Հայաստանի հավաքականի հարձակվող Արման Քարամյանը, որ հանդես է գալիս ռումինական «Չախլաուլ» ակումբում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում է խաղալ Ռուսաստանում: «Չախլաուլը» հայ ֆուտբոլիստին տրանսֆերի է հանել: «Երբ պայմանագիր էի կնքում, խոստացել էի, որ ռումինական այլ ակումբ չեմ տեղափոխվի: Սակայն ստեղծված իրավիճակում ստիպված եմ փոխել որոշումս: Թեեւ Հայաստանի հավաքականի անդամ եմ, սակայն ինչպես երեւում է, ռումինական ակումբի համար այնքան էլ լավ ֆուտբոլիստ չեմ: Գիտեմ, որ ղեկավարությունն իմ հաշվով որոշակի մտադրություն ունի եւ հուսով եմ, որ իրավիճակը շուտով կպարզվի: Իսկ հաջորդ մրցաշրջանում կցանկանայի հեռանալ Ռումինիայից եւ հանդես գալ Ռուսաստանում: Հույս ունեմ, որ այնտեղ ավելի մեծ հարգանքի կարժանանամ», հայտարարել է Արման Քարամյանը:
Ըստ ռումինական լրատվամիջոցների, ձմռան տրանսֆերային շրջանում Արմանը կտեղափոխվի Բուխարեստի «Նացիոնալ»: Վերջինս անհաջող է հանդես գալիս Ռումինիայի առաջնությունումՙ եզրափակելով աղյուսակը: 18 թիմերի մրցավեճում «Նացիոնալը» 19 խաղից հետո վաստակել է 13 միավոր (+3=4-12, 13-30): Անհաջող է հանդես գալիս նաեւ «Չախլաուլը», որը 17 միավորով (+5=2-12, 13-29) 15-րդ տեղում է:
Ինչ վերաբերում է Արտավազդ Քարամյանին, որի պայմանագրի ժամկետը «Ռապիդի» հետ արդեն ավարտվել է, ապա նրա հետագա ճակատագիրն էլ առայժմ անորոշ է: Ճիշտ է, լրատվամիջոցներում տեղեկատվություն հրապարակվեց, թե իբր Արտավազդը երկարաձգել է պայմանագիրը «Ռապիդի» հետ, սակայն դա չէր համապատասխանում իրականությանը: Արտավազդ Քարամյանը հայտարարել է, որ առաջարկներ շատ ունի եւ հույս ունի, որ առաջիկայում իր հարցը դրականորեն կորոշվի: Առաջարկներից մեկն էլ նա սպասում է Կիեւի «Դինամոյից»: Հիշեցնենք, որ Ռումինիայում գտնվելիս «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը հանդիպել էր Քարամյանի հետ: Այնպես որ, բացառված չէ Կիեւի «Դինամո» տեղափոխվելու տարբերակը: Արտավազդը նշել է, որ դա իր համար մեծ պատիվ կլիներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ