Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի սթափատես հայացքի տակ հայ մարդու եւ իր ճակատագրի մասին մտածումներն անվերջանալի են: Աշխարհի քարտեզին մեր գոյության պահպանման կերպի որոնումների, մարդու կեցության, բարոյականության, գոյի ու գոյութենականության հարցերը նրա միտքը հանգիստ չեն տալիս:
Տարեվերջյան իր խոհերի մասին հարցիս պատասխանն էլ այդպիսին էր. «Ինչ ասեմՙ այս տարի Հայաստանի անկախության 15-ամյակն էր: Դժվար վիճակ է, ոչ մեկը չի կարող ժխտել: Մի քանի կարեւոր հարցեր կանՙ Ղարաբաղի հարցը, որ պիտի լուծվի, հարեւանների հետ մեր երկրի հարաբերությունները պիտի լավանան, որ կարողանանք հաղորդակցվելու հնարավորություն ունենալ, որպեսզի հզոր պետություններիՙ իրենց քաղաքական հարցերը լուծելիս, ոտքի տակ չգնանք: Ես քիչ մը քաշված եմ ապրում: Համոզված եմ, որ միակ լուրջ բանը իմ գործով զբաղվելն է, եթե դրանով կարողանամ օգուտ տալ իմ ժողովրդին, բավարարում կլինի ինձ»:
Հակոբ Հակոբյանն այսօրվա մեր այն քիչ արվեստագետներից է, որի նկարչությունը հեղինակավոր շրջանակներում հետաքրքրություն եւ պահանջարկ է ստեղծում, դրանով էլ նպաստում մեր ժողովրդի ու մշակույթի միջազգային ճանաչմանը: Ֆրանսիայի Մարսել քաղաքում նահանգապետարանի գրադարանի արդիական շենքում հունվարի 9-ին բացվելու է վարպետի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Բուշ դը Ռոնի նահանգապետարանը եւ «Սահակ-Մեսրոպ» հայկական մշակութային կենտրոնը:
Հրավիրված են եւ Փարիզ են մեկնելու նկարիչն ու իր տիկինը: Ընտրված 33 գործերը. (26 յուղաներկ, 7 ակվարել հիմնականումՙ բնանկար եւ նատյուրմորտ) ներկայացնում են վարպետի վաղ շրջանի գործերը, որոնք արտահայտում են հետեղեռնյան առաջին սերնդի ծանր հոգեվիճակներն ու ապրումները: Նկարների մեծ մասը Երեւանից են տարվելուՙ վարպետին ու Շահեն Խաչատրյանին, մի քանիսը Մարսելի նկարահավաքներին պատկանող: Էքսպոզիցիան եզրափակվելու է Մարսելի մշակույթի տան Հայաստանը խորհրդանշող «Արարատ» հիասքանչ նկարով: Ցուցահանդեսի կատալոգը ներկայացնում են «Սահակ-Մեսրոպ» մշակույթի տան նախագահ Ռոբեր Ազիլազյանը եւ Խաչիկ Իլմազյանը: Կատալոգը բացվում է սենատոր եւ նահանգապետարանի ընդհանուր խորհրդի նախագահ Ժան Նոյել Գերինի խոսքով: Կատալոգը կազմել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Ցուցահանդեսը հավանաբար ունենալու է «Օտար ափերում եւ հայրենի հողի վրա» Շահեն Խաչատրյանի մեկնողական տեքստի խորագիրը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի կեսերը, որին ավելի հանգամանորեն կանդրադառնանք բացումից հետո:
Նմանաբնույթ եւ նույն սկզբունքով մի ցուցահանդես Հակոբ Հակոբյանն ունեցավ նաեւ այս տարվա մարտինՙ Լոս Անջելեսի ժողովրդական արվեստի թանգարանում: Նա առաջին նկարիչն է, որի գործերը ցուցադրվեցին ամերիկյան նման հեղինակավոր թանգարանումՙ ըստ որում վերջինիս առաջարկությամբ եւ գործերի թեմատիկ ընտրությամբ: Վարպետի նկարներն այնտեղ հանգրվանեցին երեք ամիս:
«Սարգիս Խաչենց» հրատարակչությունը տպագրության է պատրաստել եւ օրերս լույս կտեսնի Հակոբ Հակոբյանի հոդվածների եւ խոհագրությունների ծավալուն ժողովածուն, 25-30 լուսանկարներով: Գրքի մտահղացմանՙ վարպետի ասելովՙ «հրահրողն ու հալածողը», կազմողն ու խմբագիրը գրականագետ Յուրի Խաչատրյանն է: Նկարչի գրային այս արտահայտությունը կնպաստի ավելի խորքային ըմբռնելու նրա գեղանկարչության լռությունը, մտածողական համակարգն ու մետաֆիզիկական զգացողությունները:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ