարարության, դժգոհություն է արտահայտում Ռուսաստանին (ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով) Հայաստանին հրթիռային համալիրներ մատակարարելու առնչությամբ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ