«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#246, 2006-12-23 | #247, 2006-12-26 | #248, 2006-12-27


«ԱՄՈ՛Թ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՂՆԵՐԻՆ», ԳՈՉՈՒՄ ԷԻՆ Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ

Սահակ Շիրոյանը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից է: Երեկ նա 140 կմ էր անցել եւ հասել Երեւան եւ այդքան էլ պիտի վերադառնար, որպեսզի մի խումբ համախոհների հետ ներկա լիներ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի առջեւ կազմակերպված բողոքի ցույցին: Սահակը բոլորի հետ գոռում էր. «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին»: «Նրանք քաղաքական պատվերի զոհեր եւ փաստորեն քաղաքական բանտարկյալներ են», «Ազգի» հետ զրուցելիս ասում է Սահակը, որը նաեւ չի բացառում իշխանափոխության անհրաժեշտության մասին կալանվածների կոչերը: «Բայց նրանք բանավոր են խոսել, պետական հեղաշրջման կոնկրետ ոչ մի գործնական փորձ ու գործողություն չեն կատարել: Իսկ բանավոր խոսքեր Հայաստանի 70-80 տոկոսն ասում է իշխանության հասցեին, հո բոլորին չեն ձերբակալելու», ասում է նա, որ դավաճանություն է համարում քաղաքական անտարբերությունը: Սահակն արդեն իսկ մասնակցեց հենց դատարանի շենքի նախամուտքում ծավալված հայտարարություն-ստորագրահավաքին, որի տեքստը ոչ այլ ինչ էր, քան համաձայնություն Սեֆիլյանի եւ Մալխասյանի հնչեցրած այն ելույթներին, ըստ որոնց իշխանափոխությունն անհրաժեշտություն է, անհապաղ, բոլոր միջոցներով:

Հորըՙ Վարդան Մալխասյանին սատարելու համար դատարանի շենքի առջեւ խմբված 60 հոգիների շարքում էր նաեւ 20-ամյա Սոնա Մալխասյանը. «Սա շատ կազմակերպված սցենարով կինո է, որի ռեժիսորն ակնհայտ է, իսկ մրցանակաբաշխությունն էլ մեդալների տեսքով ազգային անվտանգության աշխատակիցներին` տեսանք, վերջերս հանձնվեց», ասում է աղջիկը:

Սամվել Հարությունյանը ցուցարարներից առաջին բանախոսն էր: Նա հայ կամավորականների «Համախմբում» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ է, ե՛ւ Ժ. Սեֆիլյանի ե՛ւ Վ. Մալխասյանի զորակցության շարժման կոմիտեի անդամ: «Ժիրայրը մարտնչեց արցախյան ճակատամարտի բոլոր դժվարին հատվածներում, երկու անգամ վիրավորվել է, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ է, ջոկատի, գումարտակի, գնդի հրամանատար է, դիվիզիայի փոխհրամանատար...Նույնը Վարդան Մալխասյանի մասին` նվիրյալ հայորդին իր ողջ կյանքում ծառայել է հայրենիքին: Երկուսն էլ, եթե ցանկանային հիմա գեներալական ուսադիրներով կլինեին», ասում էր Գորիսի նախկին քաղաքապետը բարձրախոսով:

Փոքրիկ միտինգից հետո ցուցարարները ժամեր շարունակ սպասեցին հետզհետե թափ առնող ձյան տակ կամ դատարանի նախամուտքում, մինչեւ դռնփակ դատական նիստը տվեց որոշումը, ըստ որի ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը Վ. Մալխասյանին ձերբակալելու մասին, թողնվեց անփոփոխ: Նրա փաստաբան Արթուր Գրիգորյանը դուրս գալով դատարանի շենքից լրագրողներին պատմեց, որ դատարանում ներկայացվել է պաշտպանական կողմի բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այն է` Վարդան Մալխասյանի նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Ինչպես եւ սպասվում էր, միջնորդությունը մերժվեց, իսկ թե ինչո՞ւ, այդպես էլ մնաց անհայտ, քանի որ օրենքը թույլ է տալիս դատարանում հրապարակել դատական ակտի եզրափակիչ մասը, իսկ հետագայում արդեն ամբողջ տեքստը ստորագրած վիճակում հանձնել պաշտպանին եւ մեղադրյալին: Մինչդեռ խափանման միջոցն այս դեպքում այնքան էլ տեղին չէ, քանի որ նպատակ է ունենում նախաքննության պատշաճ կատարումն ապահովել:

«Գործի հանգամանքները շատ պարզ են` կան կոնկրետ արտահայտություններ, եւ խնդիրն ավելի ճիշտ վերաբերում է այդ արտահայտությունների իրավական գնահատականին», նշեց փաստաբան Արթուր Գրիգորյանը: «Սա ավելի ճիշտ արտահայտվելու ազատության նկատմամբ պատժամիջոց է, քան խափանման միջոց եւ ըստ երեւույթին պիտի գնա Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան», ենթադրեց փաստաբանը:

Արդեն ժամը 18-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մանրամասն քննելով Ժ. Սեֆիլյանի մասով նույնատիպ բողոքն ու գործի մանրամասները, որոշեց նիստը շարունակել այսօր ժամը տասնմեկին:

Այդուամենայնիվ, Ժ. Սեֆիլյանի փաստաբան Վ. Գրիգորյանը «Ազգի» հետ զրույցում վատ կանխատեսումներ արեց ասելով, որ ե՛ւ նախաքննական մարմինների, ե՛ւ դատարանների վրա ազդեցիկ շրջանակների գործադրած ճնշումն անզեն աչքով իսկ տեսանելի է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4