Թվում էՙ Մոսկվայում կառուցվող եկեղեցական պատկառելի համալիրը պիտի կլանի հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանի ողջ եռանդն ու ուշադրությունը նրա հոգեւոր առաքելության ներկա փուլում: Սակայն միայն այս տարի իր թեմի տարածքում նա օծել է հինգ հայկական եկեղեցի: Արդյոք մանրո՞ւք է, ասենք, որ նրա օրհնությամբ եւ օժանդակությամբ հրատարակվել է սքանչելի մի այբբենարանՙ նախատեսված հատուկ ռուսահայ մանուկների համար: Ի դեպ, առաջինը տեղի գաղթօջախի կյանքում: Պետք է միայն տեսնել այդ ձեռնարկը Մոսկվայում սրբազանի բացած հայեցի դաստիարակության կենտրոնում մայրենի լեզուն սովորողների աշակերտական սեղանին...
Սակայն հոգեւոր ու աշխարհիկ իմաստով ռուսահայության համար եւ առհասարակ ռուս իրականության մեջ նշանակալի իրադարձություն դարձավ Մաղաքիա Օրմանյանի «Հայոց եկեղեցի» շքեղազարդ աշխատության լույս ընծայումը ռուսերեն, որն անդրանիկ խոշոր փորձն է այս երկրում ներկայացնելու մեր հոգեւոր պատմության ամփոփ տարեգրությունը:
- Հարգելի սրբազան, ի՞նչը դրդեց ձեզ դիմել այդ գրքին:
- Ռուսահայության մեջ եւ ընդհանրապես Ռուսաստանում անհրաժեշտություն էր զգացվում տալու Հայ առաքելական եկեղեցու եւ նրա պատմության հստակ ու ամբողջական պատկերը: Նա այն եկեղեցին է, որ 1700 տարի անդավաճան ծառայել է Քրիստոսին, լծվել նրա պատգամների իրագործմանը: Եվ նրա առաքելությունը վկայում է, թե ինչքան զորավոր է քրիստոնեական հավատքը, որին նվիրաբերվելով մեր ժողովուրդը դիմակայեց ու հաղթահարեց ժամանակի փորձությունները:
Այս գիրքը հայ եկեղեցու առաջին լիարժեք տարեգրությունն է ռուսերեն: Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանն ավելի վաղ խնդրին անդրադարձել էր իր հեղինակած մի գրքույկով:
- Իսկ ինչո՞ւ հենց Օրմանյանը: Հայտնի է, որ նշանավոր կրոնական գործիչը, աստվածաբանը, պատմաբանը բազմաբեղուն գործունեություն է ծավալել անցած վերջին երկու դարերի սահմանագծին, գիրքը մոտ 100 տարվա պատմություն ունի: Մինչդեռ մեր ժամանակներն այնքան սրընթաց են, որ նույն արագությամբ փոխվում են նաեւ շատ պատկերացումներ: Ժամանակափոխության հետ կապված մտավախություններ չե՞ն եղել Ձեր մեջ:
- Բնավ: Օրմանյանը հսկա միտք էր մեր ժողովրդի եւ հատկապես եկեղեցու պատմության ուսումնասիրման ասպարեզում: Ժամանակին նա էլ էր հետապնդել նույն նպատակըՙ օտարին ներկայացնել մեր անցած հոգեւոր ճանապարհը. գիրքն առաջին անգամ լույս է տեսել ֆրանսերեն: Այնպես որ մեր կողմից նույնիսկ ծանոթագրություններ անելու անհրաժեշտություն չառաջացավ:
- Սրբազան, ելնելով թեմայից, ահա թե ինչ կուզենայի պարզել. մենք ապրում ենք Ռուսաստանում, եւ ռուսները հետաքրքրության համար մեզ հաճախ են հարցնումՙ աստվածաբանական բնույթի սկզբունքային ի՞նչ տարբերություններ կան մեր երկու քրիստոնեական եկեղեցիների միջեւ:
- Անմիջապես ասեմՙ հավատքի իմաստովՙ սկզբունքային ոչ մի տարբերություն: Փոքր-ինչ այլ է աստվածաբանությունը: Ի դեպ, Օրմանյանն էլ է տալիս այդ հարցի պատասխանը: Հայ եկեղեցին աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից է, իր նկարագրով, պատմությամբ խորապես ազգային: Քրիստոնեական եկեղեցիների մեջ նա ուղղափառ է, սակայն այդ ուղղափառությունը չպետք է ընդունել հույն օրթոդոքս եկեղեցու աստվածաբանական սահմանների մեջ. մենք ինքնանկախ ենք: Մեր աստվածաբանությունը հենվում է առաջին տիեզերական երեք ժողովների վրա, որոնց գումարման ժամանակ քրիստոնեական եկեղեցին տիեզերական էրՙ ընդհանրական, տակավին չպառակտված: Ըստ այդ ժողովների սկզբունքների ու մեկնաբանությունների հիման վրա ձեւավորված աստվածաբանության, Քրիստոսի մեջ մարդկային եւ աստվածային ներկայությունըՙ մասերը, սկզբունքները, անքակտելի են, անփոփոխելի: Քրիստոսն այնքանով, որքանով մարդ է, նույնքանով էլՙ աստված, որովհետեւ աստված մարմնավորվեց Քրիստոսով:
Չի կարեւորվում որեւէ սկզբունքի առաջնայնության հարցը: Ողջ աստվածաբանությունն ու քրիստոսաբանությունն ամփոփվեց հիշյալ ձեւակերպմամբՙ «մի է բնութիւնն բանին մարմնացելոյ» (մարմնացյալ բանի մեջ բնությունը մեկն է): Այսինքնՙ մեկ բնության մեջ ընդունում ենք ե՛ւ մարդկային, ե՛ւ աստվածային սկիզբը, դրանք չառանձնացնելով որպես բնություններ: Մինչդեռ 451 թ. Քաղկեդոնի չորրորդ ժողովում քննարկվող քրիստոսաբանության աստվածաբանությունն իր տրամաբանական մեկնություններով թեեւ գրեթե նույնն է տիեզերական երեք ժողովների մեկնաբանությունների հետ, այդուհանդերձ, Քաղկեդոնի ժողովը մերժեց բանաձեւը եւ դարձրեցՙ մարմնացյալ բանի մեջ բնությունը երկուսն է, եթե կարելի է այսպես ասել, նկատի ունենալով մարդկային եւ աստվածային սկիզբը: Ռուսները դավանում են, ինչպես հույն օրթոդոքս եկեղեցին, այդ սկզբունքը: Իսկ ըստ էության երկու եկեղեցիների աստվածաբանությունը պետք է համարել որպես ուղղափառ դավանանք:
- Իսկ ինչո՞վ բացատրել խաչակնքման կարգի տարբերությունը, մենքՙ վերեւ-ներքեւ-ձախ-աջ, ռուսներըՙ վերեւ-ներքեւ-աջ-ձախ:
- Այդ առնչությամբ գոյություն ունեցող մեկնաբանությունների մեջ թերեւս շատ ավելի հավանական ու բնորոշիչ է հետեւյալ տարբերակը. խոսքը վերաբերում է բառակապակցական շարադասության տարբերությանը եւ որեւէ աստվածաբանական այլազանություն չի արտացոլում: Ուշադրություն դարձրեք բառերի հաջորդականությանը. մենք ասում ենքՙ Հանուն Հօր (ճակատըՙ բանականությունը) եւ Որդվոյ (Մարիամ աստվածածնից ծնվածՙ մարդեղացած) եւ Հոգւոյն Սրբոյ (հոգինՙ սիրտը, սուրբըՙ աստծո աջ կողմը, նվիրական տեղը): Իսկ հիմա հետեւենք ռուսական շարադասությանը ԹՏ ՌՎÿ ԿՑՓՈ Ռ հօվՈ Ռ հՉÿՑՏչՏ ԺցւՈ. Այսինքնՙ իմաստային առումով վերջին երկու բառերի տեղերը ռուսերենում փոխված են, ինչն էլ պայմանավորում է խաչակնքման կարգը:
- Իսկ որտեղի՞ց է գալիս «ԸՐՎÿվՏ-թՐՌչՏՐÿվրՍՈÿ ՓպՐ-ՍՏՉՖ» արտահայտությունը, որ մենք երբեք չենք կիրառում: Առաքելահաստատ ուղղափառ եկեղեցի ենք եւ վերջ:
- Այդ արտահայտությունն, իրոք, տարածված է միայն Ռուսաստանում, ընդ որում հատուկ նշեմ, որ ռուս եկեղեցին եւս դա չի գործածում որպես պաշտոնական անուն: Ըստ իս, դա տեղ է գտել 1828 թվականից հետո, երբ Արեւելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ: Հայության այդ հատվածի համար պետք էր հաստատել կանոնադրություն (տՏսՏՋպվՌպ): Սակայն որպեսզի տարակարծություններ չառաջանան հայ եկեղեցու միաբնակության հարցում, ապա, հաստատելով կանոնադրությունը (1836 թ.), որոշում ընդունվեց գրել ԸՐՎÿվՏ-թՐՌ-չՏՐÿվրՍՈÿ ՓպՐՍՏՉՖ, որով պետք էր տարբերակել դրա ռուսահպատակության հանգամանքը:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա