Նոր տարվա շեմին ուրախալի լուր ստացան թենիսի սիրահարները: Թենիսի «աստղային» զույգըՙ ամերիկահայ Անդրե Աղասին եւ գերմանուհի Շտեֆի Գրաֆը հայտարարել են կորտ վերադառնալու մասին: Նրանք մտադիր են հանդես գալ մի քանի մրցաշարերումՙ խառը զուգախաղում:
«Մենք ներկայումս թոշակառուներ ենք եւ շատ ժամանակ ունենք մրցումներին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու համար: Նախկինում մենք շատ էինք ցանկանում միասին հանդես գալ որեւէ խոշոր մրցաշարում: Սակայն այն ժամանակ շատ զբաղված էինք», նշել են նրանք:
Շտեֆի Գրաֆն ու Անդրե Աղասին մեծ թենիսում գրեթե բոլոր բարձունքները նվաճել են, ուստի ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեն: Նրանք պարզապես ցանկանում են կրկին կորտ դուրս գալ եւ հաճույք ստանալ սիրած մարզաձեւից, որին նվիրել են կյանքի լավագույն տարիները: Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե քանի մրցաշարում են նրանք մտադիր հանդես գալ: Սակայն դա էական չէ: Կարեւորն այն է, որ թենիսի «աստղերի» երկրպագուների բազմահազար բանակը կրկին հնարավորություն կունենա հիանալու Անդրե Աղասու եւ Շտեֆի Գրաֆի անզուգական վարպետությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ