Այս տարի ստեղծված մեր ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը, փաստորեն, շատ բանի մասին լռում է, եւ այդպես էլ պետք է լինի. մի փաստաթուղթ չի կարող թելադրել մեր բոլոր քայլերը` ինչ անենք, ինչ չանենք, չի կարող փոխել տարբեր հանգամանքների եւ գործոնների զուգորդմամբ այս պահին առկա «պռավալները» մեր մտածողության մեջ: Մինչդեռ անկախ ռազմավարության փաստաթուղթ ունենալ- չունենալուց` շատուշատ բաներ սկսել են սպառնալ մեր ազգային անվտանգությանը, եթե չսթափվենք:
Թիվ մեկ սպառնալիքն, իհարկե, մոտեցող ընտրությունների կեղծումը կլինի, այդ հարցում կարծես հակակարծիքներ մինչեւ հիմա չեն հնչել, ու դրա դեմը պետք է առնենք ազգովին:
Սակայն սրանից էլ բացի`ամեն օր, ամեն քայլափոխի ու ամեն փոքր հարցում մեր ազգային անվտանգությանը սպառնացող մանրիկ վտանգները կարող են միահյուսվել ու մի չար պահի շուռ գալ մեր դեմ, ու դրա համար ոչ ոք, ոչ ոք` բացի մեզնից, մեղավոր չի լինի: Ու հետո հայի վերջին խելքով կմեղադրենք միայն մեզ: Հայտնի է, որ հայի վերջին խելքն արդեն ուշացած պայծառացումն է:
Եվ այսպես: Մեզ սպառնում են ամեն քայլափոխի հանդիպող տգիտությունն ու դիլետանտությունը: Եթե դա սովորական հայ մարդն է, էլի ոչինչ, չնայած տվյալ մարդու ընտանիքի մի քանի հոգին, այսինքն հասարակության մի պստլիկ մասնիկը, կախված են այդ տգիտությունից: Բայց եթե դա հայ պաշտոնյան է, իսկ ավելի ճիշտ` պաշտոնյաների մի ստվար բանակը, ուրեմն դա ազգային դժբախտություն է, քանի որ վտանգավոր է, երբ ղեկավարը իր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի մի չնչին տոկոսին է միայն տիրապետում: Իսկ ո՞վ բազմաթիվ օրինակներ չգիտե, թե ինչպե՞ս են փորձում ոտքերը կառավարել գլխին, ինչպես են օր-օրի նոր կիսագրագետներ նետվում պաշտոնեական բարձունքներ գրավելու: Եվ ինչպես են հաճախ մեր պետությունը ներկայացնում մարդիկ, ում կսազեր ձկան փորոտիքը մաքրել: Սրա վրա աչք ենք փակում, եւ դեռ կարելի կլիներ գուցե աչք փակել, եթե վաղը-մյուս օրն արդեն, ներքին ու արտաքին խնդիրներ լուծելիս, պրոֆեսիոնալիզմի պակասն ու կացնային տգիտությունը, գիտելիքի այս 21-րդում, չսպառնար մեր ազգային անվտանգությանը: Օրինակներ կարող ենք բերել ամեն ոլորտից:
Մեր անվտանգությանը սպառնում են ամենուր եւ ամենեքյան իշխող տնավարությունը, բռիությունը, «ճշտով» հարց լուծելու ներմուծված սովորույթը, որոնք թույլ չեն տալիս, որ իշխանություն հաստատեն վարվեցողության բարձր նորմերը, իրական կրթվածությունն ու հոգեւորին միտող բարքերը, թույլ չտալը` ոչինչ, հաճախ հանգեցնում են ծանրագույն հանցագործությունների, ոչինչ բանից «ռազբորկայի» վերածվելու հասարակության բուն անվտանգությանը սպառնացող կոնկրետ դեպքերով: Օրինակներ թվել պե՞տք է, թե բոլորդ էլ կհիշեք:
Մեր անվտանգությանը սպառնում են կոճակ սեղմող պատգամավորները, որոնք երբեմն անգամ չգիտեն, թե ինչի՞ վերաբերյալ են կոճակ սեղմում, ու մի օր էլ թյուրիմացաբար երկրի շահերին հակասող օրինագծի օգտին կարող են չորս ձեռքով քվեարկել: ԱԺ փոխխոսնակն էր ասում, չէ՞. «Հարգելի պատգամավորներ, լռեք, որ հասկանաք, թե ի՞նչ եք քվեարկում»: Մեր անվտանգությանը սպառնում են փողով մանդատ առնող պատգամավորները:
Մեր անվտանգությանը սպառնում են բոլոր նրանք, ովքեր անտարբեր են մեր շուրջը տեղի ունեցողի, վերը թվարկածների եւ մեր ազգային անվտանգության հանդեպ, եւ ոչ թե Ժիրայր Սեֆիլյանը, որն ասում էր, թե ի՞նչն է սպառնում մեր ազգային անվտանգությանը:
Մեր ազգային անվտանգությանն այս տարի սպառնում էր ամեն ինչ, որ կեղծիքի, ստի, անարդարության ու կոռուպցիայի հետ էր բարեկամություն անում:
Եվ Նոր տարում արժե, որ մտածենք այս բոլորը փոշու պես թափ տալու մասին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ