«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#247, 2006-12-26 | #248, 2006-12-27 | #249, 2006-12-28


ԻՆՉՊԵՍ ԿՏԵՂԵԿԱՑՎԻ ԲԱԺԱՆՈՐԴԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՋԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաստատվեցին էլեկտրաէներգիայի մատակարարման ու օգտագործման նոր կանոնները

Եկող տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները (ԷՄՕԿ): Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշակի լրամշակումների համար տեղ թողնելով, երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց նոր ԷՄՕԿ-ը: Շահագրգիռ երեք կողմերիՙ հանձնաժողովի, մատակարար ընկերության եւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հավաստմամբ, այս կանոնները առաջընթաց են ներկայումս գործող կանոնների համեմատ:

Նոր կանոններով, մասնավորապես, էներգամատակարար ընկերությունը, բացի շաբաթվա աշխատանքային օրերից, սպառողներին կսպասարկի նաեւ շաբաթ օրը, տարեկան մեկ անգամ անվճար կստուգաչափվեն հաշվիչները, բնակիչների համար կստեղծվի շուրջօրյա անվճար հեռախոսակենտրոն եւ այլն:

Տարակարծությունների տեղիք տվեց բաժանորդներին էլեկտրաէներգիայի վճարները վճարելու մասին տեղեկացման դրույթը, ըստ որի հեռուստատեսությամբ կհայտնվի, որ 7 օրվա ընթացքում բնակիչները պարտավոր են կատարելու այդ վճարումները, ինչը չկատարելու դեպքում 3 օր հետո էներգամատակարարումը կանջատվի: Սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, այստեղ հստակեցում է անհրաժեշտ, քանի որ տեղեկացման այս ձեւը կարող է հասանելի չլինել բնակչության լայն խավերին: Նրանք առաջարկում էին, որ այդ մասին տեղեկատվությունը անվճար տրվի սպառողներին: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նույնպես այն կարծիքը հայտնեց, որ էներգամատակարարման անջատման մասին դրույթը հստակեցնելու անհրաժեշտություն կա:

Հանձնաժողովի նախագահը, ամփոփելով քննարկումը նշեց, որ այս փաստաթուղթը մի քանի քայլ առաջընթաց է գործող կանոնների համեմատ եւ այստեղ հստակեցվել են էներգամատակարար ընկերության («Հայաստանի էլեկտրական ցանցերի») իրավունքներն ու բաժանորդների նկատմամբ պարտավորությունները: Նրա առաջարկով էլ հանձնաժողովը միաձայն հաստատեց ԷՄՕԿ-ը եկող տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտցնելու որոշումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4