Ո՞ւր են տանում մեր նավը...
Ազգային երաժշտության անվան տակ այսօր մատուցվում է ամենապրիմիտիվ եւ մասսայական ճաշակ բավարարող երգ ու մեղեդի, որը բնավ կապ չունի մաքուր երգեցողության, մեր հոգեւոր եւ դասական երաժշտական ավանդների հետ: Հանրային հեռուստատեսությունն իր եթերային թանկ ժամանակն օրեր առաջ սպառում էր սարքովի ժամանակակից երգարվեստի հայ աստղերիՙ միջազգային հեղինակության արտիստների անվարժ ու խեղճ նմանակումների վրա: Մրցանակաբախություն, որ տարվա լավագույն կատարողներին ընտրեց. մրցանակակիրների տեսակ ու որակ, արվեստի վարպետների ու ժողովրդական արտիստների նախագահական կոչումներ, որ տիրապետող մտածողության ու ճաշակի հետեւանքն են:
Ժամանակն է, որ հասարակությունն ինքը կատարի արժեւորման իր ընտրությունը (եթե, իհարկե, նա դեռ չի կորցրել մտածելու եւ տարբերակելու իրեն տրված բանական ունակությունը) եւ կոչումները շնորհի այն մտավորականին ու արվեստագետին, որի ստեղծածի շնորհիվ հայ մշակույթն ու գիտությունը կարող են ներկայանալ օտար հանրությանըՙ արժանի ներկայություն ապահովելով միջազգային մակարդակներում, այլ ոչՙ բավարարի սնապարծ գավառամոլի տկար միտքը, որի արդյունքում այսօրվա դեռատի սերունդն իր համար կուռքեր է հայտնաբերում ու հայ երգ ու երաժշտության, մշակույթի մասին թյուր պատկերացում ձեւավորում. անհայտ են մնում բացառիկ տաղանդի տեր անուններ, որոնց համերգային կատարումներն աշխարհի հայտնի նվագախմբերի հետ են, ամենահեղինակավոր բեմերում:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանը բացառիկ հիացմունքով է խոսում ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ դաշնակահար Սերգեյ Բաբայանի մասին: Հասարակության ո՞ր մասն է, սակայն, լսել նրանց անունները, ում պատկերն են զօր ու գիշեր հեռուստատեսային էկրաններին եւ քաղաքային մեծադիր պաստառ-աֆիշաներինՙ Հայկո, Մկո, Անդրե... Տարին ավարտվում է. այսօրվա մեր մեծատուներն արդյոք անդրադառնո՞ւմ են, թե ում եւ ինչո՞ւ են ֆինանսավորել, եւ որտե՞ղ եւ ի՞նչ վիճակում են հայտնվում ճշմարիտ արժեքները, տաղանդավոր մարդիկ. նրանք գնում են մեր երկրից, որքան էլ շատերի մոտ արթուն է հայրենիքում ապրել-գործելու կամքը:
«Յուրաքանչյուր երկրում ֆիլհարմոնիկ նվագախմբերի մակարդակը տնտեսական վիճակի արտացոլումն է: Եվրոպական երկրներն ու Ամերիկան ունեն փայլուն նվագախմբեր: Հայաստանում հակառակն է, մենք ունենք թույլ տնտեսություն եւ լավ նվագախումբ: 6-7 տարի հետո այսօրվա համեմատությամբ շատ մեծ ռեգրես է լինելու: Մեր նվագախմբի 10-15 երաժիշտ անփոխարինելի են, սակայն եթե այսպես շարունակվի, դժվար թե նրանք մնան: Ես հավատում եմ, որ Երեւանում կյանքը բարեկեցիկ կդառնա ավելի, թոշակառուներն ավելի լավ կապրեն, բայց այս արվեստը կվերանա, եթե այսպես շարունակվի:
Սարսափելի է, Վրաստանը երեք նվագախումբ ունի եւ մեզնից 2-3 անգամ ավելի է վարձատրում երաժիշտներին: Այսօր նրանք Հայաստանից երաժիշտ են տանում, Բեյրութը մեզնից երաժիշտ տարավ, այն էլՙ պատերազմի օրերինՙ մեծ գումար վճարելով, կորուստներ ենք ունենում: 16-17 տարվա մեր գոյության համար պարտական ենք Լուիզ Սիմոն-Մանուկյանին, ինքն ասում է, երբ ես չլինեմ, ի՞նչ է լինելու: Վերջանալու ենք», ասում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը, որն այս տարի աննախադեպ հաջողություն է արձանագրել: Եվ որպեսզի մեր վերոհիշյալ միտքը հաստատվի, կարճ հիշեցում-անդրադարձ նվագախմբի այս տարվա հյուրախաղերին. այս երեւույթի վրա հրավիրենք մեր երկրի հեղինակությամբ մի փոքր հետաքրքրված պետական մարմինների եւ մեկենասների ուշադրությունը:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ այս տարի փայլուն հյուրախաղերով հանդես եկավ Չեխիայի, Գերմանիայի, Սլովակիայի նշանավորՙ հնագույն ավանդներ ունեցող փառահեղ համերգային դահլիճներում: Եվրոպայումՙ կարեւոր նշանակությամբ համերգներին հաջորդող մամուլի արձագանքներըՙ պրոֆեսիոնալ եւ արվեստաբանական լուրջ մեկնաբանություններով, նվագախմբի ելույթների մասին եղել են հույժ դրվատալի ու նաեւ պարտավորեցնող: Ամենաբծախնդիր երաժշտական մի քննադատ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը համարել է եվրոպական լավագույն նվագախմբերից մեկը. «Մենք Եվրոպա չգնացինք հերթական հյուրախաղերի, այլՙ եվրոպական նվագախմբերի կողքին մերը ցուցադրելու: Մեզ այնտեղ վերաբերվեցին այնպես, ինչպես Բեռլինի ֆիլհարմոնիկին, դա իմ ամենամեծ ձգտումն է: Ես ուտոպիստ չեմ, բայց երբ գալիս են շնորհավորելու եւ ասումՙ լուրջ երկիր եք, որ նման նվագախումբ ունեք, դա արդեն նշանակություն ունի: Մեր նվագախումբն այն քիչ արժեքներից մեկն է, որ կարող է Հայաստանին պատիվ բերե»լ:
Այս տարի դիրիժոր Էդվարդ Թոփչյանն անհատական հրավերներ է ունեցել Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, աշխատել է Լոս Անջելեսի «Փասադենա» սիմֆոնիկի հիմքի վրա ընդլայնված նվագախմբի հետ: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային շրջագայություններ է ունենալու Փարիզում, Մարսելում, Լիոնում: Իսկ ավելի ուշ հրավերներ են լինելու Վիեննա եւ եվրոպական այլ քաղաքներ:
Էդվարդ Թոփչյանի հետ ավելի հանգամանալից զրույցն «Ազգի» հաջորդ տարվա սկզբներին. անդրադարձ կարվի երաժշտական աշխարհի նորություններին, մեր արդի երաժշտական կյանքի բարոյականությանն ու վիճակին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ